Գլխավոր Լրահոս

Ինչ-որ բան պարտադրելու լծակները Արևմուտքում չեն, Հարավում չեն և Արևելքում չեն. Փաշինյան

Ինչ-որ բան պարտադրելու լծակները Արևմուտքում չեն, Հարավում չեն և Արևելքում չեն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի նպատակն է ստեղծել քաղաքական և տնտեսական այլընտրանքներ, ինչը ցանկացած ինքնիշխան պետության օրինական իրավունքն է:

Օգոստոսի 7-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ոչ թե խոչընդոտի Հայաստանի` այլընտրանքներ ստեղծելու գործընթացին, այլ աշխատի սեփական գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Ներկա պահին Եվրասիական տնտեսական միության համար լավագույն դիրքորոշումը կլիներ ոչ թե այս գործընթացը տորպեդահարելը, այլ հակառակը՝ աշխատել ԵԱՏՄ մրցունակության և գրավչության բարձրացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է, և Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Երևանի համար կարևոր է մնալ կառույցի կազմում:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեին, որի անհրաժեշտության վերաբերյալ այս տարվա մայիսի վերջին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել ՌԴ-ն ու ԵԱՏՄ մյուս գործընկեր պետությունների ղեկավարները, Փաշինյանը նշել է, որ նախքան ընտրություն կատարելը, պետք է ստեղծել այդ ընտրության հնարավորությունը: Նա հաստատել է, որ հանրաքվե անպայման տեղի կունենա, սակայն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնի։

«Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, քանի որ գոյություն չունի դրա առարկան։ Պատկերացնենք՝ հիմա մենք կազմակերպում ենք այն, և պետք է կողմնորոշվել Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի միջև։ Քաղաքացիները հարցնելու են՝ իսկ ի՞նչ հեռանկարներ ունենք ԵՄ անդամ դառնալու համար, ո՞րն է մեր ճանապարհային քարտեզը... Այս բազմաթիվ հարցերի պատասխանները մենք չունենք, ոչ ոք չունի»,- պարզաբանել է նա:

Խոսելով Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Փաշինյանը քննադատել է Ռուսաստանի կիրառած վերջին սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ՝ ընդգծելով, որ նման քայլերը Հայաստանում միայն բացասական ընկալում են հրահրում ԵԱՏՄ-ի նկատմամբ: Նրա խոսքով՝ միության հիմնարար սկզբունքների խախտումը վկայում է հենց ԵԱՏՄ-ի ներսում առկա խնդիրների մասին:

«Այն, ինչ հիմա կատարվում է հայկական ապրանքների հետ կապված, իհարկե, խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց դա էլ ավելի մեծ խնդիր է ԵԱՏՄ-ի համար, որովհետև գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում: Եթե չեն գործում սկզբունքները, նշանակում է՝ կառույցը չի աշխատում»,- շեշտել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացիային՝ վարչապետը նկատել է, որ դա տևական ժամանակ իրականացվող քաղաքականություն է: Նաև հավելել, որ այս գործընթացը ինչ-որ առումով խթանվել է ԵԱՏՄ որոշ գործընկերների հայտարարություններով առ այն, թե Հայաստանը «ոչ մեկին պետք չէ, և նրան ոչ մի տեղ չեն սպասում»: Ըստ Փաշինյանի՝ Երևանն այդ ուղերձն ընդունել է ոչ թե բացասական, այլ դրական համատեքստում և սկսել է աշխատել հակառակն ապացուցելու ուղղությամբ։

Խոսելով Եվրամիության հետ առևտրաշրջանառության ծավալների մասին, Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ն շոշափելի առևտրատնտեսական գործընկեր է Հայաստանի համար: Վարչապետը նաև հերքել է ՌԴ պաշտոնյաների Հայաստանի վրա Բրյուսելի ենթադրյալ ճնշումների մասին պնդումները: «Եթե ինչ-որ մեկն ունի լծակներ՝ ինչ-որ բան պարտադրելու կամ ստիպելու համար, ապա այդ լծակները հաստատ Բրյուսելում չեն, Արևմուտքում չեն, Հարավում չեն և Արևելքում չեն», - ասել է Փաշինյանը իր խոսքում չմատնանշելով «Հյուսիս»-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում