Գլխավոր Լրահոս

Փաշինյանը՝ ադրբեջանցի մասնագետների այցերի, Մեծամորի ԱԷԿ-ի և էներգետիկ անկախության մասին

Փաշինյանը՝ ադրբեջանցի մասնագետների այցերի, Մեծամորի ԱԷԿ-ի և էներգետիկ անկախության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ ադրբեջանցի մասնագետների՝ Հայաստան կատարած այցերին, Մեծամորի ատոմակայանի ապագային և Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը։

Ադրբեջանցի մասնագետների այցերի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։

Նրա խոսքով՝ 2025-ի սեպտեմբերին արդեն եղել է հաղորդագրություն կողմերի մասնագետների հանդիպման մասին, իսկ մեկ այլ այց տեղի է ունեցել 2026-ի հունվարին։

«Մենք նախկինում ասել ենք, որ ենթակառուցվածքների շուրջ աշխատում ենք, և տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի փակման հարցին՝ վարչապետը շեշտեց, որ դրա վերաբերյալ որևէ նոր պայմանավորվածություն չկա։

«Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետն արձանագրված է, այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են մեզնից առաջ, և այստեղ ոչ մի նորություն չկա»,- ասաց նա։

Փաշինյանը խոսեց նաև էներգետիկ առևտրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է աճել՝ հաշվի առնելով արհեստական բանականության գործարանների կառուցումը։

«Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, քանի որ մեծ տեմպով կառուցվում են ԱԲ գործարանները, որոնք պահանջում են նոր միջոցներ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը 100-տոկոսանոց էներգետիկ անկախության հասնելն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին Նախիջևան կատարած այցի ընթացքում անդրադարձել էր մի շարք թեմաների, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի փակմանը, էներգետիկ առևտրին և ադրբեջանցի մասնագետների այցին Հայաստան։

Նա մասնավորապես ասել էր, որ Մեծամորի ատոմակայանը հնացել է․ «Այն ամբողջ տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում, որի առնչությամբ Ադրբեջանն ու Թուրքիան քանիցս իրենց մտահոգությունն են հայտնել։ Ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, վաղ թե ուշ այն պետք է փակվի»,- նշել էր Ալիևը։ Ինչ վերաբերում է էներգետիկ առևտրին, ապա, ըստ Ալիևի՝ «Ադրբեջանը կարող է էներգետիկ այլընտրանք ապահովել Հայաստանի համար»։

Ադրբեջանի նախագահը պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի տարածքում TRIPP նախագծի գործարկման առանցքում հատկապես կարևորել էր էներգետիկ միջանցքի հեռանկարը։

«Մենք ունենք պատրաստի նախագիծ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման համար։ Հայաստանի տարածքում մեր մասնագետների ուսումնասիրության արդյունքում մենք տեղորոշել ենք այն կետերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական կայաններ։ Հուսով ենք՝ հայկական կողմը նույնպես չի ձգձգի այդ հարցը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում