Երևանում կանցկացվի «Silicon Mountains 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովն ու ցուցահանդեսը

Նոյեմբերի 3-4-ը կանցկացվի «Silicon Mountains 2026» տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը, որն այս տարի ներկայանալու է ընդլայնված ձևաչափով։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացվող երկօրյա միջոցառումն առաջին անգամ համատեղելու է ավանդական գագաթնաժողովն ու լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Ծրագրի մեկնարկային օրը՝ նոյեմբերի 3-ին, նախատեսված է «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովը, որի օրակարգում են նորարարությունների ֆինանսավորման, կիսահաղորդիչների արդյունաբերության և ճարտարագիտական լուծումների զարգացման հեռանկարները։ Որպես գլխավոր խոսնակ՝ հանդես է գալու բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիրը, ինչպես նաև միջազգային տասնյակ փորձագետներ ու ոլորտի ղեկավարներ։ Նույն օրը կամփոփվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցում են ավելի քան 13 երկրների լավագույն ներկայացուցիչները։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, կբացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը՝ նվիրված չիպերի նախագծմանը, հետազոտություններին ու տաղանդների զարգացմանը։ Զուգահեռաբար գործող տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական և միջազգային ընկերությունների շուրջ 50 տաղավարներ, ընդ որում՝ անվճար հարթակ կտրամադրվի 12 հեռանկարային ստարտափների։ Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ աշխատարաններ և B2B ձևաչափով գործնական հանդիպումներ՝ մասնագիտական կապերի ամրապնդման նպատակով։











