Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ են Երևանի չշահագործվող ավտոբուսները մնում հավաքակայաններում՝ մարզերին փոխանցվելու փոխարեն

Ինչո՞ւ են Երևանի չշահագործվող ավտոբուսները մնում հավաքակայաններում՝ մարզերին փոխանցվելու փոխարեն

Սոցիալական ցանցերում տարածվել են Երևանը տարիներ շարունակ սպասարկած տասնյակ ավտոբուսների լուսանկարներ․ դրանք կանգնած են ամայի տարածքում։

Հրապարակումների հեղինակները պնդում են, որ «հարյուրավոր միլիոնների արժողությամբ ավտոբուսները» անգործության են մատնված։ Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կիրակոսյանը հունիսի 27-ին գրել էր․ «Եթե դրանք այլևս պետք չեն Երևանին, ինչո՞ւ չեն փոխանցվում Հայաստանի այն համայնքներին, որոնք դեռևս տարիների հին, մաշված տրանսպորտով են կամ ընդհանրապես հասարակական տրանսպորտ չունեն»։ Այլ էջերում ևս թեման բուռն արձագանք էր ստացել՝ հավաքելով հազարավոր հավանումներ, հարյուրավոր մեկնաբանություններ ու տարածումներ։ 

Թեման այլ էջերի ու օգտատերերի շրջանում ևս բուռն արձագանք էր ստացել։ Ոմանք պնդում էին, թե ավտոբուսները մարզերին փոխանցելու փոխարեն «արևի ու անձրևի տակ փտեցնում են»։

Չշահագործվող ավտոբուսների գերակշիռ մասը մաշված է

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել են, որ ընկերության հաշվեկշռում կա 164 չշահագործվող ավտոբուս՝ 140 «Հայգեր» և 24 «Բոգդան»։

Ինչպես նշում են ընկերությունից, 164 ավտոբուսից 135-ը ամբողջությամբ մաշված է և պիտանի չէ նորոգման։ Մեկնարկել է դրանց օտարման գործընթացն և նախատեսվում է վաճառել աճուրդով։   

Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ ավտոբուսները կվաճառվեն աճուրդով՝ ըստ դրանց տեխնիկական վիճակի։ Օգտագործման համար դեռ պիտանի ավտոբուսները կվաճառվեն որպես տրանսպորտային միջոց, իսկ նորոգման ենթակա չեղողները՝ որպես պահեստամասեր կամ մետաղի ջարդոն։

249 «Հայգեր» ավտոբուսները Չինաստանի կառավարությունը Հայաստանին նվիրաբերել էր, իսկ ուկրաինական «Բոգդան» ավտոբուսները ներկրվել էին 2005-2007 թվականներին։ 

Ինչ վիճակում է գործող շարժակազմը

Ինչ վերաբերում է գործող շարժակազմին, ապա «Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնում են, որ հուլիսի 20-ի դրությամբ հաշվեկշռում գտնվող 852 շահագործվող տրանսպորտային միջոցներից տեխնիկական սպասարկման փուլում է 61-ը։ Դրանցից 1-ը՝ MAN, 34-ը՝ Zhongtong, 11-ը՝ Higer, 15-ը՝ փոքր դասի միկրոավտոբուսներ։

Գրաֆիկը գեներացվել է ԱԲ միջոցով
Գրաֆիկը գեներացվել է ԱԲ միջոցով

Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապահովագրական և դատական գործընթացների պատճառով երթուղուց ժամանակավորապես դուրս է մնացել ևս 4 տրանսպորտային միջոց։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հավաստիացնում են, որ պահեստամասերի անհրաժեշտ պահուստ առկա է, ներկրման ուշացումներ չկան, և տրանսպորտային միջոցները համապատասխան սպասարկման կենտրոններում և հավաքակայաններում երկար ժամանակ անգործ չեն մնում։ 

Մարզերին փոխանցելու հարցը․ քննարկում կա, գործընթաց՝ ոչ

Սոցցանցերում հնչող հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու օգտագործման համար դեռ պիտանի ավտոբուսները չեն փոխանցվում մարզային համայնքներին։

Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ քննարկվում է շահագործումից դուրս բերված, բայց դեռ օգտագործման ենթակա տրանսպորտային միջոցները համայնքներին տրամադրելու հարցը։ Սակայն այս պահին որևէ համայնքի ավտոբուս փոխանցելու գործընթաց չի մեկնարկել։

Այսպիսով, չշահագործվող 164 ավտոբուսից 135-ը ամբողջովին մաշված է և նորոգման ենթակա չէ։ Մնացած պիտանի ավտոբուսները մարզերին փոխանցելու հնարավորությունը քննարկվում է, բայց գործընթացը դեռ իրավական կամ գործնական փուլ չի հասել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում