ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից

ՖԻՖԱ-ն (Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) հրաժարվել է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների կառավարման համար նախատեսված նոր ստորաբաժանման բաժնեմասի վաճառքի ծրագրից՝ տարածաշրջանային ֆուտբոլային կոնֆեդերացիաների կոշտ քննադատությունից հետո։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր 4,2 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը։ Նախատեսվում էր, որ այդ կառույցը կկառավարի ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ Աշխարհի առաջնության առևտրային իրավունքները։
Այս նախաձեռնությունը դժգոհություն էր առաջացրել տարածաշրջանային կոնֆեդերացիաների շրջանում։ Նրանք հայտարարել էին, որ առաջարկի վերաբերյալ նախապես չեն խորհրդակցել իրենց հետ։
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ»,- այսպես էր արձագանքել ՈւԵՖԱ-ն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը։
ՈւԵՖԱ-ն տեղեկացրել էր, որ բոլոր 55 անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը:
Քննադատություններից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը հրաժարվել է ծրագրից՝ «ուշադիր լսելով բոլոր կարծիքները»։
Թեմա











