Գլխավոր Լրահոս

ՌԴ-ի հետ պայմանագիրը խզելն ընդունելի չէ մեզ համար․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման մասին

ՌԴ-ի հետ պայմանագիրը խզելն ընդունելի չէ մեզ համար․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման մասին

Հայկական երկաթուղու կառավարման շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի հետ ձգտում է բացառապես բարեկամական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված լուծման՝ բացառելով միակողմանի կտրուկ քայլերն ու պայմանագրի միակողմանի խզումը: Այս մասին օգոստոսի 12-ին կառավարությունում ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայեցակարգային մակարդակով նայում ենք ի՞նչ տարբերակներ կան։ Տարբերակ մեկ՝ ուղղակի պայմանագիրը խզել, դա ընդունելի չէ մեզ համար, որովհետև բարեկամական չէ։ Իսկ մենք ուզում ենք բարեկամական լուծում, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով»,- ասել է վարչապետը։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:

Վարչապետն ընդգծել է, որ հիմնական խնդիրը Ռուսաստանի հետ չէ, այլ այն իրավիճակի, որ երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո, ինչի հետևանքով միջազգային լոգիստիկ ծառայությունների հիմնական օգտագործողներն ու ֆինանսավորողները խուսափում են այդ հատվածում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերելուց։ Արդյունքում, Հայաստանը կարող է բաց թողնել միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը։

«Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չի, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։ Այս է խնդիրը, մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի պրոբլեմ չունենք», - հստակեցրել է վարչապետը։

Որպես հնարավոր բարեկամական լուծումներ՝ Փաշինյանը նշել է, որ ռուսական գործընկերների հետ քննարկվում են կոնցեսիոն իրավունքի վաճառքը երրորդ կողմին շուկայական գնով, բաժնետոմսերի մասնակի վերաբաշխման կամ ենթակառուցվածքի ու շահագործման մոդելների տարանջատման տարբերակները։

***

Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։

Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում