Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք հասած հազարավոր միգրանտներ սկսել են վերադառնալ Մարոկկո՝ հայտարարելով, որ Եվրոպայում նոր կյանք սկսելու իրենց հույսերը չեն արդարացել։
Reuters-ի փոխանցմամբ՝ վերադարձողները նշում են, որ Սեուտայում բախվել են սովին, ուժասպառությանը, փակ խանութներին և տեղի բնակիչների թշնամական վերաբերմունքին։
Վերջին օրերին Սեուտան դարձել էր միգրացիոն ճգնաժամի կենտրոն, երբ շուրջ 50-60 հազար մարդ Մարոկկոյից ցամաքով և ծովով փորձել էր հասնել իսպանական անկլավ։ Նրանց մեծ մասը տնտեսական միգրանտներ ե՝ մարոկկացի երիտասարդներ, որոնք փորձում են հասնել Եվրոպա՝ ավելի լավ աշխատանքի և եկամուտի հույսով։
Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ նրանց ճնշող մեծամասնությունը 48 ժամվա ընթացքում վերադարձել է Մարոկկո, իսկ սահմանը կրկին խստացված հսկողության տակ է վերցվել։
Reuters-ը նշում է՝ միգրանտների մեծ հոսքին նպաստել էին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերն ու կեղծ տեղեկությունները, թե իբր Սեուտա հասնելուց հետո հնարավոր կլինի հեշտությամբ տեղափոխվել Իսպանիայի մայրցամաքային հատված և օրինականացնել կարգավիճակը։ Սակայն, իրականում Սեուտայից դեպի մայրցամաք տեղափոխվելու ճանապարհը փակ է եղել, և հազարավոր մարդիկ մնացել են անկլավում՝ առանց բավարար սննդի և կացարանի։
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դանակով երկու առանձին հարձակումների հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ կասկածյալներից մեկը ձերբակալվել է։ Միաժամանակ Սեուտայում աստիճանաբար վերականգնվում է բնականոն կյանքը, թեև խանութների մեծ մասը դեռ փակ է, իսկ փողոցներում շարունակվում է ուժեղացված պարեկությունը։
Չնայած հազարավոր մարդկանց վերադարձին՝ որոշ միգրանտներ հրաժարվում են լքել Սեուտան։ Սուդանից ժամանած 43-ամյա Մոհամեդ Ահմեդը Reuters-ին ասել է, որ չորս ժամ լողացել է մինչև Սեուտա հասնելը և մտադիր չէ վերադառնալ. «Ես չեմ վերադառնա։ Ավելի լավ է այստեղ փորձելով մեռնեմ, քան հետ գնամ»։
Զանգվածային անցումների ընթացքում բազմաթիվ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 72-ի․ մարդկանց մի մասը խեղդվել է ծովում, մյուսները՝ մահացել սահմանը հատելու ընթացքում առաջացած հրմշտոցի հետևանքով։












