Գլխավոր Լրահոս

Վրացական դատարանը մաֆիայի հետ կապվող սպանության գործով հրաժարվել է առանցքային վկաների հարցաքննությունից

Ձախից՝ Օթար Պարծխալաձեն
Աջից՝ Լևան Ջանգվելաձեն

Ձախից՝ Օթար Պարծխալաձեն Աջից՝ Լևան Ջանգվելաձեն

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրաժարվել է մի շարք առանցքային վկաների հարցաքննությունից նախկին գլխավոր դատախազ Օթար Պարծխալաձեի գործով։ Պարծխալաձեին հեռակա կարգով դատում են 2025-ին Թբիլիսիի կենտրոնում մաֆիայի հետ ենթադրյալ կապեր ունեցող գործարար Լևան Ջանգվելաձեի սպանությունը պատվիրելու մեղադրանքով։

Դատական նիստի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լելա Կալիչենկոն որոշել է ընդունելի ճանաչել մեղադրող կողմի ներկայացրած բոլոր ապացույցները։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է Պարծխալաձեի փաստաբանների կողմից հարցաքննության ենթակա անձանց ցանկում ներառել պաշտպանության կողմի չորս վկաների։ Նախկինում նրանց տված ցուցմունքները վարույթի ընթացքում հաշվի չեն առնվի։

Պաշտպանությունը նաև դատարանին խնդրել էր անընդունելի ճանաչել Ռուսաստանի երկու քաղաքացու՝ Ռոզա Նարցիսովայի և Իլյա Միկուլսկու՝ 2025-ի վերջին Պարծխալաձեի դեմ տված ցուցմունքները։ Մեղադրող կողմն այդ ցուցմունքները ներառել էր գործի նյութերում։

«Դատարանը գնահատել է ապացույցները և գտել, որ գործն ըստ էության քննության փուլ փոխանցելու հիմքեր կան։ Քրեական դատավարության օրենսգիրքն ուղղակիորեն արգելում է պաշտպանությանը օտարերկրյա պետությունում ապացույցներ ձեռք բերել՝ առանց համապատասխան ընթացակարգերը պահպանելու։ Պաշտպանությունը չի պահպանել այդ ընթացակարգերը, և դատարանը գտել է, որ խախտվել են Վրաստանի քրեական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները»,- ասել է դատախազ Լևան Վեփխվաձեն։

Պաշտպանության կողմը Միկուլսկու ցուցմունքների վերաբերյալ նախկինում ևս մտահոգություններ էր հայտնել նույն սպանության գործով մյուս մեղադրյալների դատավարությունների ընթացքում։

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ պաշտպանությունը նաև փորձել է հասնել նրան, որ հաշվի առնվի Մամուկա Պիպիայի ցուցմունքը։ Ռուսաստանում գործունեություն ծավալող քաղաքական գործիչ, ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության արտաքին հարցերով քարտուղար Պիպիան ասել է, որ Ջանգվելաձեին «շատ լավ» է ճանաչել և «հաստատ գիտի», որ նա Պարծխալաձեի հետ վեճ չի ունեցել։ Պիպիան նախկինում հաստատել է, որ Պարծխալաձեի ընկերն է։

Վիճարկվող մյուս վկան Իրակլի Ուսոյանն է՝ ռուսաստանյան քրեական աշխարհի հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի թոռը։ Ասլան Ուսոյանը, որը հայտնի էր «Դեդ Հասան» մականունով, սպանվել է Մոսկվայում 2013-ին։

Պարծխալաձեի փաստաբանները փորձել են Ուսոյանին ներառել հարցաքննության ենթակա վկաների ցանկում, սակայն Կալիչենկոն մերժել է միջնորդությունը։

Նախկինում քննության ընթացքում Ուսոյանի անունը նշվել էր որպես Ջանգվելաձեի սպանության ենթադրյալ սկզբնական պատվիրատու։

«Այս որոշմամբ դատարանը խախտել է ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ քրեական իրավունքի պարտադիր դրույթները։ Մենք դատարանի կողմից, ըստ էության, կողմնակալ որոշման ականատես եղանք։ Մենք բողոքարկելու ենք այս որոշումը։ Դատարանն ինքը պետք է շահագրգռված լիներ Իրակլի Ուսոյանին հարցաքննելու հարցում, քանի որ տարիներ շարունակ համարվել է, որ հենց նա է եղել [սպանության] պատվիրատուն»,- երեքշաբթի ասել է Պարծխալաձեի փաստաբան Գագա Մոսիաշվիլին։

2025-ի սեպտեմբերին կայացած դատական նիստի ժամանակ հետաքննիչ Ռոբիկո Գոգիաշվիլին հայտնել էր, որ Ուսոյանն իբր 5 միլիոն դոլարի դիմաց Պարծխալաձեին և Միկաձե եղբայրներին պատվիրել էր իրականացնել սպանությունը։ Գոգիաշվիլիի խոսքով՝ տեղեկությունը հիմնված էր օպերատիվ տվյալների վրա։ Նա չէր բացահայտել իր աղբյուրը։

Պարծխալաձեի փաստաբաններին տված ցուցմունքում Ուսոյանը հերքել է Ջանգվելաձեի սպանության հետ որևէ առնչություն ունենալը։

Պարծխալաձեն, որը Ռուսաստանի քաղաքացի է և ներկայում բնակվում է Ռուսաստանում, ըստ հաղորդումների՝ անդամակցել է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությանը։ Վրաստանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Դատարանը նաև վերանայել է Պարծխալաձեի նկատմամբ հեռակա կարգով ընտրված նախնական կալանքի խափանման միջոցը և այն թողել անփոփոխ։

Վրացական քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչ Մերաբ Ջանգվելաձեի եղբայր Լևան Ջանգվելաձեն սպանվել է 2025-ի մարտին՝ Թբիլիսիի Վակե թաղամասի Ճավճավաձեի պողոտայում։

Սպանությունն իրականացնելու համար մեղավոր ճանաչված Գելա Ուձիլաուրին 2025-ի հոկտեմբերին դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Գիորգի Միկաձեն, նրա եղբայր Դավիթ Միկաձեն և Գիորգի Ջոխաձեն 2026-ի մայիսին ցմահ ազատազրկման են դատապարտվել սպանությունը կազմակերպելու համար։ Գիորգի Միկաձեն կալանքի տակ էր Վրաստանում, իսկ Դավիթ Միկաձեի և Ջոխաձեի նկատմամբ դատավճիռները կայացվել են հեռակա կարգով։

Պարծխալաձեին 2025-ի դեկտեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու համար։ Նա հերքել է մեղադրանքները։

Պարծխալաձեն կարճ ժամանակ՝ 2013-ի վերջին, զբաղեցրել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը։ 2023-ին ԱՄՆ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Ռուսաստանի խորհրդատվական ոլորտի հետ ենթադրյալ կապերի և Վրաստանում Ռուսաստանի «չարամիտ ազդեցության» հետ առնչության պատճառով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում