Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց վարչապետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ։
Օգոստոսի 2-ին, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի օրը կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Հանրապետության նախագահին։
Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մեկնարկից հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
Փաշինյանը վարչապետի պաշտոնում նշանակվում է արդեն 4-րդ անգամ․
-2018-ի մայիսի 8-ին նա առաջին անգամ ընտրվեց վարչապետ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո,
-2019-ի հունվարի 14-ին երկրորդ անգամ նշանակվեց պաշտոնում՝ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո,
-2021-ի օգոստոսի 2-ին երրորդ անգամ նշանակվեց վարչապետ՝ նույն թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։









