Գլխավոր Լրահոս

Ըստ ակտիվիստների՝ անհետ կորած չերքեզ-սիրիացին կարող էր «խոշտանգումների հետևանքով մահանալ» ռուսական բանակում

Նուրդին Կարաֆը և նրա հայրը՝ Խալիդը

Նուրդին Կարաֆը և նրա հայրը՝ Խալիդը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չերքեզ ակտիվիստները հայտարարել են, որ Նուրդին (Նաժմուդդին) Կարաֆը կարող էր հարկադրաբար զորակոչվել ռուսական բանակ և հետագայում խոշտանգումների հետևանքով մահանալ զորահավաքային ճամբարում։ Կարաֆի ընտանիքին ավելի վաղ հայտնել էին նրա մահվան մասին, իսկ Ռուսաստանի իշխանությունները սպառնացել էին նրա հորն ուղարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին մասնակցելու։

Չերքեզական միջազգային կոմիտեն այս մասին հայտարարել է օգոստոսի 11-ին հրապարակված հաղորդագրությունում։

Տե՛ս նաև՝ Ըստ հաղորդագրության՝ հայրենադարձված չերքեզին սպառնացել է ՖՍԲ-ն

Կոմիտեն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց հրաժարվելուց հետո Կարաֆին ուղարկել են զորահավաքային ճամբար։ Ըստ այդ աղբյուրների՝ այնտեղ նա դաժան խոշտանգումների է ենթարկվել և դրանց հետևանքով մահացել։

Կոմիտեն, հղում անելով Կարաֆի ընտանիքին, հայտնել է, որ հարազատների՝ երիտասարդի մարմինը ստանալու խնդրանքը մերժվել է։ Նրանք կարծում են, որ նույնիսկ եթե մարմինն ի վերջո հանձնեն ընտանիքին, այն կարող է այնպիսի վիճակում լինել, որ Կարաֆի մահվան պատճառը պարզելն անհնար լինի։

Դեպքը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվեց, երբ Նուրդին Կարաֆի հայրը՝ Խալիդ Կարաֆը, սկսեց ինքնուրույն փնտրել որդուն։ OC Media-ն ավելի վաղ հայտնել էր, որ որոնումների ընթացքում տղամարդը սպառնալիքներ պարունակող հեռախոսազանգեր է ստացել։ Նրան, ենթադրաբար, ասել են, որ եթե շարունակի չերքեզների իրավունքների պաշտպանությանն առնչվող իր գործունեությունը, որդու կյանքը վտանգված կլինի։

Խալիդ Կարաֆը հրապարակայնորեն պատմեց այդ զանգերի մասին, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները նրան և կնոջը տարան Նալչիկում ԱԴԾ-ի շենք, որտեղ, ըստ հաղորդումների, սպառնացել են հորը հարկադրաբար ուղարկել Ուկրաինայում կռվելու։

Դրանից հետո Խալիդ Կարաֆը տեսանյութ հրապարակեցլ՝ հայտարարելով, որ իր որդին կամավոր պայմանագրային ծառայության է անցել ռուսական բանակում։ Գործի հանգամանքներին ծանոթ չերքեզ ակտիվիստները հերքում են այս վարկածը։ Նրանց համոզմամբ՝ հայտարարությունն արվել է ճնշման տակ, ուստի այն չեն համարում Նուրդին Կարաֆի՝ պայմանագրային զինծառայող լինելու արժանահավատ ապացույց։

Կոմիտեն նաև պնդում է, որ ռուսական ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներն իրենց ներկայացրել են դեպքերի այլ վարկած։ Ըստ այդ աղբյուրների՝ Կարաֆը պայմանագրային զինծառայող չի եղել, այլ հարկադրաբար զորահավաքի է ենթարկվել և պետք է ուղարկվեր Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու։

Պնդման համաձայն՝ ռազմաճակատ ուղարկվելուն դիմադրելու պատճառով նրան տարել են զորահավաքային ճամբար, որի գտնվելու վայրը չի հրապարակվում։ Ըստ նույն աղբյուրների՝ այնտեղ նա դաժան խոշտանգումների է ենթարկվել և մահացել։

Հայտարարությունում անդրադարձ կա նաև սոցիալական ցանցերում տարածված լուսանկարին, որում Կարաֆը պատկերված է զենքով և ռուսական զինվորական համազգեստով։ Կոմիտեն կարծում է, որ լուսանկարը կարող է արհեստական բանականության միջոցով ստեղծված լինել։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում