Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿՄ) կուսակցության 13-րդ համագումարը ընտրել է ժամանակավոր ղեկավար խորհուրդ, որը վեց ամսով կստանձնի կուսակցության նախագահի և գլխավոր քարտուղարի լիազորությունները։
ՄԱԿՄ-ն փորձում է բարեփոխել իր կառավարման կառուցվածքը՝ կուսակցության ապագայի և որպես Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժի իր դերի շուրջ ընթացող ներքին քննարկումների ֆոնին։
Կուսակցությունը շարունակում է մնալ իշխող «Վրացական երազանքի» քննադատության հիմնական թիրախներից մեկը. իշխող ուժը պարբերաբար քննադատում է ՄԱԿՄ-ին և դրա հիմնադիր, բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
ՄԱԿՄ ղեկավարության խոսքով՝ փոփոխությունները կառավարման նոր մոդելի մաս են, որի շրջանակում մեկ առաջնորդի վրա հիմնված համակարգը կփոխարինվի ավելի հորիզոնական կառավարման ձևով։
Ժամանակավոր ղեկավար խորհուրդն ունի ութ անդամ՝ Պետրե Ցիսկարիշվիլին, Իրակլի Պավլենիշվիլին, Աննա Ցիտլիձեն, Լաշա Պարուլավան, Գիորգի Չալաձեն, Լևան Բեժաշվիլին, Գիորգի Բոտկովելին և Իրակլի Նադիրաձեն։
Խորհրդի ժամանակավոր ղեկավար է ընտրվել Պավլենիշվիլին։
Համագումարում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ ծնունդով Էրեդվի գյուղից է, որը 2008-ին անցել է Հարավային Օսիայի վերահսկողության տակ՝ Ցխինվալիի մերձակայքում, և որ ՄԱԿՄ-ն իր համար միակ հնարավորությունն է վերադառնալու գյուղ և աղոթելու Սուրբ Գևորգի տաճարում, որտեղ թաղված են իր նախնիները։
«Միխեիլ Սաակաշվիլին և մենք կարող ենք վերադառնալ Էրեդվի, վերադառնալ Ցխինվալի, վերադառնալ Սուխում։ Մեր նպատակը միայն [«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա] Իվանիշվիլիի ռեժիմը տապալելը չէ, մեր նպատակն է շուտով վերադառնալ Սուխում և Ցխինվալի»,- ասել է Պավլենիշվիլին։
ՄԱԿՄ-ից հեռացող նախագահ Թինա Բոկուչավան առաջադրվել էր որպես խորհրդի իններորդ անդամ, սակայն հրաժարվել է միանալ ժամանակավոր ղեկավար մարմնին։ Նա կշարունակի մնալ կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ։
Համագումարից հետո Բոկուչավան հայտարարել է, որ իր որոշման մասին նախապես տեղեկացրել էր կուսակցության ղեկավարությանը։
«Այսօրվա համագումարում ես ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա իմ շնորհակալությունն ու հարգանքը հայտնել հարյուրավոր պատվիրակներին, որոնք ներկայացնում են մեր բազմաթիվ համակիրներին, վերջին երկու տարիների ընթացքում ինձ ցուցաբերած վստահության համար։ Կարծում եմ՝ ես միացա կուսակցությանը բավական բարդ ժամանակահատվածում։ Այս պատասխանատվությունը ստանձնեցի դժվարին շրջանում, և ինձ համար շատ կարևոր է այն հասցնել ավարտին»,- ասել է Բոկուչավան։
Նա հավելել է, որ հույս ունի՝ իր որոշումը ցույց կտա, որ ինքը երբեք չի առաջնորդվել կուսակցական պաշտոններ զբաղեցնելու ձգտմամբ։
«Պայքարում ամենակարևորը ճշմարտությունն է, սեփական դիրքորոշումը, սկզբունքներն ու արժանապատվությունը, ինչպես նաև այն գիտակցումը, որ շատ բան է դրված խաղասեղանին»,- ասել է Բոկուչավան։
Բոկուչավայի երկամյա պաշտոնավարման ժամկետը որպես ՄԱԿՄ նախագահ ավարտվել էր հուլիսի 8-ին։
Նա չէր մասնակցել հուլիսի 30-ին Քաղաքական խորհրդի նիստին, որը նախորդել էր համագումարին՝ նշելով, որ ընտանիքի հետ Աջարիայում էր, իսկ կուսակցության անդամնեը նախապես տեղեկացված էին այդ մասին։
Ավելի ուշ Բոկուչավան պնդել է, որ հուլիսի 30-ի Քաղաքական խորհրդի նիստն իրավազոր չէր, քանի որ քվորում չէր եղել։
Կուսակցության գլխավոր քարտուղարը և մյուս անդամները հերքել են այդ պնդումը՝ հայտարարելով, որ նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
Ժամանակավոր ղեկավար խորհուրդը կգործի վեց ամիս, մինչև կուսակցությունում շարունակվեն բարեփոխումները։
Բացի այդ, կուսակցական կառուցվածքից դուրս կստեղծվի առանձին «Բարեփոխումների խորհուրդ», որը կղեկավարեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և հայտնի հեռուստահաղորդավար, ակտիվիստ Նանուկա Ժորժոլիանին։
Սաակաշվիլիի խոսքով՝ այդ խորհուրդը լինելու է «հանրային հարթակ», որը բաց կլինի ինչպես կուսակցության անդամների, այնպես էլ ՄԱԿՄ-ից դուրս մարդկանց համար։












