Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին, հայտնում են կառավարությունից։
Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Աբրահամ Համադեն կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։












