Սոցցանցերում կրկին տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է ազատ գրաֆիկով և հեշտ պայմաններով աշխատանք։ Ըստ գրառումների՝ հեռախոսի միջոցով մի քանի պարզ առաջադրանք կատարելով կամ տեղեկատվություն համակարգելով՝ հնարավոր է գումար վաստակել։
«Ընդամենը մի քանի ժամում։ Գրանցվեք, սկսեք աշխատել։ Ազատ գրաֆիկ, որքան շատ աշխատես, այնքան շատ կվաստակես»,- նշված է գրառմանը կցված տեսանյութի լուսանկարում։
Սոցցանցերում նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ են տարածվում։ Սակայն այս դեպքում հեշտությամբ գումար աշխատելու խոստումն օգտագործվում է որպես խայծ։ Արդյունքում օգտատերը գումար վաստակելու փոխարեն կարող է կորցնել իր գումարը։
Ի՞նչ ասվում գրառման մեջ. ինչու՞ է կասկածելի
Գրառմանը կցված տեսանյութում նշվում է, որ մի քանի ժամում հնարավոր է գումար աշխատել։ Միաժամանակ ասվում է, որ նվազագույն ներդրման և գումարի կանխիկացման չափը 8,000 դրամն է։ Այսինքն՝ աշխատանքը սկսելու համար նախ անհրաժեշտ է գումար ներդնել։
«Այս կայքից ընդամենը մի քանի ժամում ստացա երկու հազար դրամ, քանի որ կայքը երեկ է բացվել բավականին լավ բոնուսներ եք ստանում հրավերներից»,- ասում է տեսանյութին ուղեկցող ձայնը։
Գրառման տեքստը, ըստ արհեստական բանականության կիրառումը հայտնաբերող հարթակների, մեծ հավանականությամբ գեներացվել է ԱԲ-ի միջոցով։ ԱԲ-ի կիրառմամբ է, մեծ հավանականությամբ, ստեղծվել նաև տեսանյութին ուղեկցող ձայնը, որն անբնական է հնչում։

Կասկածելի էջից՝ կասկածելի կայքեր
Գրառումը տարածվում է պատահական տառերի համադրությամբ Nbchsd ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջը ստեղծվել է վերջերս՝ օգոստոսի 3-ին, և որևէ այլ ակտիվություն չունի։ Փոխարենը՝ էջը ակտիվորեն տարածում է հեշտությամբ գումար աշխատելու խոստումով գովազդային գրառումներ։

Գրառմանը կցված կայքը առաջին հայացքից սովորական կայք է։ Սակայն հղման վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է մեկ այլ՝ if7oz[.]top կայքում, որի դոմեյնային հասցեն նույնպես պատահական տառերի համադրություն է։
Այս կայքը ևս նորաբաց է․ այն ստեղծվել է 2026 թվականի օգոստոսի 8-ին։

Այստեղ օգտատիրոջը մի քանի հարց են ուղղում, սակայն նույնիսկ իմաստ չարտահայտող պատասխանների դեպքում նրան ուղարկում են am.vip03[.]xyz կայքի հղումը և պահանջում գրանցվել ու հաշիվ ստեղծել։ Սա կարող է վկայել, որ գործընթացը ավտոմատացված է։

Ընդհանուր առմամբ, .xyz և նման այլ վերջավորությամբ դոմեյնները .com, .am և այլ տարածված դոմեյններից համեմատաբար ավելի էժան են։ Այդ պատճառով զեղծարարները հաճախ ընտրում են նման դոմեյններ, օգտագործում դրանք կարճ ժամանակով, ապա իրենց նպատակին հասնելուց հետո փակում կայքերը։

Առաջին անգամը չէ, որ CivilNetCheck-ն անդրադառնում է նման հարթակներին։ Նման սխեմաները սովորաբար սկսվում են սոցցանցերում տարածվող՝ հեշտ եկամուտ խոստացող գովազդներից։ Այնուհետև օգտատերերին տեղափոխում են WhatsApp կամ Telegram, որտեղ առաջարկում են նախապես գումար փոխանցել՝ իբր աշխատանքը սկսելու կամ եկամուտ ստանալու համար։
Որոշ դեպքերում ուղարկվող հղումները կարող են տանել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձում են կորզել օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։
Ուստի նման հարթակներում գրանցվելը, անձնական տվյալներ տրամադրելը կամ գումար ներդնելը կարող է ռիսկային լինել։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, որ օգտատերը կկարողանա եկամուտ ստանալ կամ վերադարձնել նախապես ներդրած գումարը։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











