Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, որը 1992-1993-ին աբխազական պատերազմի ընթացքում մասնակցել է ռազմագերիների փոխանակմանը, վիճարկել է ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ տարածված պնդումներից մեկը։ Նրա հայտարարությունները հնչեցին, երբ Վրաստանի նախկին պաշտոնյա և ներկայիս ընդդիմադիր գործիչ Գիորգի (Գիա) Բարամիձեին պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց՝ պատերազմի ընթացքում վրացական ուժերի կողմից աբխազ ռազմագերիների ենթադրյալ մահապատիժների մասին նրա խոսքերի համար։
Զաքարեիշվիլին հայտարարել է, որ Բարամիձեի պնդումը, թե վրացի մարտիկները գերի վերցնելու փոխարեն սպանում էին աբխազ մարտիկներին, մոլորեցնող է։ Նրա խոսքով՝ երկու կողմերի մոտ պահվող ռազմագերիների թվի տարբերությունն առաջին հերթին պայմանավորված էր պատերազմի ընթացքով։
Բարամիձեն, որը նախկինում զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, հուլիսի 18-ին հրապարակված հարցազրույցում ասել էր, որ աբխազական ուժերը դադարեցրել էին վրացի ռազմագերիների փոխանակումը, քանի որ վրացի մարտիկները աբխազ մարտիկներին գերի վերցնելու փոխարեն սպանում էին։
Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իր խոսքերը խեղաթյուրվել են, և ինքը չի նկատի ունեցել, թե վրացական պետությունը կամ վրացական բանակը ռազմագերիների մահապատիժներ է իրականացրել։
Ռազմագերիների փոխանակման հարցերով հանձնաժողովի անդամ Զաքարեիշվիլին նշել է, որ մի հարցում Բարամիձեն ճիշտ էր՝ աբխազական կողմում ռազմական կարգապահությունն ավելի բարձր էր։
«Աբխազական կողմում ռազմական կարգապահությունն ավելի բարձր էր, քան վրացական կողմում, և սա ճիշտ է, քանի որ այնտեղ իրավիճակը կառավարում էր Ռուսաստանը, և գործում էր ռուսական ռազմական կարգապահությունը»,- OC Media-ին պատմում է Զաքարեիշվիլին։
Սակայն նա մերժել է Բարամիձեի փորձը՝ այդ կարգապահության տարբերությունը կապել երկու կողմերի մոտ պահվող ռազմագերիների թվի հետ։
«Նա ինչ-որ կերպ այդ կարգապահությունը կապեց գերի վերցնելու կամ չվերցնելու հետ, ինչը անհեթեթ է։ Սա կարգապահության հետ որևէ կապ չունի»,- ասել է Զաքարեիշվիլին։
Ինչու էր ռազմագերիների թիվը կողմերի մոտ տարբեր
Զաքարեիշվիլիի խոսքով՝ վրացական ուժերի մոտ որպես ռազմագերի պահվել է մոտ 300 աբխազ և այլ մարտիկ, իսկ աբխազական կողմին փոխանցվել է մոտ 70-80 վրացի ռազմագերի։
Նրա խոսքով՝ այդ տարբերությունը հիմնականում բացատրվում է տարածքների նկատմամբ վերահսկողությամբ։
«Մենք իսկապես ավելի քիչ գերի ունեինք, քան աբխազները։ Կարելի է ասել՝ աբխազական և վրացական կողմերի միջև հարաբերակցությունը մոտ մեկին չորս էր։ Բայց դա միայն և միայն այն պատճառով էր, որ աբխազական կողմը Ռուսաստանի աջակցությամբ պարբերաբար տարածքներ էր գրավում»,- ասել է Զաքարեիշվիլին։
Նա հիշատակել է պատերազմի սկզբում Գագրայի գրավումը, ապա այլ շրջաններում տեղի ունեցած մարտերը՝ նշելով, որ աբխազական ուժերը պարբերաբար բնակավայրեր էին գրավում և դրա հետևանքով գերեվարում վրացի զինվորների ու խաղաղ բնակիչների։
«Պատերազմի հենց սկզբում գրավվեց Գագրայի շրջանը, և բազմաթիվ վրացական գյուղերի բնակիչներ ու զինվորներ գերության մեջ մնացին։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում աբխազները, այսպես ասած, գրավում էին այդ բնակավայրերը։ Մենք բնակավայրեր չէինք գրավում», - ասել է նա։
Զաքարեիշվիլին նաև նշել է, որ աբխազական կողմը հարյուրավոր խաղաղ բնակիչների էր պատանդ պահում, ուստի վրացի և աբխազ ռազմագերիների թվերը համեմատելն առանց տարածքային վերահսկողությունը հաշվի առնելու՝ հակամարտության աղավաղված պատկեր է ստեղծում։
«Հենց սա է ինձ և շատերին ամենից շատ զայրացնում՝ սխալ եզրակացություն է արվել այն մասին, թե ինչու մենք ավելի քիչ գերի ունեինք»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ աբխազական կողմի ուժերում միայն աբխազներ չէին կռվում։
«Այնտեղ միայն աբխազներ չէին։ Կային չեչեններ, հյուսիսկովկասցիներ, մի քանի ռուսներ, ի դեպ, և ռուս ռազմագերիներ էլ կային»,- ասել է Զաքարեիշվիլին։
«Աբխազական կողմում սպանություններն ավելի շատ էին»
Զաքարեիշվիլին նաև հերքել է այն պատկերացումը, թե խաղաղ բնակիչների կամ գերիների սպանությունները տեղի էին ունենում միայն վրացական կողմում՝ պնդելով, որ պատերազմի ընթացքում աբխազական վերահսկողության տակ գտնվող տարածքներում վրացի խաղաղ բնակիչների նկատմամբ սպանություններն ու բռնությունները լայն տարածում ունեին։
«Աբխազական կողմում սպանությունները շատ ավելի շատ էին»,- ասել է նա։
Զաքարեիշվիլիի խոսքով՝ վրացական իշխանությունները հարձակումների և սպանությունների պատճառով բազմիցս ստիպված են եղել գյուղերից տարհանել խաղաղ բնակիչներին։
«Գրեթե շաբաթ չէր անցնում, որ վրացական գյուղերում որևէ մեկին չսպանեին՝ իբր այն պատճառով, որ այդ մարդը մասնակցել էր պարտիզանական գործողություններին կամ ընտանիքի անդամներից մեկը զինվորական էր»,- ասել է նա։
Զաքարեիշվիլին ընդունել է, որ պատերազմի ընթացքում թալան ևս եղել է, սակայն ընդգծել է, որ աբխազական կողմում սպանությունների ծավալը զգալի էր։
«Թալան, իհարկե, եղել է, դա չենք կարող թաքցնել, բայց սպանությունները շատ էին», - ասել է նա։
Բարամիձեի դերը ռազմագերիների փոխանակման գործընթացում
Զաքարեիշվիլին նաև փորձել է տարանջատել պատերազմի ընթացքում Բարամիձեի մասնակցությունը ռազմագերիների փոխանակման հանձնաժողովի պաշտոնական աշխատանքից։
Նրա խոսքով՝ Բարամիձեն, որն այդ ժամանակ պատգամավոր էր, ներգրավված էր հակամարտության հետ կապված ավելի լայն գործընթացներում և որոշ իրավիճակներում օգնություն էր ցուցաբերում, սակայն հանձնաժողովի ամենօրյա աշխատանքին չէր մասնակցում։
«Բարամիձեն պատգամավոր էր։ Նա իմ ընկերն էր, իսկապես մտերիմ էինք, ընկերներ էինք»,- ասել է Զաքարեիշվիլին։
Նա Բարամիձեին բնութագրում է որպես նվիրված մարդ, որը մեկնում էր հակամարտության գոտիներ, օգնում ճգնաժամային իրավիճակներում և երբեմն զինվորական համազգեստ էր կրում ու զենք ունենում։
Սակայն, Զաքարեիշվիլիի խոսքով, Բարամիձեն ներգրավված չէր ռազմագերիների փոխանակման կազմակերպման առօրյա աշխատանքում։
«Այս ամենօրյա, ընդգծում եմ, ամենօրյա աշխատանքին Բարամիձեն երբեք չի մասնակցել», - ասել է նա։
Զաքարեիշվիլիի խոսքով՝ Բարամիձեն տեղեկանում էր ռազմագերիների փոխանակման օրերի մասին և ներկա էր լինում դրանց՝ որպես պատգամավոր։
«Նա գալիս էր և ներկա լինում ռազմագերիների փոխանակմանը որպես պատգամավոր՝ ոչ թե որպես հանձնաժողովի անդամ, այլ որպես պատգամավոր»,- ասել է Զաքարեիշվիլին։
Նրա խոսքով՝ հանձնաժողովում ընդգրկված էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունից, իսկ գործընթացին մասնակցում էին նաև զինվորականներ, օրինակ՝ Մալխազ Թոփուրիան։
Զաքարեիշվիլին նշել է, որ Բարամիձեն իրեն որևէ ապացույց չի ներկայացրել վրացական ուժերի կողմից աբխազ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու վերաբերյալ։
«Դրա համար քրեական գործ չի կարելի հարուցել»
Չնայած պատերազմի վերաբերյալ Բարամիձեի մեկնաբանությունը վիճարկելուն՝ Զաքարեիշվիլին հայտարարել է, որ չի կարծում, թե նախկին պաշտոնյան իր խոսքերի համար պետք է քրեական հետապնդման ենթարկվի։
«Նա արտահայտել է իր կարծիքը, ինչը խոսքի և արտահայտվելու ազատության շրջանակում է»,- ասել է Զաքարեիշվիլին։
«Մարդը պետք է սեփական կարծիք ունենալու իրավունք ունենա՝ որքան էլ այն սխալ կամ անընդունելի լինի, բայց դրա համար քրեական գործ հարուցել չի կարելի»,- ասել է նա՝ հավելելով, որ Բարամիձեն իր հայտարարությունների համար պետք է քաղաքական պատասխանատվություն կրի․
«Ոմանք ընտրություններում նրան չեն քվեարկի, ոմանք, ընդհակառակը, այլ կերպ կարձագանքեն, բայց քաղաքական պատասխանատվությունից խուսափել հնարավոր չէ։ Իսկ քրեական պատասխանատվությունը ճիշտ չեմ համարում»։
Բարամիձեն դարձել է առաջին հայտնի քաղաքական գործիչը, որի նկատմամբ հետապնդում է սկսվել Վրաստանում վերականգնված պետական դավաճանության հոդվածով, երբ Գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսեց աբխազ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին նրա հայտարարությունների առնչությամբ։
«Վրացական երազանքը» պետական դավաճանության մասին դրույթը 2025-ին կրկին ներառել է Վրաստանի քրեական օրենսգրքում։ Այն 2007-ին հանվել էր օրենսգրքից նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժման» կառավարության օրոք։
Գործը նորից քննարկումների տեղիք է տվել Վրաստանում պատերազմի պատմության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքի կիրառման շուրջ։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












