Փաշինյանը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին դիմումը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին դիմումը, որն ուղարկվելու է Հանրապետության նախագահին։ Այս մասին նա հայտնել է իր տարածած տեսաուղերձում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը՝ խնդրում եմ ընդունել կառավարության հրաժարականը»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընթերցելով նախագահին ուղղված գրությունը։
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակելու են կատարել իրենց պարտականությունները։
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մեկնարկից հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Խորհրդարանական մեծամասնությունն այսօր նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, որից հետո կկատարվի վարչապետի նշանակումը։
Կազմակերպություն











