Ընտանիքը պնդում է, որ իրենց դստեր ենթադրյալ «ինքնասպանության» հետ կապ ունեն Վրաստանի նախկին պաշտոնյաները

Թամար Բաչալիաշվիլին
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
2020-ին մահացած Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը պահանջում է վերսկսել գործի քննությունը։ Նրա մահը պաշտոնապես որակվել է որպես ինքնասպանություն։ Ընտանիքը իշխանություններին մեղադրում է քննությունը կեղծելու մեջ և պնդում, որ գործին առնչություն են ունեցել այժմ կալանքի տակ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընտանիքը կասկածում է, որ իրենց դուստրը տեղեկություններ է ունեցել խարդախ զանգերի կենտրոնների մասին, որտեղ աշխատել է, և հենց իր իմացածի պատճառով էլ սպանվել է։
Թեոնա Թամազաշվիլին և նրա ամուսինը՝ Ջումբեր Բաչալիաշվիլին, օգոստոսի 19-ին գնացել են Վրաստանի դատախազություն, որտեղ Թամազաշվիլին համապատասխան դիմում է ներկայացրել։
«Ես բոլոր տարբերակներով բացառում եմ ինքնասպանությունը։ Նույնիսկ համակարգիչը չվերադարձրին, որովհետև այնտեղ չափազանց շատ ֆայլեր կային, որոնք իրենց համար բացահայտվել էին։ Փետրվարի 19-ին դիմում ենք ներկայացրել, բայց մեզ նույնիսկ պատասխան չեն տվել։ Վեց տարի է՝ չեմ դադարեցրել պայքարը, հիմա էլ չեմ պատրաստվում հանձնվել և անցնելու եմ ավելի ակտիվ գործողությունների»,- TV Pirveli-ին ասել է Թամազաշվիլին։
Օգոստոսի 20-ին Թամազաշվիլին հայտնել է, որ մտադիր է ամեն երկուշաբթի՝ ժամը 11։00-ից 15։00-ն, բողոքի ակցիա անցկացնել Գլխավոր դատախազության դիմաց, մինչև իր պահանջը կատարվի։
Նա պնդել է, որ գործի մասին տեղեկություններ ունեն մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այժմ կալանքի տակ են՝ նշելով Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունները, ինչպես նաև Ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիին։ Թամազաշվիլին կարծում է, որ Լիլուաշվիլին իր դստեր գործի հետ «ուղիղ կապ ունի»։
Նա պնդում է, որ Ղարիբաշվիլին տեղյակ է դստեր քրեական գործով քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցներին և գիտի, թե ինչն է դարձել նրա դստեր ենթադրյալ սպանության պատճառը։ Թամազաշվիլին նաև պնդում է, որ նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն կեղծել է դստեր գործը, քանի որ չի ցանկացել բացահայտել դրանում ենթադրաբար ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաներին։
Սպանված կրկնուսույց Գիգա Ավալիանիի մայրը՝ Էկա Կուպատաձեն, եկել է Գլխավոր դատախազության մոտ՝ աջակցելու Թամազաշվիլիին։ Այնտեղ են եկել նաև եվրոպամետ ցույցի ժամանակ ձերբակալված Զվիադ Ցեցկլաձեի ծնողները և քաղաքական գործիչ Թեոնա Չալիձեն։
«Ընդամենը մի քանի րոպե առաջ իմացա, որ Թամար Բաչալիաշվիլիի ծնողներն իմ աջակցության կարիքն ունեն, և, իհարկե, առանց վարանելու աջակցեցի նրանց։ Ուզում եմ, որ իմանան՝ Գիգա Ավալիանիի մայրը նրանց կողքին է լինելու։ Եթե թեկուզ մեկ մարդու կարիք ունենան, ես միշտ նրանց կողքին կլինեմ»,- ասել է Կուպատաձեն։
OC Media-ն Գլխավոր դատախազությանը հարցրել է, թե ինչ արձագանք կունենա գերատեսչությունն ընտանիքի մեղադրանքներին և հնարավոր է արդյոք բավարարել նրանց պահանջը՝ գործը որպես սպանություն քննելու վերաբերյալ։
Թամար Բաչալիաշվիլիի գործը
Ծրագրավորող Թամար Բաչալիաշվիլին անհետացել էր 2020-ի հուլիսի 18-ին։ Հինգ օր տևած որոնումներից հետո նրան մահացած էին գտել իր մեքենայում՝ Քվեմո Քարթլիում՝ Թեթրիծղարոյի անտառի մոտ, Թբիլիսիից մոտ 55-60 կիլոմետր հարավ-արևմուտք։
2020-ի դեկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Բաչալիաշվիլին ինքնասպան է եղել և փակել քրեական գործը։ Գերատեսչությունը հայտնել էր, որ «գործով առկա ապացույցների համատեղ վերլուծության, ինչպես նաև Թամար Բաչալիաշվիլիի դիակի դատաբժշկական և քիմիկաթունաբանական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ նրա մահվան պատճառը դեղորայքային թունավորումն է եղել»։
Գերատեսչությունը նաև հայտարարել էր, որ «գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա րոպեների ճշգրտությամբ վերականգնվել են Թամար Բաչալիաշվիլիի կողմից ինքնասպանության ծրագրման և իրականացման ընթացքն ու դրա հետ կապված հանգամանքները»։
Քննության համաձայն՝ Բաչալիաշվիլին ինքնասպանության ծրագրի շրջանակում ընդունել էր դեղամիջոցների մի մասը, որոնք գնել էր նախորդ օրը՝ հուլիսի 17-ին։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա օրգանիզմում հայտնաբերված՝ մահացու նվազագույն չափաբաժինը գերազանցող ճնշման դեղամիջոցները, ցավազրկողներն ու քնաբերները նույն դեղամիջոցներն էին, որոնք Բաչալիաշվիլին նախորդ օրը գնել էր դեղատներից։
Գերատեսչությունը հայտնել էր, որ ստուգվել են ընտանիքի առաջ քաշած բոլոր վարկածները և ուսումնասիրվել լրատվամիջոցներում շրջանառվող դեպքերի զարգացման բոլոր հնարավոր սցենարները։
2023-ին ձերբակալվել էր Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեն։ 2023-ի ապրիլին ընդդիմադիր TV Formula-ին տված հարցազրույցում Շուբիթիձեն խոսել էր գործի կասկածելի հանգամանքների և ապացույցների հնարավոր կեղծման մասին։
Գերատեսչությունը Շուբիթիձեին մեղադրել էր արդարադատությանը խոչընդոտելու մեջ՝ որպես վկա կեղծ ցուցմունք տալով։ Նույն տարվա ավելի ուշ՝ մի քանի ամիս անց, Շուբիթիձեն ազատ էր արձակվել՝ մեկ տարվա պայմանական պատժաչափով։
Վերջին տարիներին Վրաստանում խարդախ զանգերի կենտրոնները մի շարք հետաքննությունների առարկա են դարձել։ Տեղական իշխանություններն ու միջազգային իրավապահ կառույցները թիրախավորել են արտերկրում մարդկանց խաբելու մեջ մեղադրվող ցանցերը։











