Գլխավոր Լրահոս

Չեխիան մերժել է արտաքսման որոշման դեմ ինգուշեթացի կնոջ բողոքը

Բռնոյի Սահմանադրական դատարանը

Բռնոյի Սահմանադրական դատարանը

Լուսանկարը՝ gpsmycity.com-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեխիայի Սահմանադրական դատարանը մերժել է Ինգուշեթիայից մի կնոջ բողոքը՝ իր արտաքսման որոշման դեմ։ Չնայած Չեխիայի քաղաքացու հետ իսլամական ծեսով ամուսնությանը և նրանց դստեր ծնունդին՝ դատարանը համաձայնել է միգրացիոն մարմինների գնահատականին, որ կինը, որի անունը չի հրապարակվում, ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց հետ շփումների պատճառով սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Դատարանի որոշման համաձայն, որի մասին ուրբաթ գրել է չեխական Novinky.cz լրատվական կայքը, հայցվորը հեռացել է Ինգուշեթիայից՝ պնդելով, որ վախենում էր իր կյանքի համար՝ հանրապետությունում կանանց վիճակի պատճառով։

Նրա խոսքով՝ Չեխիա ժամանելուց հետո չի փորձել օրինականացնել իր կացության կարգավիճակը և, արտաքսվելու մտավախությունից ելնելով, ոչնչացրել է իր անձը հաստատող ռուսական փաստաթղթերը։ 2023-ի հուլիսին նա դիմել է միջազգային պաշտպանություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է։ Ավելի ուշ Չեխիայի ներքին գործերի նախարարությունը վարչական արտաքսման որոշում է կայացրել՝ հինգ տարով արգելելով նրա մուտքը ԵՄ։

Չեխիայի իշխանությունների գնահատմամբ՝ թեև կինը պնդել է, որ Ինգուշեթիա վերադառնալու դեպքում իրեն մահ է սպառնում, նա կարող է անվտանգ բնակվել Ռուսաստանի մեկ այլ հատվածում։

Novinky.cz-ի փոխանցմամբ՝ հաշվի առնելով կնոջ ընտանեկան կապերը՝ նրա փաստաբանը պնդել է, որ արտաքսումը կխախտի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընտանեկան կյանքի իրավունքը։ Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ նրա զուգընկերը կարող է նրա հետ տեղափոխվել Ռուսաստան։

Պաշտպանական կողմը նաև պնդել է, որ իշխանությունները չեն բացահայտել այն տեղեկությունները, որոնց հիման վրա կնոջը համարել են անվտանգության սպառնալիք՝ այդպիսով զրկելով նրան մեղադրանքներն արդյունավետորեն վիճարկելու հնարավորությունից։

Հրապարակված որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ ազգային անվտանգության նկատառումները կարող են գերակայել օտարերկրյա քաղաքացու՝ երկրում մնալու իրավունքի նկատմամբ, իսկ նման վարույթներում գաղտնի տեղեկությունների օգտագործումը թույլատրված է Չեխիայի օրենսդրությամբ։

Դատարանը նաև նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները Չեխիայում բնակվելու սահմանադրորեն երաշխավորված իրավունք չունեն, թեև արտաքսման մասին որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։

Ինչպես հաղորդել է Novinky.cz-ն, կինը պնդել է, որ իրեն երբեք չեն տեղեկացրել, թե կոնկրետ ինչ բնույթի շփումներն են Չեխիայի անվտանգության ծառայությունները վտանգավոր համարել։

Նրա խոսքով՝ ինքը չէր կարող պաշտպանվել այն պնդումներից, որոնց բովանդակությունն իրեն երբեք չէր ներկայացվել։ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, եզրակացրել է, որ ստորադաս դատարանները գործը քննել են օրենքին համապատասխան։

Սա վերջին տարիների հրապարակայնորեն հայտնի եզակի գործերից է, երբ Չեխիայի իշխանությունները Հյուսիսային Կովկասից անձի արտաքսումը հիմնավորել են ազգային անվտանգության նկատառումներով, այլ ոչ թե միգրացիոն օրենսդրության խախտումներով։

2013-ին Սահմանադրական դատարանը չեղարկել էր չեչենական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացուն արտահանձնելու մասին որոշումը՝ եզրակացնելով, որ ստորադաս դատարանները պատշաճ կերպով չէին գնահատել Ռուսաստան վերադարձվելու դեպքում մարդու իրավունքների խախտումների վտանգը։

Դատարանն ընդգծել էր չվերադարձելիության (non-refoulement) սկզբունքի կարևորությունը, որն արգելում է անձին վերադարձնել մի երկիր, որտեղ նրան սպառնում է խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վտանգ։

Այդ վճռում Սահմանադրական դատարանը վկայակոչել էր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ, որոնք փաստագրել էին մարդու իրավունքների խախտումները Չեչնիայում, Ինգուշեթիայում և Դաղստանում։

Միևնույն ժամանակ, դատարանն ընդգծել էր, որ անձի չեչենական ծագումն ինքնին չի կարող ինքնաբերաբար բացառել արտահանձնումը, և յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի անհատապես՝ հաշվի առնելով դրա կոնկրետ հանգամանքները։

Ներկայիս գործը տարբերվում է նրանով, որ վերաբերում է միջազգային պաշտպանության տրամադրումը մերժելուց հետո վարչական արտաքսմանը, այլ ոչ թե Ռուսաստանի ներկայացրած քրեական գործով արտահանձնման պահանջին։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ԵՄ-ն քննել է Ռուսաստանի քաղաքացիների ապաստանի բազմաթիվ դիմումներ, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասից։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Չեչնիայից և Ինգուշեթիայից որոշ մարդիկ հեռացել են Ռուսաստանից՝ զորահավաքի, քաղաքական, կրոնական կամ ընտանեկան հիմքով հետապնդումների վտանգի պատճառով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում