Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Shelbit կրիպտոարժութային ընկերության նկատմամբ, որը Վրաստանում հիմնադրել է Իրանի քաղաքացի։ Ընկերությանը կասկածում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) աջակցող և պատժամիջոցները շրջանցող գաղտնի ցանցի մաս լինելու մեջ։ Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է, որ ընկերությունը վրացական օրենսդրությամբ կարգավորվող սուբյեկտ չէ։
ԱՄՆ-ն պատժամիջոցները սահմանել է օգոստոսի 8-ին։ Ընկերությունը գրանցել և հիմնադրել է Իրանի քաղաքացի Սավաշ Քայվանփուրը, որը, ըստ ԱՄՆ-ի, ունի նաև Դոմինիկայի և Աֆղանստանի անձնագրեր։
Պատժամիջոցների հիմնավորման համաձայն՝ ընկերությունը եղել է ԻՀՊԿ-ի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգտագործվող գաղտնի ցանցի մաս։ Ինչպես նախկինում նմանատիպ գործերում ներգրավված՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող այլ կրիպտոարժութային ընկերությունների դեպքում, այս հայտարարությունից հետո ևս Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում ընկերության գործունեության համար։
Ազգային բանկը պարզաբանել է, որ Shelbit ՍՊԸ-ն (SHPS Shelbit) վրացական օրենսդրությամբ կարգավորվող սուբյեկտ չէ։ Վրաստանում վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող գործունեություն իրականացնելու համար պարտադիր է գրանցվել Ազգային բանկում, սակայն Shelbit-ը երբևէ նման հայտ չի ներկայացրել։ Բիզնես ռեգիստրի տվյալներով՝ ընկերության գրանցումն արդեն չեղարկվել է։ Բանկն ընդգծել է, որ իր կարգավորող դաշտը շուկա մուտք գործելու խիստ պահանջներ է սահմանում՝ անօրինական գործունեության հետ կապված սուբյեկտներին բացառելու համար։ Այն նաև նշել է, որ վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողների վերաբերյալ իր կարգավորումները համապատասխանում են Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի չափանիշներին։ MONEYVAL-ի 2024-ի գնահատմամբ՝ 15-րդ հանձնարարականի մասով Վրաստանը ստացել է «հիմնականում համապատասխան» գնահատական՝ լինելով Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ նույն մակարդակում։
Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան և բանկի խոսնակը OC Media-ի հետ զրույցում հաստատել են հայտարարությունը՝ առանց լրացուցիչ մանրամասներ ներկայացնելու։ Ազգային բանկի փոխնախագահ Նինո Ջելաձեն ևս էլեկտրոնային նամակով հաստատել է բանկի դիրքորոշումը։
«Այն փաստը, որ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ընկերություններ խուսափել են գրանցումից, ևս մեկ անգամ հաստատում է, որ Ազգային բանկի կարգավորող դաշտը և շուկա մուտք գործելու պահանջները խիստ են»,- ասել է Ջելաձեն։
Սակայն վրացի տնտեսագետ, Ազատ գործարարների ասոցիացիայի հիմնադիր Պաատա Բարախտարին ասել է, որ վերլուծաբաններն «արդեն իսկ զգում էին, որ տնտեսություն մութ փողեր են հոսում»։
«Մյուս հարցն այն է, թե ինչպես են այդ գումարները շրջանառվում հասարակության ներսում։ Քանի որ դա ներառական կապիտալ չէ, այլ փողերի լվացում է՝ շուկայում շրջանառվող սպեկուլյատիվ կապիտալ, ոչ թե տնտեսությանը կամ շարքային քաղաքացիների բարեկեցությանը նպաստող գումար»,- OC Media-ին ասել է Բարախտարին։
Վրաստանում բազմաթիվ իրանցիներ մասնակցել են Թեհրանի դեմ բողոքի ցույցերի, մինչդեռ «Վրացական երազանքի» գլխավորած կառավարությունը Իրանի հետ պահպանում է բնականոն հարաբերություններ։
Օգոստոսի 10-ին Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը զեկույց է հրապարակել Վրաստանում իրանական բիզնեսների աճող ներկայության մասին՝ նշելով, որ 2012-ից ի վեր երկրում գրանցված իրանական ընկերությունների թիվն աճել է 510 տոկոսով։
Կենտրոնի տվյալներով՝ 2025-2026-ին Վրաստանում գրանցված էր ավելի քան 12 800 իրանական ընկերություն։ Միաժամանակ կենտրոնը նշել է, որ այս աճը որպես առանձին և նկատելի միտում չի արտացոլվում օտարերկրյա ուղղակի ներդրումների տվյալներում կամ պաշտոնական ֆինանսական վիճակագրությունում։
Այս ցուցանիշներին համադրելի աճ չի արձանագրվել նաև զբաղվածության, բիզնեսների շրջանառության կամ պաշտոնական ներդրումային տվյալներում։
Delphi Global Research Centre-ի ավագ գիտաշխատող Բաթու Կուտելիան OC Media-ին ասում է, որ Վրաստանը վերածվել է պատժամիջոցները շրջանցելու համար «լվացքատան»։
«Մենք խոսում ենք զավթված պետության մասին, որտեղ այս ամենի հետևում հենց կառավարությունն է, այլ ոչ թե մի կառավարության, որից պահանջում են լուծել խնդիրը և քայլեր ձեռնարկել։ Վերջին դեպքերը, այդ թվում՝ ռուսական և իրանական կրիպտոարժութային և այլ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, ցույց են տալիս, որ Վրաստանի դեպքում սա ընդամենը այսբերգի գագաթն է։ Երբ [ԱՄՆ հանգուցյալ սենատոր Լինդսի] Գրեհեմի պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ մտնեն, հնարավոր է՝ շատ ավելին բացահայտվի»,- ասել է նա։












