Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքն» ուզում է արգելել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին

Գիորգի Գախարիան

Գիորգի Գախարիան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

«Վրացական երազանքը» հայտարարել է, որ ցանկանում է արգելման ենթակա կուսակցությունների ցանկում ներառել նաև ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը։ Ցանկում այժմ հինգ կուսակցություն կա՝ ներառելով բոլոր խոշոր ընդդիմադիր ուժերին, որոնք 2024-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել էին ընտրական շեմը։

«Վրացական երազանքը» մտադիր է հինգ կուսակցությունների արգելմանը հասնել Սահմանադրական դատարան ներկայացված հայցի միջոցով։ Հայցը բավարարելու դեպքում բոլոր հինգ ուժերը հակասահմանադրական կճանաչվեն։

«Վրաստանի համար» կուսակցությունը հիմնադրել է Գիորգի Գախարիան, որը նախկինում «Վրացական երազանքի» վարչապետն էր, իսկ հետո անցավ ընդդիմության շարքերը։ Սա միակ ընդդիմադիր ուժն է, որը 2024-ի ընտրություններից հետո վերցրեց խորհրդարանական մանդատները՝ 2025-ի հոկտեմբերին դադարեցնելով բոյկոտը։

«Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Իրակլի Կիրկիցխալիան սեպտեմբերի 14-ին հայտարարել է որոշման մասին՝ այն հիմնավորելով, իր ձևակերպմամբ, ««Վրաստանի համար» կուսակցության կողմից երկրի սահմանադրական կարգը ճանաչելու կոպիտ ու անամոթ մերժմամբ, ինչպես նաև խորհրդարանում, հանձնաժողովներում և ավելի լայն գործունեության ընթացքում նրա անդամների բազմաթիվ ապակառուցողական գործողություններով»։

Կիրկիցխալիան չի հստակեցրել, թե իշխանությունն ինչ գործողություններ է համարում «ապակառուցողական»։

Սեպտեմբերի 15-ին արված այս հայտարարությունից հետո «Վրացական երազանքը» փաստացի ձգտում է արգելել բոլոր չորս խոշոր ընդդիմադիր կուսակցություններին, որոնք 2024-ի վիճարկվող խորհրդարանական ընտրություններում հաղթահարել էին շեմը՝ ինքնուրույն կամ փոքր գործընկերների հետ դաշինքով։ 2025-ի հոկտեմբերին ներկայացված նախնական հայցը վերաբերում էր Ahali-ին, «Միացյալ ազգային շարժմանը» և Lelo-ին։ 2026-ի ապրիլին իշխող կուսակցությունը ցանկում ներառեց նաև Federalists-ին։

Սկզբում «Վրացական երազանքը» «Վրաստանի համար» կուսակցությանը չէր ներառել ցանկում՝ պատճառաբանելով նրա մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին։

Քանի որ Սահմանադրական դատարանը սովորաբար մինչև ինը ամիս ունի գործը քննելու համար, իսկ հայցում փոփոխությունների դեպքում այդ ժամկետը սկսվում է նորից, որոշ դիտորդներ ենթադրել են, որ նոր կուսակցություններ ավելացնելով՝ «Վրացական երազանքը» փորձում է երկարաձգել գործընթացը։

Կիրկիցխալիան հերքել է դա՝ ասելով, որ եթե իշխող կուսակցությունը ցանկանար ժամկետների հետ «խաղալ», հայցում փոփոխություններ անելու համար կսպասեր մինչև «վերջին շաբաթը»։

Գախարիայի կուսակցությունը խորհրդարանում ունի 12 մանդատ, իսկ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցները՝ 89։ «Վրաստանի համար»-ը մանդատներ ունի նաև մի շարք տեղական խորհուրդներում։ Կիրկիցխալիան ասել է, որ հայցով կուսակցության անդամներին խորհրդարանական կամ տեղական խորհուրդների մանդատներից զրկելու պահանջ չի ներկայացվի։

Գախարիան, որը 2017-2019-ին «Վրացական երազանքի» կառավարության ներքին գործերի նախարարն էր, իսկ մինչև 2021-ի հրաժարականը՝ վարչապետը, 2025-ի հունիսից արտերկրում է։ Նա այժմ բացահայտորեն իր վիճակը «աքսոր» է անվանում։ Նրա նկատմամբ քրեական վարույթներ են սկսվել իշխանության տարիներին տեղի ունեցած մի շարք դրվագների առնչությամբ, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում։

Սեպտեմբերի 15-ին X-ում արձագանքելով զարգացումներին՝ Գախարիան հայտարարել է, որ «Վրաստանի համար» կուսակցությանը թիրախավորելով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փորձում է արգելել երկրի միակ «գործող խորհրդարանական ընդդիմությանը»։

«Չնայած խորհրդարանական մեծամասնություն ունենալուն՝ Իվանիշվիլիի ռեժիմը նույնիսկ խորհրդարանում մեկ ընդդիմադիր կուսակցություն չկարողացավ հանդուրժել, քանի որ քննադատական ձայնին պատասխանելու ոչինչ չունի»,- հավելել է նա։

Գախարիան իր կուսակցությունն արգելելու ծրագրերն անվանել է «Իվանիշվիլիի ռեժիմի ևս մեկ քայլ՝ Վրաստանում պաշտոնապես ավտորիտար իշխանություն հաստատելու և քաղաքական ընդդիմությունը ճնշելու ուղղությամբ»։

«Արգելված լինենք, թե ոչ, մենք չենք հրաժարվի Վրաստանի ժողովրդավարությունը վերականգնելու և նրա եվրոպական ու եվրատլանտյան ուղին պաշտպանելու նպատակից»,- եզրափակել է նա։

«Կոլեկտիվ Միացյալ ազգային շարժում»

Դեռ 2024-ի ընտրարշավի ժամանակ «Վրացական երազանքը» խոստացել էր իր ընտրողներին արգելել այն, ինչ անվանում է «կոլեկտիվ Միացյալ ազգային շարժում»՝ նկատի ունենալով նախկին իշխող կուսակցությունը և մի շարք այլ ընդդիմադիր ուժերի, որոնք, իշխող կուսակցության պնդմամբ, գործում են Միացյալ ազգային շարժման հետ համաձայնեցված։

«Վրացական երազանքի» պնդմամբ՝ 2003-2012-ի իշխանության տարիներին Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը հանցավոր ռեժիմ էր և իրավական գոյության իրավունք չունի։ Իշխող կուսակցությունը նաև պնդում է, որ կուսակցության հետ կապված մյուս ուժերը նույնպես չպետք է օրինական գործունեություն ծավալեն։

«Վրացական երազանքի» «կոլեկտիվ Միացյալ ազգային շարժում» հասկացությունը լայն ու անորոշ է։ Երկուշաբթի Կիրկիցխալիան դրա մեջ ներառել է նաև Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը՝ չնայած Միացյալ ազգային շարժման նկատմամբ այդ ուժի հայտնի հակակրանքին։

«Վրացական երազանքը» նաև հաճախ մեղադրում է թիրախավորված ընդդիմադիր ուժերին «ազգային շահերի» դեմ գործելու և սահմանադրական կարգը չճանաչելու մեջ՝ որպես օրինակ նշելով 2024-ի ընտրություններում, վիճարկվող պաշտոնական արդյունքների համաձայն, «Վրացական երազանքի» հաղթանակը չընդունելը։

Սահմանադրական դատարան ներկայացված հայցը միակ իրավական գործընթացը չէ, որը ներկայում Վրաստանում ընթանում է քաղաքական ընդդիմության դեմ։

Գախարիայից բացի՝ քրեական վարույթներ են սկսվել նաև բազմաթիվ այլ ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ։ Դրանց թվում է այսպես կոչված դիվերսիայի գործը՝ տարբեր կուսակցություններից ութ ընդդիմադիր գործիչների դեմ։

Նրանցից երեքը՝ Droa-ի առաջնորդ Էլենե Խոշտարիան, Ahali-ի առաջնորդ Նիկա Մելիան և նախկին նախագահ ու Միացյալ ազգային շարժման հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին, արդեն բանտում են՝ առանձին քրեական գործերով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում