Գլխավոր Լրահոս

«Գաղտնազերծումներից» մինչև «լավ լուրեր»․ կեղծ լրատվական էջերի նույն սխեման

«Գաղտնազերծումներից» մինչև «լավ լուրեր»․ կեղծ լրատվական էջերի նույն սխեման

«Մեծ գաղտնազերծում», «շոկի մեջ գցեց բոլորիս», «լավ լուր», «միայն թե իմանաք»․ այսպիսի վերնագրերով գրառումները շարունակում են հայտնվել հայկական սոցցանցերի բազմահազար հետևորդներ ունեցող էջերում։ 

Հրատապության տպավորություն ստեղծող ձևակերպումներով գրառումները օգտատերերին ուղղորդում են բացել կցված հղումները, մինչդեռ դրանք տանում են բոլորովին այլ բովանդակությամբ էջեր։ Խոստացված «գաղտնազերծման» կամ «շոկային որոշման» փոխարեն տեղադրված են հին հրապարակումներ, նյութեր, այլ թեմայով օտարալեզու տեքստեր։ 

«Վարչապետը քիչ առաջ բացեց խաղաքարտերը»

Blogger  և Hay Blog բազմահազարանոց հետևորդներով ֆեյսբուքյան էջերը սեպտեմբերի 7-ին տարածել են՝ «Այսօր մի մեծ գաղտնազերծում կլինի. վարչապետը քիչ առաջ բացեց խաղաքարտերը» վերտառությամբ գրառում։ 

Գրառմանը կից պատկերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է` ձեռքին Ռոբերտ Քոչարյանի նկարը՝ ճաղերի հետևում։ Հղումը տանում է https://1in.24newsarm[.]ru կայքի՝ «Inch e spasvum» լատինատառ վերնագրով էջ, որտեղ, սակայն, խոստացված «մեծ գաղտնազերծումը» չկա։ 

Հիմնական տեքստը անգլերեն է և իրականում Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ մեկ օր առաջ հրապարակած ֆեյսբուքյան գրառման թարգմանությունն է։ Գրառումը որևէ «գաղտնազերծման» չի վերաբերում․ դրանով Սիմոնյանը պարզապես շնորհակալություն է հայտնում հարսանիքից հետո իրեն և ընտանիքին ուղղված շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։

«Հոդվածում» այնուհետև տեղադրված է Perfect TV-ի յութուբյան էջում սեպտեմբերի 6-ին հրապարակված՝ «Մի մեծ գաղտնազերծում կլինի. վարչապետն այսօր պայթեցրեց համացանցը» վերնագրով տեսանյութը։ Սակայն այն նոր տեսանյութ չէ․ կադրերը վերցված են ԱԺ նախորդ գումարման՝ ապրիլի 16-ի նիստից։ Այդ հատվածում որևէ հայտարարություն չկա, որը կհամապատասխաներ ո՛չ Perfect TV-ի տեսանյութի վերնագրին, ո՛չ էլ այն տարածող սոցցանցային գրառումների ու հրապարակումների պնդումներին։

Ինչ վերաբերում է տարածվող լուսանկարին, որտեղ Ռոբերտ Քոչարյանը պատկերված է ճաղերի հետևում, այն իրական լուսանկար չէ։ Պատկերը ստեղծվել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի էկրանապատկերը արհեստական բանականության (AI) գործիքներով փոփոխելու միջոցով։

«Պուտինի նոր որոշումը շոկի մեջ գցեց բոլորիս» 

Սեպտեմբերի 6-ին տարածվել է նաև մեկ այլ գրառում՝ «Հայեր ջան, իմացեք սա, եթե մեկնելու եք Մոսկվա. Պուտինի նոր որոշումը շոկի մեջ գցեց բոլորիս» վերնագրով։

Այս անգամ ևս հղումը տանում է https://1in.24newsarm[.]ru կայքի մեկ այլ՝ «Putini nor voroshume» վերնագրով հոդված։ Սակայն այստեղ ևս բովանդակությունը վերնագրի հետ կապ չունի․ հիմնական տեքստը անգլերեն է և կրկին Ալեն Սիմոնյանի նույն շնորհակալական գրառումն է։

Էջի ավելի ներքևում տեղադրված է հայերեն էկրանապատկեր, որը վերցրված է 2026-ի մարտի 1-ի լրատվական հրապարակումից, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կկարողանան մուտք գործել միայն անձնագրերով։

Այսինքն՝ «Պուտինի նոր որոշումը» ներկայացնող սոցցանցային գրառումը օգտատիրոջը չի տանում նոր որոշման կամ դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության։ Փոխարենը՝ հղման էջում կրկին հայտնվում է այլ թեմայով բովանդակություն և ամիսներ առաջ հրապարակված նյութի էկրանապատկեր։

«Գիշերը Քոչարյանը բանտում ահավոր վատացավ» 

Մեկ այլ հրապարակում տարածվում է «Գիշերը Քոչարյանը բանտում ահավոր վատացավ. Դուք սա դեռ չէիք տեսել. Ահա՝ ինչ է տեղի ունեցել» վերնագրով։

Հղմամբ բացվող՝ «Aha inch e texi unecel» էջում կրկին տեղադրված է արհեստական բանականությամբ գեներացված պատկեր՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ։ Սակայն էջի բովանդակությունը վերնագրի հետ որևէ կապ չունի։ Անգլերեն տեքստում ներկայացված են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի խոսքերը, իսկ կցված տեսանյութը կրկին ԱԺ ապրիլի 16-ի նիստից է՝ Փաշինյանի՝ բոլորովին այլ թեմայի վերաբերյալ ելույթով։

Էկրանապատկերը՝ Blogger ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ Blogger ֆեյսբուքյան էջից

«Լավ լուր կենսաթոշակառուների համար»

Բացի քաղաքական «սենսացիաներից», ֆեյսբուքյան այս էջերում հաճախ տարածվում են նաև սոցիալական նպաստների կամ կենսաթոշակների բարձրացման մասին աղմկահարույց գրառումներ։

«Ստորագրել եմ, հայեր ջան… Լավ լուր կենսաթոշակառուների համար. Իմացեք սրա մասին» գրառումը, որն ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի՝ սրտիկ ցույց տվող լուսանկարով, կառուցված է նույն սկզբունքով․ վերնագիրն ու կից նյութի բովանդակությունը միմյանց չեն համապատասխանում։

Էջում տեղադրված անգլերեն տեքստը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտե տանելու մասին տեղեկությանը։ Իսկ կցված էկրանապատկերը 2025-ի հոկտեմբերին հրապարակված բոլորովին այլ նյութից է, որը վերաբերում էր անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգելուն։

Էկրանապատկերը՝ Hay Blog ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ Hay Blog ֆեյսբուքյան էջից

Ինչպես ճանաչել մանիպուլյատիվ (Clickbait) բովանդակությունը 

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերի տարածած մոլորեցնող հրապարակումներին։

Տե՛ս նաև՝ Ինչպես են «սունկ» կայքերն ու ֆեյսբուքյան էջերը կեղծ «կարևոր լուրերով» հավաքում դիտումներ

Դիտարկված բոլոր օրինակներում կրկնվում է նույն սխեման՝ սենսացիոն վերնագիր, կեղծված կամ արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր և վերնագրին չհամապատասխանող բովանդակություն։

Ֆեյսբուքյան գրառումներով նախ ստեղծվում է հրատապության, «գաղտնազերծման» կամ էմոցիոնալ շոկի տպավորություն։ Դրանց կցված պատկերները հաճախ գեներացված կամ փոփոխված են AI գործիքներով, իսկ հղումը բացելուց հետո խոստացված տեղեկությունը պարզապես չկա։ Փոխարենը հրապարակվում են հին տեսանյութեր, թեմայի հետ կապ չունեցող անգլերեն տեքստեր կամ այլ իրադարձությունների ու գործիչների վերաբերյալ նյութեր։

Այսպիսի հրապարակումների հիմնական նպատակը օգտատերերին իրազեկելը չէ, այլ «սունկ» կայքերի դիտումներն ավելացնելը և դրանց միջոցով գովազդային եկամուտներ գեներացնելը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում