ԱՄՆ պաշտոնյան հերքում է՝ TRIPP-ի ֆինանսավորումը չի կրկնապատկվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 ի օգոստոսի 5-ին Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ հանդիպումը։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության։
Նիկոլաս Կաստիլիո, Փոլ Վարդան Սուքիասյան
Հայկական լրատվամիջոցներում օգոստոսի 3-ից լայնորեն քննարկվում է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տարանցիկ նախագծի ֆինանսավորման թեման։
Լրատվամիջոցները, հիմնվելով ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանի՝ USAspending.gov և այլ աղբյուրների վրա, գրել էին, թե ԱՄՆ-ն կրկնապատկել է «TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի» (TRIPP+ Enterprise Fund) միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի:

«TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը» հիմնադրվել է 2026-ի հունվարի 26-ին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հունվարի 13-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո:
Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել էին փաստաթուղթ, որի համաձայն՝ նրանք հիմնելու էին Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ «TRIPP զարգացման ընկերություն» (TRIPP Development Company): Ընկերության 26%-ի բաժնետերը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 74%-ինը՝ ԱՄՆ-ն։
«TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը» և «TRIPP զարգացման ընկերությունը» տարբեր ընկերություններ են։ «TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը» նախատեսված է՝ զբաղվելու Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքային նախագծի մշակմամբ և իրականացմամբ։
«TRIPP զարգացման ընկերությունը» պետք է գործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։
Ի տարբերություն զարգացման ընկերության՝ «TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը» ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Դրա ղեկավար է նշանակվել գործարար Կոնստանտին Սոկոլովը։
Դելավերում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը, սակայն, ներկայացված է նաև Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ (Trans-Caspian Enterprise Fund) անունով։
Թեև լրատվամիջոցները գրել էին ֆոնդի կրկնապատկման մասին, ՍիվիլՆեթի հետ զրույցում ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը, որը ներգրավված է TRIPP նախագծի իրականացման համակարգման աշխատանքներում, հերքել է 402 մլն դոլարի ֆինանսավորման մասին լուրերը։
Հարցին, թե արդյոք նախագծի ֆինանսավորումն իսկապես կրկնապատկվել է, նա պատասխանել է, որ այն մնում է 201 մլն դոլար։
«Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այս պահին հաստատվել է 201 մլն դոլարի հատկացում։ Այդ միջոցները կներդրվեն TRIPP նախագծի և դրա հետ կապված նախաձեռնությունների զարգացման համար»,- ասել է Լայթսթոունը ՍիվիլՆեթին։
«Ես այդ 201 մլն դոլարը դիտարկում եմ ոչ թե որպես առավելագույն սահման, այլ որպես մեկնարկային շեմ»,- ասել է նա։ Այս ձևակերպմամբ Լայթսթոունը ակնարկել է, որ նախագծի զարգացմանը զուգընթաց կարող են հատկացվել նաև լրացուցիչ միջոցներ։
Այս շաբաթ Լայթսթոունը և ռուսական ծագմամբ ամերիկացի գործարար Կոնստանտին Սոկոլովը այցելել էին Հայաստան՝ TRIPP նախագծի շուրջ հայկական կողմի հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ հայկական կողմը չի հայտարարել, որ TRIPP-ի հետ կապված ծրագրերի ֆինանսավորումն ավելացել է։
USAspending.gov կայքում դրամաշնորհի վերաբերյալ գրառման մեջ առկա նշումը, ըստ երևույթին, բացատրում է առաջացած անհամապատասխանությունը։ Այն ցույց է տալիս, որ գործող 201 մլն դոլարի հատկացումը փոխարինվում է նույն չափի ֆինանսավորմամբ՝ ԱՄՆ կառավարության մեկ այլ աղբյուրից, իսկ նախնական 201 մլն դոլարի հատկացումը հետագայում կչեղարկվի։ Հաշվապահական այս երկու գործողություններն էլ, հավանաբար, ստեղծել են տպավորություն, թե կայքում նշված ֆինանսավորումը հասել է 402 մլն դոլարի։
«ԱՄՆ կառավարությունը բարեգործությամբ չի զբաղվում։ Այն զբաղվում է ռազմավարական ներդրումներով։ Իսկ եթե ռազմավարական ներդրող ես և տեսնում ես, որ ներդրումն արդյունավետ է, ապա այդ ներդրման համար հասանելի կապիտալի սահմանափակում, ըստ էության, չկա»,- ՍիվիլՆեթին ասել է Լայթսթոունը։

Հասանելի է
english










