Գլխավոր Լրահոս

Դրմեյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Դրմեյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցվորը պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել՝ հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունները։ Հուլիսի 31-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Դրմեյանը վստահեցրել է, որ վարչապետի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Պահանջում եմ հերքել բոլոր այն հայտարարությունները, որոնք վերաբերում են արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն, Իլիականից ու Ոդիսականից մեջբերումներին (խմբ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին «Տրոյական ձի է անվանել»)։ Պետք է մի ընկալում լինի, որ մեր հայրենիքում չի կարող լինել բռնապետություն»,- ասել է Դրմեյանը։

Հուլիսի 30-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դրմեյանի դեմ, որից հետո Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել հաղորդմանը։ Վարչապետի անուղղակի «մեղադրանքի» հիմքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին սեփականատերերի հետ արբիտրաժային վեճն է։ Ըստ վարչապետի՝ պաշտոնավարման ընթացքում Դրմեյանը հնարավոր է սպասարկել է մասնավոր ընկերության շահերը, տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական շրջանակներին և կազմել փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասել են կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այս համատեքստում վարչապետը Լիպարիտյանին «Տրոյական ձի» է անվանել։

Իր դեմ իրավական գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունները Դրմեյանը կապում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Նա նաև չի բացառում, որ այսպիսով հող է նախապատրաստվում իրեն կալանավորելու համար։

Դրմեյանի և կառավարության միջև հակասությունը հրապարակային էր դարձել, երբ Դրմեյանի ղեկավարած գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, թե Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները պարտադիր կատարման ենթակա են: Վարչապետն էլ պնդել էր՝ կառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի բռնագանձման քայլերն արգելող արբիտրաժի հրատապ որոշումը։

«Կառավարությունը ես եմ: Ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն շենքից դուրս գան, եթե՝ ոչ, ես իրենց կհանեմ»,- 2025-ի օգոստոսին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից հետո վարչապետի որոշմամբ Դրմեյանն ազատվել էր պաշտոնից։

Լիպարիտ Դրմեյանը հունիսի 7-ին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այդ ուժին Փաշինյանն անվանում է «եռագլուխ կուսակցության պոչ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում