Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա ղեկավարած «Միացյալ ազգային շարժման» կառավարությանը կրկին մեղադրել է 2008-ի օգոստոսյան պատերազմը սկսելու համար։ «Միացյալ ազգային շարժումը» դատապարտել է այդ հայտարարությունները, իսկ Հարավային Օսիայի իշխանությունները պնդել են, որ պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանը՝ որպես պետություն, ոչ միայն «Միացյալ ազգային շարժումը»։
Պատերազմի պատասխանատվության շուրջ վեճը «Վրացական երազանքի» իշխանության տարիներին դարձել է Վրաստանի քաղաքական կյանքի ավելի ու ավելի տեսանելի թեմա։ Իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Սաակաշվիլիի կառավարությանը լայնածավալ ռազմական գործողությունները սկսելու համար՝ միաժամանակ պնդելով, որ նախկին իշխանությունը չի կարողացել կանխել Ռուսաստանի հետագա հարձակումը։ Այս հռետորաբանությունը մի շարք կետերում նման է Կրեմլի մոտեցմանը։
«Վրացական երազանքի»՝ պատերազմի մեկնաբանությունը վերջին տարիներին ավելի հաճախ է կրկնում Կրեմլի դիրքորոշումը, երբ իշխող կուսակցությունը փորձում է վերաձևակերպել հակամարտության ընկալումը Վրաստանում։
Օգոստոսի 8-ին՝ պատերազմի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլիի կառավարությունը «հանցագործություն է գործել պետության, երկրի, ժողովրդի և զինվորների դեմ»՝ նախկին նախագահին և նրա կուսակցությանը մեղադրելով Վրաստանին դավաճանելու մեջ։
«Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, և Սաակաշվիլիի, նրա ռեժիմի ու «Ազգային շարժման» դավաճանությունը ոչ մի կերպ չի կարող քողարկել այս հանցագործությունը»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև վկայակոչել է հակամարտության վերաբերյալ եվրոպական կառույցների եզրակացությունները՝ պնդելով, որ պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ վրացական ուժերը հրետակոծել են Ցխինվալին (Ցխինվալ)։
«Եվրոպայի խորհրդի բանաձևում նշվում է, որ հակամարտությունը լայնածավալ ռազմական գործողությունների փուլ մտավ այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի ռեժիմը ռմբակոծեց Ցխինվալին։ Եթե հակամարտությունը վերածվել է պատերազմի, նշանակում է՝ պատերազմը սկսել է Սաակաշվիլիի ռեժիմը»,- ասել է Կոբախիձեն։
2009-ի վերջին Եվրամիության աջակցությամբ ստեղծված Վրաստանի հակամարտության վերաբերյալ անկախ միջազգային փաստահավաք առաքելությունը եզրակացրել էր, որ 2008-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական ուժերը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Ցխինվալիի դեմ՝ դրան նախորդած մի քանի շաբաթվա աճող լարվածությունից և զինված միջադեպերից հետո։
Զեկույցում նաև նշվում էր, որ Ռուսաստանի ռազմական պատասխանը հաջորդել է վրացական գործողությանը, իսկ հակամարտությունն ավելի երկար պատմություն ուներ՝ ներառելով վրացական, հարավօսական և ռուսական ուժերի մասնակցությամբ լարվածություն, սադրանքներ և զինված բախումներ։
Այդ զեկույցը հետագայում լայնորեն քննադատվել է՝ հատկապես Վրաստանում։ Քննադատները պնդում էին, որ այն պատերազմի բռնկման համար անհամաչափ պատասխանատվություն է դնում Վրաստանի վրա՝ միաժամանակ բավարար չափով չանդրադառնալով հակամարտությունում Ռուսաստանի դերին։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացած գործընթացների միջոցով Վրաստանը ցույց է տվել, որ վրացի զինվորները ռազմական հանցագործություններ չեն կատարել և մարդու իրավունքներ չեն խախտել։
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել պատերազմից հետո մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, այդ թվում՝ ապօրինի կալանքների, խոշտանգումների, սպանությունների, ինչպես նաև վրացիների տների ավերման և թալանի համար։ Դատարանը նաև եզրակացրել է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո Ռուսաստանը արդյունավետ վերահսկողություն էր իրականացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ։
Սաակաշվիլիի կուսակցությունը մերժել է Կոբախիձեի հայտարարությունները՝ դրանք անվանելով Վրաստանի տարածքների ռուսական օկուպացիայի «ուղղակի քաղաքական արդարացում»։
«Ռուս օլիգարխ [Բիձինա] Իվանիշվիլիի ռեժիմի այսպես կոչված վարչապետի հայտարարությունը, թե 2008-ի պատերազմը օգոստոսի 7-ին սկսել է Վրաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայի ուղղակի քաղաքական արդարացումն է»,- հայտարարել է կուսակցությունը։
Կուսակցությունը Կոբախիձեին մեղադրել է պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կրկնելու մեջ՝ նշելով, որ նրա հայտարարությունները հակասում են Վրաստանի ազգային շահերին։
Կուսակցությունը նաև քննադատել է հայտարարության ժամանակը՝ այն «խորհրդանշական» անվանելով, քանի որ Կոբախիձեն այդ խոսքերը հնչեցրել է Վրաստանի կողմից կռված զոհվածներին նվիրված հուշահամալիրում։
«Միացյալ ազգային շարժման» գնահատմամբ՝ կառավարության այս դիրքորոշումը կարող է վնասել Վրաստանի՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու ապագա ջանքերին։
Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» առանցքային գործիչ Կախա Կալաձեն ևս քննադատել է«Միացյալ ազգային շարժմանը» և նրա դաշնակիցներին՝ խոսելով 2008-ի պատերազմի ժառանգության մասին։
Կալաձեն ընդդիմադիր գործիչներին մեղադրել է կեղծավորության մեջ՝ հիշեցնելով պատերազմից հետո Ռուսաստանի հետ տնտեսական և մշակութային կապերը զարգացնելու նրանց փորձերը։
«Նրանք ուղղակի նամակներ էին ուղարկում՝ հարաբերությունները ինչ-որ կերպ ջերմացնելու, մեր երկրում մշակութային միջոցառումներ անցկացնելու համար։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո [...] սկսեցին պայքարել այն ամենի դեմ, ինչ ռուսական է, ամեն ինչի դեմ, ինչը դրա հետ է կապված։ Սա սովորական կեղծավորություն է»,- ասել է Կալաձեն։
Հարավային Օսիայի իշխանությունները ևս Սաակաշվիլիին են վերագրել 2008-ի օգոստոսյան պատերազմի պատասխանատվությունը, սակայն ավելի հեռուն են գնացել՝ պնդելով, որ պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանը որպես պետություն։
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Կոբախիձեի միջոցով Վրաստանի քաղաքական ղեկավարությունը «պաշտոնապես ճանաչել է» Սաակաշվիլիին Հարավային Օսիայի դեմ ռազմական ագրեսիայի հեղինակ։
«Իրականում սա հայտնի էր հենց սկզբից, և Հարավային Օսիան այդ մասին հայտարարում է արդեն 18 տարի»,- նշել է նախարարությունը։
Գերատեսչությունը պնդել է, որ միայն Սաակաշվիլին պատասխանատու չէր՝ նշելով, որ որպես պետության ղեկավար նա գործել է Վրաստանի անունից և վարել, իրենց բնորոշմամբ, «հակաօսական և հակաաբխազական քաղաքականություն»։
«Հետևաբար 2008-ի օգոստոսյան պատերազմի պատասխանատվությունը պետք է կրի երկիրը՝ որպես այդ քաղաքականության սուբյեկտ, ներառյալ Սաակաշվիլիի ռեժիմի գործիչները՝ որպես դրա իրականացման գործիքներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև մերժել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ Ռուսաստանը որպես օկուպացնող ուժ բնութագրելը և քննադատել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու վերաբերյալ Թբիլիսիի կոչերը։
Գերատեսչությունը Ռուսաստանին անվանել է Հարավային Օսիայի «անվտանգության հուսալի երաշխավոր» և հայտարարել, որ Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններն ունեն «ամուր իրավական հիմք»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ պատերազմի 18-րդ տարելիցն օգտագործել է Արևմտյան երկրներին, Ուկրաինային և իր բնորոշմամբ «վրացական արմատական քաղաքական ուժերին» մեղադրելու համար՝ պնդելով, որ նրանք փորձում են Վրաստանին ներքաշել Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունների մեջ։
Օգոստոսի 8-ի հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը՝ միաժամանակ կոչ անելով Թբիլիսիին, Սուխումին (Սուխում) և Ցխինվալիին (Ցխինվալ) ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել։
Մոսկվայի պնդմամբ՝ նման համաձայնագիրը «հուսալի երաշխիք» կլինի 2008-ի օգոստոսի ողբերգական իրադարձությունների կրկնությունից խուսափելու համար։
Նախարարությունը նաև ողջունել է, իր բնորոշմամբ, Վրաստանի հասարակության մեջ 2008-ի պատերազմի վերագնահատումը՝ պնդելով, որ զինված հակամարտությունը սանձազերծելու «ամբողջ պատասխանատվությունը» պետք է վերագրվի Սաակաշվիլիի իշխանությանը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Վրաստանի ղեկավարության՝ աբխազների և հարավօսերի հետ հաշտեցման մասին հայտարարությունները հույս են տալիս, որ մոտեցման փոփոխությանը կհետևեն «կոնկրետ գործնական քայլեր»՝ երկու շրջանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել «համակողմանի աջակցություն» ցուցաբերել կողմերին՝ բանակցությունները առաջ մղելու, վստահություն ձևավորելու և միջպետական հարաբերությունները զարգացնելու համար՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության։
Վրաստանի կառավարությունը երկար տարիներ պնդում է, որ Ռուսաստանն ապօրինաբար օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան։ Ռուսաստանը, իր հերթին, երկու տարածաշրջաններն էլ ճանաչում է որպես անկախ պետություններ և այնտեղ պահպանում ռազմական ներկայություն։
2008-ի պատերազմը հարյուրավոր զոհերի, հազարավոր տեղահանվածների պատճառ դարձավ և հանգեցրեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչմանը։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












