Գլխավոր Լրահոս

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում սպանության փորձերն աճել են

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում սպանության փորձերն աճել են

Հայաստանում 2026-ի առաջին վեց ամիսների ընթացքում հաստատված սպանությունների թիվը նվազել է՝ կազմելով 20 դեպք նախորդ տարվա 21-ի համեմատ, մինչդեռ սպանության փորձերն աճել են 12-ով կամ 30,8%-ով՝ հասնելով 51-ի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով կիսամյակային հանցավորության կառուցվածքի հիմնական միտումները։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով՝ կազմելով 21,960 (2025-ի վեց ամիսների 22,025-ի դիմաց), ինչը, ըստ Ցուցուլյանի, հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների կրճատմամբ։

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում նվազել է 1,9%-ով․ արձանագրված դեպքերի 88,2%-ը ոչ մեծ և միջին ծանրության, իսկ 11,8%-ը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են։ Ցուցուլյանի խոսքով՝ այս կառուցվածքը վկայում է, որ երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից անվտանգ է։

Անդրադառնալով սպանության փորձերի աճին՝ պաշտոնյան նշել է, որ դրանք հիմնականում իրավիճակային (հանկարծակի ծագած դիտավորությամբ) հանցագործություններ են։ Ընդ որում, 51 դեպքից 4-ը կատարվել են նախորդ տարում, սակայն հաշվառվել են 2026-ի հաշվետու ժամանակահատվածում, 6-ը սպանության նախապատրաստության դեպքեր են, որոնք կանխվել են քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքի արդյունքում, իսկ մի մասն էլ նախաքննության փուլում վերաորակվել է։

Հաստատված 20 սպանությունների բոլոր դեպքերը բացահայտվել են։ Դրանց շուրջ 75%-ը (13 դեպք) կատարվել է անձնական կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում։

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ Հայաստանում 100,000 բնակչության հաշվով սպանությունների ցուցանիշը համադրելի է կամ ցածր եվրոպական և ապահովված այլ երկրների միջին մակարդակից։

Վեց ամիսների ընթացքում նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահարների կանոնների խախտման, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, գողության և խարդախության դեպքերը, մինչդեռ աճել են սեռական անձեռնմխանության դեմ ուղղված հանցագործությունները (93 դեպք՝ նախորդ տարվա 82-ի դիմաց), ինչը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով և յուրաքանչյուր հաղորդմամբ վարույթ նախաձեռնելու պահանջով։

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավվել է․ մեղադրանք ներգրավված լինելու հիմքով բացահայտված դեպքերը 2025-ի 64,7%-ից (14,242 դեպք) 2026-ին հասել են 73,5%-ի (16,147 դեպք)։ Բացի այդ, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ առգրավված հրազենի թիվն աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով 1,293-ի, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նվազել են 11.9%-ով՝ կազմելով 52 դեպք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում