Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, ինչով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վարորդներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները և հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Հոկտեմբերի 17-ին ժամը 7․00-ից մինչև 13․00-ն երթևեկությունը կսահմանափակվի Հրազդանի կիրճի 5 կիլոմետրանոց հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։ Հոկտեմբերի 17-ի ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21․00-ը փակ է լինելու Զաքյան փողոցը՝ Խորենացի փողոցից մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց ընկած հատվածում։
Հոկտեմբերի 18-ին ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կարգելվի Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց, Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շրջանաձև հատվածում։
Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը փակ կլինեն Թումանյան և Սայաթ-Նովայի փողոցները՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածներում, և Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց։ Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը սահմանափակումները կգործեն Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա, Վարդանանց փողոցում՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց, ինչպես նաև Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներում։
Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն փակ կլինեն Թամանյան փողոցը և Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց հատվածում։ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց, փակ կլինի մինչև ժամը 10․10-ը։ Լեոյի փողոցը և Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց, սահմանափակված կլինեն մինչև ժամը 10․20-ը, իսկ Հնդկաստանի և Ձորափի փողոցները՝ մինչև 10․30-ը։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց, երթևեկությունը կսահմանափակվի մինչև ժամը 14․00-ն, Հրազդանի կիրճում և Նիկիտա Սիմոնյան փողոցում՝ մինչև 14․30-ը։ Բացի այդ, ժամը 7․00-ից մինչև 14․30-ը մասնակի կփակվի Հաղթանակի կամուրջը, իսկ Արգիշտիի փողոցն ու Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում, ամբողջությամբ փակ կլինեն երթևեկության համար։











