«Առավոտյան ամեն ինչ փոխվեց», «Փաշինյանը անելու է դա»․ ինչպես են սունկ կայքերը որսում օգտատերերի ուշադրությունը

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մայիսի 12-ից տարածվում են գրառումներ՝ «Առավոտյան ամեն ինչ փոխվեց․ կենտրոնական բանկը նոր ու զարմանալի փոխարժեքներ է. մանրամասները՝ մեկնաբանությունում» վերտառությամբ։
Գրառումը օգտատերերին ուղղորդում է բացել կցված հղումը, սակայն այն տանում է անգլալեզու հոդվածի, որտեղ խոստացված տեղեկությունը բացակայում է։ Հոդվածը որևէ կապ չունի վերնագրում նշված «նոր փոխարժեքների» հետ և չի պարունակում Հայաստանի կենտրոնական բանկի կամ փոխարժեքների վերաբերյալ տվյալներ։
Ֆեյսբուքյան կեղծ և մանիպուլյատիվ էջերը նման հրապարակումներով փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ օգտագործելով սկանդալային, դրամատիկ և հետաքրքաշարժ ձևակերպումներ, օրինակ՝ «Առավոտյան ամեն ինչ փոխվեց», «Փաշինյանը անելու է դա», «Հերթական սկանդալն է հասունանում»։
Նմանատիպ բովանդակությամբ գրառումները տարածվում են մինչև 100 հազարավոր հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերում, այդ թվում՝ Blogger.am, Միասնական Հայաստան, Աֆորիզմներ և այլն։
#CivilNetCheck-ը պարզել է, որ այդ հրապարակումները կառուցված են clickbait մեխանիզմներով։ Clickbait-ը («խայծ-վերնագիր») մոլորեցնող և չափազանցված ձևակերպումներով գրված վերնագիր կամ գրառում է, որի նպատակը օգտատիրոջը հղման վրա սեղմել դրդելն է։
Կենտրոնական բանկի առավոտյան «լուրը»
Իբր Կենտրոնական բանկի (ԿԲ) «ցնցող որոշման» մասին գրառման մեկնաբանությունում տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ նույն վերնագրով։ Սակայն հղումը բացելուց հետո երևում է անգլալեզու տեքստ, որը որևէ կապ չունի Հայաստանի ԿԲ-ի կամ փոխարժեքների հետ։

Տեքստում պնդվում է, թե ԿԲ-ն հրապարակել է «նոր փոխարժեքներ», որոնք իբրև թե «ցնցել են մարդկանց» և «քաոս առաջացրել»։ Սակայն նյութում որևէ կոնկրետ փոխարժեք կամ թիվ նշված չէ։
Հոդվածում հիշատակվում են անանուն «մարդիկ», «բանկի աշխատակիցներ» ու «տնտեսագետներ», խոսվում է «հսկայական հերթերի» և «խուճապի» մասին, սակայն որևէ լուսանկար, տեսանյութ կամ այլ ապացույց չի ներկայացվում։ Միաժամանակ վերջին օրերին նմանատիպ ֆինանսական խուճապ կամ արտակարգ ակտիվություն չի արձանագրվել։
Հրապարակման մեջ օգտագործվում են clickbait-ին բնորոշ չափազանցված ձևակերպումներ՝ «թվերը բառացիորեն ցնցեցին», «մեկ առավոտը բավական էր ծրագրերը կործանելու համար», «խուճապն ավելի սրվեց»։ Դրանց նպատակը օգտատիրոջը հղման վրա սեղմել դրդելն է։
Նիկոլ Փաշինյանի «ցնցող» որոշումը
Ֆեյսբուքյան նույն էջերը վերջին օրերին տարածել են նաև «Փաշինյանը անելու է դա․ ամեն ինչ արդեն որոշված է․ մանրամասները՝ մեկնաբանությունում» վերտառությամբ գրառումներ։ Դրանց մեկնաբանություններում ևս տեղադրված է yer.arminfonews[.]ru հղումը՝ գրեթե նույն վերնագրով և անգլալեզու տեքստով, որը որևէ կապ չունի վերնագրում արված պնդումների հետ։

Տեքստում նկարագրվում է իբրև գաղտնի և լարված իրավիճակ․ նշվում է, թե կառավարական շենքերում «ամբողջ գիշեր լույսերը չեն անջատվել», իսկ իշխանությունները պատրաստվում են որոշման, որը «փոխելու է ամեն ինչ»։ Սակայն հրապարակման մեջ բացակայում են որևէ փաստաթուղթ, պաշտոնական աղբյուր կամ կոնկրետ որոշման նկարագրություն։
Նյութը կառուցված է անանուն աղբյուրների վրա՝ «իշխանություններին մոտ կանգնած անձինք», «պաշտոնյա», «վերլուծաբան» և այլն։ Միաժամանակ խոսվում է ուժեղացված անվտանգության, փակ հանդիպումների և «մգացված մեքենաների» մասին, սակայն որևէ տեսողական ապացույց չի ներկայացվում։
Չնայած պնդումներին, վերջին օրերին նմանատիպ արտակարգ իրավիճակի, պաշտոնական որոշման կամ լայն հանրային արձագանքի վերաբերյալ տեղեկություններ չեն արձանագրվել։
Լուիզա Ղամբարյանի «սկանդալն» ու Ռոբերտ Քոչարյանի նկարը
Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են նաև «Հերթական սկանդալն է հասունանում․ տեսեք, թե քիչ առաջ ինչ արեց Լուիզա Ղամբարյանը մանրամասները՝ մեկնաբանությունում» վերտառությամբ գրառումներ։ Դրանց մեկնաբանություններում կրկին տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ մանիպուլյատիվ վերնագրով և անգլալեզու տեքստով։

Հրապարակման լուսանկարում երևում են Լուիզա Ղամբարյանը ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հոդվածի բովանդակության մեջ Քոչարյանի անունը նույնիսկ չի հիշատակվում։
Տեքստում նկարագրվում է իբրև հանրային միջոցառման ընթացքում տեղի ունեցած «սկանդալային միջադեպ», որի մասին, ըստ հոդվածի, տարածվել են տեսանյութեր և սկսվել են բուռն քննարկումներ։ Սակայն հրապարակման մեջ որևէ տեսանյութ, լուսանկար կամ այլ ապացույց չկա։
Նյութում կրկին օգտագործվում են անանուն աղբյուրներ՝ «ականատեսներ», «լրագրողներ», «հայտնիներ», ինչպես նաև չափազանցված ձևակերպումներ՝ «իրավիճակը շատ ավելի լուրջ էր», «տարվա ամենամեծ սկանդալը», «նրան այդ կետին հասցրին»։ Միևնույն ժամանակ նման դեպքի վերաբերյալ որևէ իրական հանրային արձագանք կամ լայն քննարկում չի արձանագրվել։
Այսպիսով, ֆեյսբուքյան տարբեր էջեր և «սունկ» կայքեր տարածում են մոլորեցնող տեղեկություններ՝ օգտատերերին հղումներով իրենց կայքեր տեղափոխելու նպատակով։ Նպատակը կայքերի այցելությունների թիվը մեծացնելն է՝ գովազդից եկամուտ ստանալու համար։ Այդ կայքերը սովորաբար լցված են ցածրորակ և ագրեսիվ գովազդներով, իսկ հրապարակումների մի մասը տեղադրվում է նաև ռուսերեն և անգլերեն՝ ավելի լայն լսարան թիրախավորելու համար։
Տես նաև՝ «Քլիքբեյթ» և խուճապի տարածում․ տելեգրամյան ալիքների և կասկածելի կայքերի «խայծերը»:
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










