Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքի» պատգամավորներն իրենց ընդունած օրենքը չեղարկող օրինագծին կողմ քվեարկելը բացատրում են «տեխնիկական սխալով»

Վրաստանի ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, 2024-ի դեկտեմբեր

Վրաստանի ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, 2024-ի դեկտեմբեր

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի քանի պատգամավոր Սեպտեմբերի 15-ին կողմ են քվեարկել բողոքի ակցիաները սահմանափակող այն օրենքները չեղարկելու նախաձեռնությանը, որոնք նախկինում իրենք էին ընդունել։ Ավելի ուշ նրանք իրենց քվեն բացատրել են հնարավոր «տեխնիկական սխալով»։

Օրինագիծը ներկայացրել էր «Վրաստանի համար» կուսակցությունը՝ միակ ընդդիմադիր ուժը, որը 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության բոյկոտի պայմաններում մասնակցում է խորհրդարանի օրենսդրական աշխատանքին

Ընդունվելու դեպքում օրինագիծը կչեղարկեր «Վրացական երազանքի» սահմանած մի շարք սահմանափակումներ, որոնք ընդունվել էին ամենօրյա հակակառավարական ցույցերի ֆոնին։ Դրանց թվում էին մայթերին բողոքի ակցիաների մասին ոստիկանությանը նախապես տեղեկացնելու պահանջը, ցույցերի հետ կապված որոշ դեպքերում ազատազրկում նախատեսող դրույթները, ինչպես նաև բողոքի ակցիաների ընթացքում որոշ միջոցների, օրինակ՝ լազերների օգտագործման սահմանափակումները։

Ինչպես և սպասվում էր, նախաձեռնությունը չընդունվեց, քանի որ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցները խորհրդարանում միասին ունեն 89 մանդատ, իսկ «Վրաստանի համար»-ը՝ 12։ Սակայն ընդդիմադիր պատգամավորներից բացի՝ նախաձեռնությանը կողմ քվեարկեց ևս 16 պատգամավոր՝ 14-ը իշխող կուսակցությունից և երկուսը նրա դաշնակից «Ժողովրդի ուժից»։

Կողմ քվեարկածների թվում էին «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Իրակլի Կիրկիցխալիան և նախկին նախարար, ներկայում պատգամավոր Թեա Ծուլուկիանին։

«Վրաստանի համար»-ի նախաձեռնությանը այս աջակցությունն առավել անսպասելի էր այն պատճառով, որ ընդամենը մեկ օր առաջ «Վրացական երազանքը» հայտարարել էր՝ կուսակցությունը կներառի այն քաղաքական ուժերի ցանկում, որոնց արգելումը պահանջելու է Սահմանադրական դատարանից՝ նրանց ենթադրյալ հակապետական բնույթի պատճառով։

Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքն» ուզում է արգելել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին

Քվեարկության մասին հարցին Կիրկիցխալիան պատասխանել է, որ թեման մեկնաբանելն իր համար «ծիծաղելի» է՝ նշելով, որ համոզված է՝ տեղի է ունեցել «տեխնիկական սխալ», կամ «ինչ-որ բան չի աշխատել»։

«Խորհրդարանական կյանքում նման բաներ պատահում են»,- Վրաստանի հանրային հեռարձակողի փոխանցմամբ՝ ասել է նա՝ հավելելով․

«Երեկ ճեպազրույցում հայտարարեցի, որ նրանց այսպես կոչված կուսակցությունը կավելացվի սահմանադրական հայցին։ Դրանից հետո ինչպե՞ս կարող է որևէ ողջամիտ մարդ մտածել, որ մեծամասնության պատգամավորը կաջակցեր Գախարիայի օրինագծին և դեմ կքվեարկեր մի օրենքի, որը հենց իրենք են ընդունել»։

Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող TV Pirveli-ն ևս Կիրկիցխալիային հարցրել է քվեարկության մասին։ Լրագրողը նշել է, որ նա քվեարկության ժամանակ նիստերի դահլիճում չի եղել և հարցրել, թե ով է քվեարկել նրա փոխարեն։

«[Դա] տեխնիկական սխալի ևս մեկ ապացույց է»,- պատասխանել է նա։

«Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր՝ Անտոն Օբոլաշվիլին, նույնպես օրինագծին կողմ քվեարկածների ցանկում իր հայտնվելը բացատրել է տեխնիկական սխալով։ Նույն կուսակցության անդամ Գիա Վոլսկին ասել է, որ իր գործընկերները, հավանաբար, օրինագծին կողմ են քվեարկել «իներցիայով»։

TV Pirveli-ն որպես հնարավոր բացատրություն նշել է նաև պատգամավորների շեղված ուշադրությունը՝ ընդգծելով, որ իր օպերատորի նկարահանած կադրերում քվեարկության ժամանակ պատգամավորները հեռախոսներն էին թերթում, ինչը «տպավորություն էր ստեղծում, որ նրանք հարցը շփոթել են»։

«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Գիորգի Շարաշիձեն կասկածի տակ է դրել, որ քվեարկությունը սխալմունք էր՝ ասելով, որ դա «երկակի ստանդարտների» դրսևորում է։

«Սրանք մարդիկ են, որոնք իրենց ընտրողներին մի բան են ասում, բայց իրենց փրկելու համար բոլորովին այլ բան անում՝ այդ թվում մեր միջազգային գործընկերների հետ ապագա հարաբերությունները, իրենց կարիերան, ինչպես նաև արդեն վաստակած գումարները պահպանելու համար»,- ասել է նա։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում