Գլխավոր Լրահոս

Թբիլիսիի երաժշտական փառատոնը ռուսներին կընդունի միայն Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում

Փառատոնի պաշտոնական պաստառը

Փառատոնի պաշտոնական պաստառը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիում անցկացվելիք երաժշտական փառատոնը ռուսաստանցի այցելուներից պահանջելու է դատապարտել Վրաստանի դեմ Մոսկվայի ագրեսիան և համաձայնել մի շարք այլ քաղաքական ձևակերպումների հետ։ Այս պայմանը փոխարինել է ավելի վաղ հայտարարված կանոնին, որով Ռուսաստանի քաղաքացիների մուտքն ընդհանրապես արգելվում էր։

Zion Festival-ը Թբիլիսիում կանցկացվի սեպտեմբերի 25-26-ին։ Անվանումը գալիս է ամենամյա Tbilisi Open Air փառատոնի Zion Garden Stage բեմից, որը հիմնադրել էր դիջեյ Լուկա Իոսելիանին։ Նա մահացել է 2025-ին, իսկ փառատոնն անցկացվում է նրա հիշատակին։

Սկզբում փառատոնը TKT.ge տոմսերի վաճառքի հարթակում հայտարարել էր սահմանափակման մասին՝ նշելով, որ «Ռուսաստանի քաղաքացիներին փառատոն մուտք գործել չի թույլատրվում»։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 11-ին, կազմակերպիչները փառատոնի Instagram-ի էջում նշել են, որ իրենց որոշումը «ազգության, էթնիկ պատկանելության կամ անձնական ատելության մասին չէ»։

«Սա ուղիղ արձագանք է այն իրականությանը, որում մենք՝ վրացիներս, ապրում ենք՝ մի երկրում, որի տարածքները Ռուսաստանն օկուպացրել է, իսկ ժողովուրդը ապրել է պատերազմ, տեղահանություն և շարունակվող ռուսական ագրեսիա»,- գրել են նրանք հրապարակումներից մեկի մեկնաբանություններում՝ բացատրելով իրենց դիրքորոշումը։

Կազմակերպիչները շեշտել են, որ փառատոնը «ազատության, միասնության, խաղաղության և հարգանքի շուրջ կառուցված տարածք է», և նշել, որ չեն ցանկանում «մարդկանց դատել միայն նրանց անձնագրով»։

«Հետևաբար, պատրաստ ենք բացառություն անել Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք անկեղծորեն կիսում են այս արժեքները և հասկանում Վրաստանի իրականությունը»,- գրել են նրանք՝ հավելելով․

«Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, հնարավորություն կունենան լրացնել և ստորագրել կարճ հարցաթերթիկ՝ հաստատելով իրենց դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության, վրացական տարածքների ռուսական օկուպացիայի և մեր փառատոնի արժեքների հարգանքի հարցերում»։

Կազմակերպիչները նշել են, որ սա համարում են «արդար և պատասխանատու մոտեցում»։

Ռուսաստանցի որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում քննադատել են փառատոնի նախնական արգելքը, իսկ դժգոհությունները շարունակվել են նաև սահմանափակումը մեղմացնելուց հետո։

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ այս հարցաթերթիկը երբեք հասանելի չի դառնա Ռուսաստանի իշխանություններին։ Ես համաձայն եմ բոլոր կետերի հետ, բայց ուզում եմ, որ ապագայում իմ ընտանիքն անվտանգ լինի»,- գրել է Reddit-ի օգտատերերից մեկը։

Zion Festival-ի մոտեցումը դարձել է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ներկայության շուրջ ավելի լայն հակասությունների և նրանց՝ սեփական կառավարության գործողությունների նկատմամբ վերաբերմունքի մասին պարբերաբար ծագող բանավեճերի ևս մեկ օրինակ։

2022-ին նման մի դեպք էր գրանցվել Թբիլիսիի Dedaena Bar-ում, որը Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի «վիզա» էր սահմանել՝ պահանջելով, որ նրանք դատապարտեն Կրեմլի քաղաքականությունը և ճանաչեն Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Այս քայլից հետո Կրեմլին աջակցող ռուսական հաշիվները համակարգված առցանց հարձակում սկսեցին բարի դեմ։ 2022-ին հայտնի ռուս մեդիադեմք Քսենիա Սոբչակին մուտք գործել թույլ չտվեցին, ինչից հետո նա տեսանյութ հրապարակեց՝ հարցազրույց վերցնելով բարի սեփականատեր Դաթա Լապուրիից և հարցնելով, թե ինչու պետք է ռուսները համաձայնեն Ուկրաինայի վերաբերյալ նման հայտարարությունների հետ՝ մուտքի իրավունք ստանալու համար։

Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ներկայության հարցը հատկապես արդիական դարձավ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Պատերազմի սկիզբը, ինչպես նաև նույն տարվա ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքը զգալիորեն ավելացրին Վրաստան ժամանող ռուսաստանցիների թիվը, այդ թվում՝ նրանց, ովքեր երկարաժամկետ մնացին երկրում։

2025-ին Ռուսաստանից Վրաստան այցելուների թիվը հասել է ռեկորդային՝ գրեթե 1,6 միլիոնի։ Միևնույն ժամանակ, 2024-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է 37 715-ի՝ 2014-ի 7620-ի համեմատ։ Ոմանք կասկածի տակ են դնում մարդահամարի մեթոդաբանությունը՝ ենթադրելով, որ երկրում իրականում ավելի շատ ռուսաստանցիներ են գտնվում։

2022-ից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գրանցել են տասնյակ հազարավոր ընկերություններ և գնել հազարավոր բնակարաններ, ինչը համընկել է անշարժ գույքի գների կտրուկ աճի հետ։

Ֆինանսական հարցերից բացի՝ բազմաթիվ վրացիներ քննադատել են ռուս զբոսաշրջիկների և բնակիչների այն վերաբերմունքը, որը նրանք ընկալում են որպես անտարբերություն կամ անտեղյակություն թե՛ երկրի ներքին քաղաքական խնդիրների, թե՛ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական զորքերի ներկայության նկատմամբ։

Այս հարցով մտահոգ բազմաթիվ մարդիկ իշխանություններին մեղադրում են անգործության մեջ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է քննադատությունը։ Օգոստոսին վարչապետ Իրակլի Կոբախիձեն դատապարտել էր այն, ինչ անվանել էր «արտաքին ուժերի» հրահրած «կեղծ ռուսատյացություն»։

Ընթերցանությունը հեշտացնելու համար Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի կառույցների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս չենք օգտագործում այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասամբ ճանաչված»։ Սա չի արտահայտում որևէ դիրքորոշում դրանց կարգավիճակի վերաբերյալ։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում