Գլխավոր Լրահոս

Ինչպես են «սունկ» կայքերն ու ֆեյսբուքյան էջերը կեղծ «կարևոր լուրերով» հավաքում դիտումներ

Ինչպես են «սունկ» կայքերն ու ֆեյսբուքյան էջերը կեղծ «կարևոր լուրերով» հավաքում դիտումներ

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մայիսի 14-ից տարածվում են գրառումներ՝ «Կարևոր՝ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների համար. մանրամասները մեկնաբանության մեջ» վերտառությամբ։ Գրառումը օգտատերերին ուղղորդում է բացել կցված հղումը, այն տանում է անգլալեզու հոդվածի, որտեղ խոստացված տեղեկությունը չկա։

Ֆեյսբուքյան կեղծ և մանիպուլյատիվ էջերը նման հրապարակումներով փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ օգտագործելով ողբերգական և հետաքրքրաշարժ ձևակերպումներ, օրինակ՝ «Կարևոր», «համայնքապետարանից զգուշացնում են»:

Նմանատիպ բովանդակությամբ գրառումները տարածվում են մինչև 100 հազարավոր հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերում, այդ թվում՝ Blogger.am, Միասնական Հայաստան, Աֆորիզմներ և այլն։ 

#CivilNetCheck-ը պարզել է, որ այդ հրապարակումները կառուցված են clickbait մեխանիզմներով։ Clickbait-ը («խայծ-վերնագիր») մոլորեցնող և չափազանցված ձևակերպումներով գրված վերնագիր կամ գրառում է, որի նպատակը օգտատիրոջը հղման վրա սեղմել դրդելն է։ 

Կրթական համակարգի «կարևոր լուրը»

Իբր կրթական համակարգի «կարևոր լուրի» մասին գրառման մեկնաբանությունում տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ գրեթե նույն վերնագրով։ Սակայն հղումը բացելուց հետո երևում է անգլալեզու տեքստ։

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստում պնդվում է, որ կրթական համակարգում «կարևոր լուր» է տարածվել, որը ժամերի ընթացքում խուճապ է առաջացրել ծնողական խմբերում և սոցիալական ցանցերում։ Սակայն ողջ տեքստում չի նշվում, թե որն է այդ լուրը, ինչ փոփոխություն է տեղի ունեցել կամ ինչ կոնկրետ որոշում է կայացվել։ 

Հղում է արվում անանուն «ծնողների», «դասղեկների», «կրթության պաշտոնյաների» և «անանուն ուսուցիչների»։ Գրված է, թե երեխաները հոգեբանական ծանր վիճակում են, իսկ դպրոցներում «մթնոլորտը կտրուկ փոխվել է», սակայն չի նշվում, թե որ դպրոցներում է այդ ամենը արձանագրվել։ 

Սակայն, իրականում կրթական համակարգում նմանատիպ համատարած խուճապի կամ արտառոց իրադարձության մասին որևէ հավաստի տեղեկատվություն կամ պաշտոնական աղբյուր չկա։ 

Արարատի համայնքապետարանի «զգուշացումը»

Ֆեյսբուքյան նույն էջերը վերջին օրերին տարածել են նաև «Ուշադրություն. Արարատի համայնքապետարանից զգուշացնում են. մանրամասները՝ մեկնաբանությունում » վերտառությամբ գրառումներ։ Այս դեպքում էլ մեկնաբանություններում տեղադրված է yer.arminfonews[.]ru հղումը՝  նույն վերնագրով և անգլալեզու տեքստով։ Գրառմանը կցված է զինծառայողի նկար, որից  տպավորություն է ստեղծվում, թե խոսքը սահմանային լարվածության մասին է, սակայն որևէ նմանատիպ բան հոդվածում չի նշվում:

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստում պնդվում է, թե Արարատի համայնքապետարանը հրապարակել է «լուրջ նախազգուշացում», որը բնակիչների շրջանում վախի և անհանգստության ալիք է առաջացրել։ Սակայն նորից չի նշվում, թե կոնկրետ ինչի մասին է նախազգուշացումը։

Հղում է արվում անանուն «ականատեսների», «համայնքապետարանի պաշտոնական հայտարարությանը», «մասնագետների» և մի «տարեց բնակչի»։ Գրված է, թե «իրավիճակը արագորեն դուրս եկավ վերահսկողությունից», և մարդիկ «խմբերով հավաքվել են» փողոցներում, սակայն չկա որևէ լուսանկար, տեսանյութ կամ պաշտոնական փաստաթղթի հղում, որը կհաստատի նման իրադարձության գոյությունը։ 

Ըստ տեքստի՝ սոցիալական ցանցերում մարդիկ տարածում են «սարսափելի պատմություններ»։ Սակայն իրականում նշված ժամանակահատվածում Արարատի մարզում կամ համայնքապետարանում որևէ արտակարգ իրավիճակ կամ պաշտոնական նմանատիպ նախազգուշացում չի հայտնաբերվել։ 

Այսպիսով, ֆեյսբուքյան տարբեր էջեր և «սունկ» կայքեր տարածում են կեղծ ու մոլորեցնող տեղեկություններ՝ օգտատերերին հղումներով իրենց կայքեր ուղղորդելու համար։ Նրանց հիմնական նպատակը կայքերի այցելությունների քանակը ավելացնելն է, որպեսզի գովազդներից ֆինանսական շահույթ ստանան։ Նման կայքերը հաճախ լի են անորակ գովազդներով, իսկ հրապարակումների մի մասը նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով են՝ ավելի մեծ լսարան ներգրավելու համար։ 

Տես նաև՝ «Առավոտյան ամեն ինչ փոխվեց», «Փաշինյանը անելու է դա»․ ինչպես են սունկ կայքերը որսում օգտատերերի ուշադրությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում