Միգրանտներ, «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստան․ ի՞նչ պնդումներ տարածվեցին իտալական հրապարակումից հետո

Իտալական Corriere della Sera պարբերականը օգոստոսի 2-ին հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Իտալիան առաջարկում է ԵՄ-ից դուրս ստեղծել անօրինական միգրանտների վերադարձի նոր կենտրոններ՝ «Ալբանիայի մոդելով»։ Ըստ հրապարակման՝ նախնական երկրների ցանկում նշված էր նաև Հայաստանը։
«Արդեն կա այն երկրների նախնական ցանկը, որոնք կարող են ներգրավվել նախաձեռնությանը։ [...] Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան [...]»,- նշված է հոդվածում։
Նույնաբովանդակ տեղեկություն հետագայում տարածել էր նաև Euronews-ը։
Հրապարակումը լայն տարածում գտավ և քննարկումների առիթ դարձավ։ Միգրանտների հնարավոր տեղափոխումը կապվեց նաև «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակում ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջների հետ։
Միգրանտների թեման կապվեց «Արևմտյան Ադրբեջանի» մասին պնդումների հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը օգոստոսի 4-ին տելեգրամի և ֆեյսբուքի իր էջերում գրել էր, որ Հայաստանը կարող է վերածվել աֆրիկյան և ասիական միգրանտների «միջանկյալ բնակության» տարածքի։
Նա նաև թեման կապել էր «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի հետ՝ դրանք ներկայացնելով որպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու միասնական ծրագիր. «Մի կողմից՝ ադրբեջանական ռևանշիստական հավակնությունները «Արևմտյան Ադրբեջանի» կարգախոսների ներքո, մյուս կողմից՝ միգրանտների հնարավոր տեղակայումը…»։ Աբովյանի պնդումները տարածվել են մի շարք այլ տելեգրամյան ալիքներում, նաև լրատվամիջոցներում:
Նմանատիպ տեսակետ էր հայտնել նաև քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ պնդելով, թե «Ալիևի պահանջով ադրբեջանցիների վերաբնակեցումը» և ԵՄ հազարավոր ադրբեջանցիների կամ սոմալացիների բնակեցումը կփոխի Հայաստանի «ժողովրդագրական խճանկարը» և կարագացնի երկրի «ինտեգրումը թյուրքական աշխարհին»։

Զուգահեռաբար սոցցանցերում սկսեց տարածվել տեսանյութ, որը մեծ հավանականությամբ ստեղծված է ԱԲ-ի միջոցով։ Տեսանյութում պնդում էր արվում, թե «միգրանտների պատմությունը թոզ է աչքերին փչելու համար, իսկ իրական նպատակը մեր գյուղերն ու քաղաքները թուրքերով լցնելն է»։

Ցանկը փոխվել է. ԱԳՆ-ն պնդում է՝ նման առաջարկ չի ստացել
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը օգոստոսի 4-ին հայտարարել է, որ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։
«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։
Նույն օրը՝ օգոստոսի 4-ին, Corriere della Sera-ն հանդես է եկել նոր հրապարակմամբ, որտեղ արդեն քննարկվող երկրների նախնական ցանկը կրճատված է։ Հրապարակման մեջ որպես հնարավոր տարբերակ մնացել են միայն աֆրիկյան երեք երկրներ՝ Ռուանդան, Ուգանդան և Գանան։

Այսպիսով, Հայաստանում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ որևէ առաջարկ կամ բանակցություն Հայաստանին չի ներկայացվել։ Իտալական մամուլում շրջանառված նախնական ցանկն արդեն իսկ փոփոխվել է, և Հայաստանն այնտեղ ներառված չէ։
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










