Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Թուրքիայի 10 կուսակցությունների պատգամավորներ Անկարային կոչ են արել ճանաչել աբխազական անձնագրերը և ուղիղ ծովային ու օդային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի և Աբխազիայի միջև։
Այդ 10 կուսակցություններն են՝ «Լավ կուսակցություն», «Նոր ուղի», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Նոր բարեկեցություն», «Ապագա», «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության», «Դեմոկրատական կուսակցություն», Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը, Աշխատանքի կուսակցությունը և «Նոր կուսակցությունը»։ Այս ուժերը Թուրքիայի խորհրդարանում ընդհանուր առմամբ ունեն 206 մանդատ՝ կազմելով խորհրդարանի մոտ 34 տոկոսը։
Օգոստոսի 5-ին կուսակցությունները մամուլի ասուլիս են հրավիրել՝ հունիսի վերջին Թուրքիայում աբխազական սփյուռքի ներկայացուցիչների նախաձեռնած «Վերջ տանք Աբխազիայի մեկուսացմանը» արշավի շրջանակում։
Թուրքիայի աշխատավորական կուսակցության պատգամավոր Ահմեթ Շըքը ճեպազրույցի ընթացքում հայտարարություն է ընթերցել՝ նշելով, որ Աբխազիան և Թուրքիան կապված են պատմական, ընտանեկան և հասարակական կապերով։ Նա նաև մատնանշել է Թուրքիայում հյուսիսկովկասյան մեծ սփյուռքի առկայությունը, որը ձևավորվել է 19-րդ դարում Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կովկասի նվաճման հետևանքով։
Ենթադրվում է, որ Թուրքիայում բնակվում է ավելի քան 500 հազար էթնիկ աբխազ՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան բուն Աբխազիայի բնակչությունն է։
Հայտարարության մեջ պատգամավորները որպես նախադեպ վկայակոչել են Հյուսիսային Կիպրոսի և Թայվանի անձնագրերի նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մոտեցումները։
Աբխազիայի մեկուսացմանը վերջ տալու՝ աբխազական սփյուռքի արշավը հուլիսի վերջին ներկայացվել էր նաև Թուրքիայի խորհրդարանում, երբ «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահ Սելջուկ Օզդաղը մամուլի ասուլիս էր անցկացրել՝ ներկայացնելով նույն պահանջները։
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Մարշանիան ողջունել է նախաձեռնությունը՝ այն անվանելով աննախադեպ։
«Իմ հիշողությամբ՝ սա առաջին դեպքն է, երբ թուրք քաղաքական գործիչներն այսքան միաձայն են արտահայտվում աբխազական օրակարգի վերաբերյալ։ Սա կարևոր ազդակ է, և դրան պետք է լրջորեն վերաբերվել»,- գրել է նա իր Telegram ալիքում՝ հավելելով, որ Թուրքիայի պատգամավորներին հրավիրում է այցելել Աբխազիա, «որպեսզի նրանք սեփական աչքերով տեսնեն, թե ինչպես է ապրում և գործում հանրապետությունը»։
«Անկարայում բարձրացված հարցերն այն հարցերն են, որոնք Աբխազիան հետևողականորեն բարձրացնում է Ժնևի միջազգային քննարկումների շրջանակում։ Այն փաստը, որ այսօր այս հարցերը բացահայտ հնչում են Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից, ևս մեկ անգամ հաստատում է միջազգային հարթակում մեր դիրքորոշման հիմնավորվածությունը»,- շարունակել է նա։
Աբխազիայի արտաքին գործերի նախարարության հայտարարություններում պարբերաբար կոչ է արվում Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր ստորագրել, լուծել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերը, ինչպես նաև աբխազական ազգային անձնագիրը ճանաչել որպես միջազգային ուղևորությունների համար նախատեսված ճամփորդական փաստաթուղթ։
«Խոսքը տեղաշարժի ազատության և արտաքին շարժունակության մասին է, ինչը մենք իրավացիորեն համարում ենք հիմնարար հումանիտար հարց, որը հրատապ լուծում է պահանջում»,- Telegram-ում գրել է Աբխազիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Ինար Գիցբան։
Իսկ Ներքին գործերի նախկին նախարար Ասլան Կոբախիան շնորհակալություն է հայտնել Թուրքիայում բնակվող իր հայրենակից աբխազներին, «որոնք փորձում են տեղից շարժել պետության միջազգային մեկուսացման հարցը»։
«Սա կարող է դժգոհություն առաջացնել միայն շատ սահմանափակ մտածողություն ունեցող մարդու կամ մեր ժողովրդի թշնամու մոտ։ Վստահ եմ, որ մեր ռազմավարական գործընկերը և ամբողջ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ այս հարցում միանշանակ կաջակցեն մեզ։ Դաշնակիցների դեպքում այլ կերպ լինել չի կարող»,- գրել է նա։
Հոդվածի հրապարակման պահին Վրաստանը դեռ չէր արձագանքել այս հարցին։
Վրացական անկախ Netgazeti լրատվամիջոցը նշում է, որ համատեղ հայտարարությունը հրապարակված չէ Թուրքիայի խորհրդարանի կայքում։
Այս հոդվածում օգտագործված բոլոր տեղանուններն ու եզրույթները բացառապես հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն OC Media-ի խմբագրության դիրքորոշումը։












