Գլխավոր Լրահոս

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց մեկ ամսով»,- գրել է Մելիքյանը։

Արմեն Աշոտյանի և ևս վեց անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործը վերաբերում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին պատկանած գույքի օտարմանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ Աշոտյանը, որը 2009-2016 թվականներին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գործելով մի խումբ անձանց հետ և անձնական ու խմբային շահերից ելնելով։

Քննիչների վարկածով՝ պետական գույքը դուրս է բերվել կոռուպցիոն սխեմայով

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ գործի շրջանակում քննվող ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից դուրս է բերվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա անբաժանելի մասը կազմող հողամասը։

Խոսքը 451,1 քառակուսի մետր մակերեսով, շուրջ 209 մլն դրամ գնահատված գույքի մասին է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ գույքը փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ՝ ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար։

Նախաքննական մարմնի վարկածով՝ գործին առնչվում են նաև ՊԵԿ նախկին նախագահ, այնուհետև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին, ինչպես նաև Բրյուսովի համալսարանի կառավարման խորհրդի և ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ։

Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը նրան առաջադրված մեղադրանքները չի ընդունում և նախկին նախարարին քաղաքական հետապնդման ենթարկված անձ է համարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում