Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Sinatle-ն՝ պետական աճող ճնշման պայմաններում հայտնված առցանց լրատվամիջոցներին աջակցելու նպատակով ստեղծված վրացական նախաձեռնությունը, նշել է իր առաջին տարեդարձը։ Անցած մեկ տարվա ընթացքում հազարավոր մարդիկ աջակցել են նախաձեռնության «Լույսը պիտի վառ մնա» արշավին՝ կազմակերպիչներին ցույց տալով, որ երկրի անկախ մամուլը միայնակ չէ։
Ուղիղ մեկ տարի առաջ վրացական 22 առցանց լրատվամիջոցներ մեկ ժամով անջատվել էին՝ ցույց տալու, թե ինչպիսին կարող է լինել երկրի մեդիա դաշտն առանց անկախ լրագրության։ Այդ օրը մեկնարկել էր հանրային դրամահավաք՝ աջակցելու պետական աճող ճնշման պայմաններում ֆինանսական լուրջ դժվարությունների բախվող լրատվամիջոցներին։
Լրագրողներն ու նրանց աջակիցները տարեդարձը նշել են Թբիլիսիի Antenna Bar-ում՝ Windfors ստեղծագործական գործակալության կազմակերպած ցուցահանդեսով։ Այնտեղ ներկայացվել են բողոքի տրաֆարետային գրություններ, որոնք ժամանակին հայտնվել էին քաղաքի փողոցներում, ապա անհայտ անձանց կողմից ջնջվել։ Ցուցադրված աշխատանքները տեսանելի են դառնում միայն լուսավորվելիս՝ փոխանցելով խորհրդանշական ուղերձը՝ «Ճշմարտությունը լույսի մեջ է»։
«Հրաշալի է տեսնել, որ չնայած լրատվամիջոցների նկատմամբ պետական հսկայական ճնշմանը՝ ընկերությունները հաճախ աջակցում են [արշավին] իրենց ժամանակով և ռեսուրսներով՝ տարածքներ տրամադրելով, հոգալով տպագրության և տեսանյութերի արտադրության ծախսերը կամ այլ ձևերով համագործակցելով Sinatle-ի հետ»,- ասել է OC Media-ի փոխտնօրեն Սալոմե Խվեդելիձեն։
Նախաձեռնության մեկնարկի պահին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն ընդունել էր մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում էին անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումը։ Բացի այդ, լայն արձագանք ստացած և քննադատների կողմից բազմիցս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որակված գործով բանտարկվել էր լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին։

«Մի քանի գործընկերներ նստեցինք ու սկսեցինք քննարկել՝ ինչ կարող ենք անել, և պարզ դարձավ, որ գոյատևելու այլ ճանապարհ պարզապես չկա, բացի միասին կանգնելուց և միմյանց աջակցելուց»,- OC Media-ին ասել է լրագրող և արշավի խորհրդի նախագահ Թեո Կավթարաձեն։
Վերջին տվյալներով՝ արշավի շրջանակում հավաքվել է գրեթե 320 հազար լարի (120 հազար դոլար), իսկ շուրջ 5 հազար մարդ առնվազն մեկ անգամ նվիրատվություն է կատարել։ Մյուսները նախաձեռնությանն աջակցել են այլ ձևերով՝ տրամադրելով իրենց ժամանակն ու հմտությունները կամ միջոցառումների համար տարածքներ առաջարկելով։
Սկզբում նախատեսվում էր հավաքված գումարը բաշխել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակից լրատվամիջոցի խմբագրության չափը։ Սակայն Կավթարաձեի խոսքով՝ գործնականում այդ մոդելը հազվադեպ է կիրառվում, և միջոցներն առաջնահերթ ուղղվում են առավել մեծ կարիք ունեցող լրատվամիջոցներին։
Արշավին մասնակցող որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ OC Media-ն, հրաժարվում են իրենց հասանելիք բաժնից և այն փոխանցում ավելի մեծ կարիք ունեցող գործընկերներին։
«Հենց սկզբից [մենք] համագործակցությունն ավելի բարձր ենք դասել, քան մրցակցությունը։ Հավատում ենք, որ մեր գործընկերներին ուժեղացնելով՝ ինքներս էլ ենք ուժեղանում»,- ասել է OC Media-ի համահիմնադիր Մարիամ Նիկուրաձեն։
«Այն, ինչ [արշավը] մեզ տվեց, Վրաստանում մեր լսարանի վստահության աճն էր, ինչպես նաև անգնահատելի ընկերական կապերը գործընկերների հետ, որոնց հետ բազմաթիվ դժվարությունների ենք բախվում, բայց գիտենք, որ կարող ենք հույս դնել միմյանց վրա»,- հավելել է նա։
Կավթարաձեն ևս ընդգծել է, որ արշավը միայն ֆինանսների մասին չէ։ Նրա խոսքով՝ դժվարին շրջանում այն լրագրողներին ցույց է տվել, թե որքան մեծ է հանրային աջակցությունը։
«Ավելի ու ավելի թվայնացող աշխարհում տրոլներն ու բոտերը կարող են ստեղծել որևէ պատումի իրական լինելու պատրանք։ Թվային տարածքը կարող է ստիպել հավատալ մի բանի, որն ամբողջովին կտրված է իրականությունից՝ այդ թվում, որ դու միայնակ ես և շրջապատված թշնամիներով»,- ասել է նա՝ հավելելով․
«Եվ հետո հանկարծ [արշավի] շնորհիվ մենք ոչ միայն տեսանք միմյանց ու դարձանք ներքին համերաշխության այս հզոր դրսևորումների մի մասը [...], այլև թվային տարածքից դուրս տեսանք մեր աջակիցներին»։
Արշավի կազմակերպած միջոցառումներից Կավթարաձեն առանձնացրել է 2025-ի Սուրբծննդյան տոնավաճառը։ Նրա խոսքով՝ այնքան շատ մարդ էր եկել, որ այցելուները հազիվ էին կարողանում հասնել տաղավարներին։
«Ես երբեք չեմ մոռանա լրագրողների փայլող դեմքերը»,- ասել է նա՝ հիշելով գործընկերներից մեկի խոսքերը․ «Ես պատկերացում չունեի, որ այսքան շատ աջակից ունենք»։
Սակայն անցած տարվա ընթացքում նախաձեռնությունը, ինչպես և անկախ լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ, բախվել է բազմաթիվ դժվարությունների։ Սահմանափակող օրենսդրության հետևանքով առաջացած ֆինանսական ճնշումը շարունակվել է, ինչպես նաև իշխանությունների և իշխանամետ լրատվամիջոցների թշնամական հռետորաբանությունը արշավին մասնակցող և այլ անկախ լրատվամիջոցների նկատմամբ։
Նիկուրաձեի խոսքով՝ արշավի մեկնարկից մեկ տարի անց բոլոր 22 մասնակիցներին հաջողվում է «ոչ միայն գոյատևել, այլև ավելի ուժեղ աշխատել և բացահայտել իշխանությունների չարաշահումները»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «դեռ դժվար է, և Վրաստանի լրատվամիջոցները դեռ նոր են սկսում իրենց ընթերցողներին համոզել, որ նրանց աջակցությունը վճռորոշ է գոյատևման համար»։












