Իր վրա հարձակումից օրեր անց ձերբակալել են «Աջարիա TV»-ի հաղորդավարին

Կոբա Ֆարթենաձեն
Լուսանկարը՝ «Աջարիա TV»-ից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Աջարիա TV»-ի եղանակի հաղորդավար Կոբա Ֆարթենաձեն ձերբակալվել է Բաթումում՝ ոստիկաններին բանավոր վիրավորելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել ֆիզիկական հարձակման և դանակով սպառնալիքի ենթարկվելուց ընդամենը մի քանի օր անց։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը Ֆարթենաձեի հասցեին հոմոֆոբ վիրավորանք հնչեցնում։
Ֆարթենաձեն ձերբակալվել է օգոստոսի 17-ին։
Ներքին գործերի նախարարությունը OC Media-ին հայտնել է, որ օգոստոսի 16-ին Ֆարթենաձեն իրեն վերաբերող քրեական գործով որպես վկա հարցաքննվելու ընթացքում բանավոր վիրավորել է իրավապահներին։ Նրա նկատմամբ վարույթ է սկսվել մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու համար։
Նախարարության հաղորդմամբ՝ նույն գիշեր Բաթումում Ֆարթենաձեն նաև խախտել է հասարակական կարգը՝ հանրային վայրում բարձրաձայն հայհոյելով։
«Ոստիկանները բազմիցս կոչ են արել նրան դադարեցնել ապօրինի գործողությունները, սակայն նա չի կատարել պահանջները և վիրավորել է ոստիկաններին»,- հայտնում է նախարարությունը։
Ֆարթենաձեն «Աջարիա TV»-ում աշխատում է որպես եղանակի հաղորդավար։ Նրա ձերբակալությանը նախորդել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած երկու հարձակումներ և սպառնալիքներ։
Օգոստոսի 16-ին Ֆարթենաձեի վրա հարձակվել են Բաթումիի Եվրոպայի հրապարակում։ «Աջարիա TV»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության և շտապօգնության խմբեր։
Օգոստոսի 10-ին ևս փողոցում նրան սպառնացել և ֆիզիկական հարձակման էին ենթարկել։ Այդ օրը Ֆարթենաձեի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը դանակով սպառնում նրան և վիրավորական ու խտրական արտահայտություններ հնչեցնում՝ անդրադառնալով նաև Ֆարթենաձեի ներկած մազերին։
Ֆարթենաձեն այդ ժամանակ հայտնել էր, որ նույն միջադեպից առաջ մեկ այլ վայրում ևս հարձակման է ենթարկվել, և սա առաջին դեպքը չէ, երբ իր վրա հարձակվում են։
Օգոստոսի 10-ի միջադեպի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել։ Օգոստոսի 12-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Էկատերինե Կուլուլաշվիլին երկու կասկածյալների նկատմամբ էլ գրավ է կիրառել։
Ֆարթենաձեի վերջին ձերբակալությունը քննվում է առանձին գործով։











