Գլխավոր Լրահոս

Լուկա Էխվաիան նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Լուկա Էխվաիան

Լուկա Էխվաիան

Կադրը՝ FucosKankara-ի ալիքի տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Իշխանամետ մեկնաբան Լուկա Էխվաիան, որը նախկինում աշխատել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի խորհրդական և օգնական, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

Նախագահի աշխատակազմը շեշտել է Էխվաիայի՝ միջազգային հարաբերությունների հետազոտողի և մասնագետի փորձը՝ նշելով, որ նա Կովկասի համալսարանի Կառավարման դպրոցում միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան է ստացել, իսկ Բոլոնիայի համալսարանում՝ քաղաքագիտության մագիստրոսի։

«Նա նաև Լայպցիգի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների դոկտորական ծրագրում «Գլոբալ և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ուղղությամբ ասպիրանտ է եղել, իսկ ավելի ուշ Կովկասի միջազգային համալսարանում շարունակել է քաղաքագիտության դոկտորական ուսումնառությունը»,- հայտնել է աշխատակազմը։

Էխվաիան Fucos Kankara («Ֆուկոյի ճոճանակ») անունով TikTok էջի համահիմնադիրներից է։ Էջը ստեղծվել է 2023-ին և հրապարակել ներքին ու միջազգային քաղաքականությանը վերաբերող տեսանյութեր։

Էխվաիան բազմիցս հրապարակային աջակցություն է հայտնել Չինաստանի հետ Վրաստանի գործընկերությանը։ Նա ԱՄՆ-ն անվանել է «ժամանակակից աշխարհի ամենամեծ կայսրությունն ու անկում ապրող հեգեմոն ուժ», իսկ Սի Ծինփինին՝ «նոր աշխարհակարգի ամենաազդեցիկ դեմքը», որը «Արևմուտքի կողմից երկար ժամանակ նվաստացված Չինաստանը վերածել է գերտերության»։

Չինաստանի վերաբերյալ Էխվաիայի հռետորաբանությունը համահունչ է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական կուրսին։ 2023-ի վերջին Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների կապերն ավելի են խորացել, մինչդեռ Արևմուտքի հետ հարաբերությունները շարունակել են վատթարանալ։

2024-ի գարնանից, երբ «Վրացական երազանքը» բողոքի ցույցերի պայմաններում ընդունեց վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, Էխվաիան սկսեց հաճախ հայտնվել իշխանամետ հեռուստաալիքների եթերում և դրանց կայքերում՝ քննադատելով ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը։

2024-ի նոյեմբերին, երբ «Վրացական երազանքը» դադարեցրեց ԵՄ անդամակցության գործընթացը և երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, Էխվաիան խոսեց «Վրաստանի պետականության դեմ կազմակերպված հարձակման» մասին, իսկ հանրային հեռարձակողի շենք մտած և եթերաժամանակ պահանջած մարդկանց անվանեց «նացիստական ՀԿ-ների աղանդի» մաս։

Էխվաիան նաև «իսկական վրացիներին» շնորհավորել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման կապակցությամբ՝ դա անվանելով «ապագաղութացման և անկախության ուղղությամբ նշանակալի քայլ»։

Վրացական լրատվամիջոցները 2025-ի մարտին հաղորդել էին, որ Էխվաիան նշանակվել է Կավելաշվիլիի խորհրդական։ Ըստ հրապարակումների՝ այդ պաշտոնում նրա աշխատավարձը գերազանցել է 6400 լարին (2300 դոլար)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում