Նոր Սահմանադրությունում հղում չի լինի Անկախության հռչակագրին․ Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանի նոր Սահմանադրությունում հղում չի լինի Անկախության հռչակագրին։ Այդ մասին օգոստոսի 11-ին ԱԺ-ում, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Արդյոք Սահմանադրության տեքստից հանվե՞լ է Անկախության հռչակագրին հղումը։ Ո՛չ, որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրել ենք նոր Սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել կամ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին։ Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և որքան էլ այդ հարցը շահարկեք»,- ասաց Ջուլհակյանը։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ ընդդիմությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Սահմանադրությանը։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք այս դեպքում ՔՊ-ն կարո՞ղ է այն դնել հանրաքվեի։ Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց․ «Պետք է քննարկենք, եթե ժողովուրդն ուզում է ունենալ նոր Սահմանադրություն, ապա արդյոք պատգամավորները կարող են դրան ընդդիմանալ։ Սա, սակայն, տեսական է, ոչ թե որպես նպատակ»։
***
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունը սկսել է խոսել Բաքվից հնչող պահանջների ֆոնին, չնայած՝ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։ Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։











