ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանին դաշնակից համարել. Մասադիկով

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել որպես կազմակերպության դաշնակից՝ չնայած Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցության սառեցմանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։
«Հայաստանն իսկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որն արժանի ներդրում է ունեցել կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները դեռևս այս երկիրը դիտարկում են որպես կազմակերպության դաշնակից»,- ասել է Մասադիկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Երևանի հետ քննարկելու կազմակերպության համատեղ աշխատանքին լիարժեք մասնակցության վերականգնմանն առնչվող բոլոր հարցերն առանց բացառության։
Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու նոյեմբրի 11-ին Մոսկվայում, և մասնակից երկրների առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանը 2025-ին անդամավճար չի փոխանցել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության համար՝ պատճառով, որ Հայաստանը մասնակցություն չի ունեցել այդ կազմակերպության գործունեությանը։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։
Կազմակերպություն
Տեղադրություն











