Գլխավոր Լրահոս

«Հայփոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվո՞ղ կառույց է. Կոնջորյանի պնդման հետքերով

«Հայփոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվո՞ղ կառույց է. Կոնջորյանի պնդման հետքերով

Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պնդել է, թե իր կինը, որը «Հայփոստի» գլխավոր տնօրենն է, պետական բյուջեից աշխատավարձ չի ստանում։

««Հայփոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը և «Հայփոստի» մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել»,- ասել է Կոնջորյանը։

Այս հայտարարությունն արվել է ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե ինչու է «Կոնջորյանի կինը 2020-ից պետական կառավարման հանձնված ընկերությունից ստանում տարեկան 118,000 դոլար աշխատավարձ»։

Կոնջորյանի հայտարարությանը հակադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ «Հայփոստը» վնասով է աշխատում, իսկ դրա գործունեության շարունակականությունն ապահովվում է պետական բյուջեի միջոցներով։

Թեև «Հայփոստի» տնօրենն ու մյուս աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել ուղիղ պետական բյուջեից, ընկերության կանոնադրական կապիտալը 2024-ին ավելացվել է պետական բյուջեի միջոցներով։

Աշխատավարձ չեն ստանում բյուջեից, բայց որքանո՞վ է ինքնաբավ «Հայփոստը»

«Հայփոստի» 100 տոկոս բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Հայփոստ Թրասթ» ԲԲԸ-ին։ Պայմանագրի ժամկետը նախկինում մի քանի անգամ երկարաձգվել էր, սակայն 2020-ին դրա ավարտից հետո «Հայփոստը» վերադարձվեց պետության կառավարմանը։

Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստի» տնօրեն է դարձել 2024-ի նոյեմբերին։

Եթե Կոնջորյանն «ինքնաֆինանսավորվող» ասելով նկատի ունի այն, որ կազմակերպությունն իր ընթացիկ գործունեության ծախսերը հոգում է սեփական եկամուտների հաշվին՝ առանց պետական բյուջեից ընթացիկ ֆինանսավորման, ապա «Հայփոստի» կանոնադրության համաձայն՝ ընկերությունը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն է։ Ընկերությունն իր հիմնական միջոցների տիրապետումն ու օգտագործումն իրականացնում է ինքնուրույն։ Հետևաբար, աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ընկերության ստացած եկամուտների հաշվին, այլ ոչ թե անմիջապես պետական բյուջեից։

Էկրանապատկերը՝ «Հայփոստի» կանոնադրությունից
Էկրանապատկերը՝ «Հայփոստի» կանոնադրությունից

Չնայած «Հայփոստի» տնօրենն ու մյուս աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում պետական բյուջեից, ընկերության կանոնադրական կապիտալը 2024 թվականի օգոստոսի 15-ի կառավարության որոշմամբ ավելացվել է 1 մլրդ 951 մլն դրամով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ 

Էկրանապատկերը՝ arlis.am-ից
Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Արդյունքում, «Հայփոստի» կանոնադրական կապիտալը 520,993 մլն դրամից հասել է 2,472 մլրդ դրամի։

Էկրանապատկերը՝ ընկերության կանոնադրությունից և 2024-ի ֆինանսական հաշվետվությունից
Էկրանապատկերը՝ ընկերության կանոնադրությունից և 2024-ի ֆինանսական հաշվետվությունից

Միևնույն ժամանակ, ընկերության ֆինանսավորման հարցը չի սահմանափակվում միայն ընթացիկ ծախսերով։ Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայփոստը» 2024-ի ապրիլին պայմանագիր է կնքել «Ռենշին» ՍՊԸ-ի հետ՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի ստեղծման նպատակով։

Ըստ պայմանագրի՝ «Հայփոստը» ձեռք բերվող բաժնետոմսերի դիմաց պետք է վճարում կատարեր Սարյան 22 հասցեում գտնվող անշարժ գույքով, որի գնահատված արժեքը կազմել է 6,788 մլրդ դրամ։ Բացի այդ, ընկերությունը պետք է վճարեր հողամասի կադաստրային արժեքը՝ 819,9 մլն դրամ, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ՝ 1.131 մլրդ դրամի չափով։

Սակայն ընկերությունը միջոցների սղության պատճառով չի կարողացել ժամանակին և ամբողջությամբ մարել առաջացող պարտավորությունները։ Այդ պատճառով առաջարկվել է ավելացնել «Հայփոստի» կանոնադրական կապիտալը։

Էկրանապատկերը՝ որոշման հիմնավորումից
Էկրանապատկերը՝ որոշման հիմնավորումից

Հատկանշական է, որ «Հայփոստի» կանոնադրության համաձայն՝ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով և այլ ակտիվներով։

Էկրանապատկերը՝ «Հայփոստի» կանոնադրությունից
Էկրանապատկերը՝ «Հայփոստի» կանոնադրությունից

Այսինքն՝ թեև «Հայփոստի» աշխատակիցների աշխատավարձերը անմիջականորեն չեն ֆինանսավորվում պետական բյուջեից, ընկերության կանոնադրական կապիտալն ավելացվել է հենց պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ 

Ընկերության ֆինանսական վիճակը

Ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ զուտ վնասները 2024-ի համեմատ նվազել են։ Եթե 2024-ին «Հայփոստն» ունեցել է շուրջ 1,40 մլրդ դրամի զուտ վնաս, ապա 2025-ին վնասը կազմել է 523 մլն դրամ։ Միևնույն ժամանակ, ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկ է վճարել։ 2024-ին ընկերությունը վճարել է 3,7 մլրդ դրամի հարկ, իսկ 2025-ին ավելի պակաս՝ 3,4 մլրդ դրամ։

Ընկերության հասույթը, ըստ 2024-ի ֆինանսական հաշվետվության, 2024-ին կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ, համախառն շահույթը շուրջ 1,48 մլրդ դրամ։ 2025-ին հասույթն ավելի քիչ է եղել՝ կազմելով 9,1 մլրդ դրամ, իսկ համախառն շահույթը կազմել է շուրջ 1,03 մլրդ դրամ։

2024-ին «Հայփոստի» իրացման ծախսերը, ըստ ֆինանսական հաշվետվության, կազմել են 43 մլն դրամ, 1,74 մլրդ դրամ վարչական ծախսերը և շուրջ 874 մլն դրամ այլ ծախսերը։ 2025-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Հայփոստի» իրացման ծախսերը 2025-ին կազմել են շուրջ 40,5 մլն դրամ, վարչական ծախսերը՝ 1,74 մլրդ դրամ։ Ընկերությունն ունեցել է 84 մլն դրամի այլ ծախսեր։

Այսպիսով, թեև «Հայփոստի» աշխատակիցները, այդ թվում՝ տնօրենը, աշխատավարձ չեն ստանում անմիջապես պետական բյուջեից, սակայն 2024-ին ընկերության կանոնադրական կապիտալը ավելացվել է պետական միջոցների հաշվին։ Պատճառը ընկերության ֆինանսական դժվարություններն էին, որոնց հետևանքով այն չէր կարողացել ամբողջությամբ և ժամանակին կատարել իր պարտավորությունները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում