Գլխավոր Լրահոս

Տնտեսական աճից մինչև տիեզերական ծրագրեր․ ինչ է խոստանում կառավարությունն առաջիկա հինգ տարում

Տնտեսական աճից մինչև տիեզերական ծրագրեր․ ինչ է խոստանում կառավարությունն առաջիկա հինգ տարում

Հայաստանի կառավարությունը հրապարակել է 2026-2031թթ․ իր գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները, որոնք ընդգրկում են արտաքին քաղաքականության, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և հանրային կառավարման ոլորտները։

Արտաքին անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից գործադիրը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում ու ինստիտուցիոնալացում, ինչպես նաև երկրի ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։ Միաժամանակ նպատակադրվում է խորացնել գործընկերությունները տարածաշրջանից դուրս և հասնել ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության մուտքի վիզաների ազատականացման։

Տնտեսական հատվածում կառավարությունը նպատակ է դրել տարեկան միջինում 6 տոկոս տնտեսական աճ ունենալ, 125,000 նոր աշխատատեղերի ստեղծել և աղքատության կրճատել 5 տոկոսային կետով։ Նախատեսվում է առնվազն կրկնապատկել հայկական ապրանքների արտահանման ծավալը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շուկան ավելացնել առնվազն 3 անգամ։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նախատեսվում է հասցնել 5 տրիլիոն դրամի՝ 2025-ի 3,3 տրիլիոնի համեմատ։ Գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է համախառն արտադրանքի առնվազն 50 տոկոս աճ և հացահատիկի արտադրության կրկնապատկում։

Ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում նախատեսված է 2,500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում կամ նորոգում։ Ջրային ոլորտում մեկնարկելու է 10 ջրամբարի կառուցումը՝ 2033-ին ավարտելու նպատակադրմամբ, կառուցվելու և վերակառուցվելու է 350 կմ ջրանցք ու խողովակաշար, իսկ 24-ժամյա ջրամատակարարում է ապահովվելու առնվազն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Էներգետիկ համակարգում նախատեսվում է գործարկել 1,000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայաններ։

Սոցիալական և կրթական ոլորտների առանցքային խոստումներից են ամբողջ բնակչության ներառումը առողջության ապահովագրության համակարգում, 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 մանկապարտեզի, 100 արտադպրոցական հաստատության և 100 համակցված խաղահրապարակի կառուցումն ու հիմնանորոգումը։ Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի և 3,600 ուսանողի համար կացարանների կառուցում։

Բարձր տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտում նախատեսվում է ձևավորել առնվազն 100,000 GPU-ի համարժեք արհեստական բանականության հաշվարկային հզորություններ՝ դրանց 10 տոկոսը հասանելի դարձնելով գիտական, կրթական և ստարտափային հատվածներին։ Տիեզերական կարողությունների զարգացման շրջանակում նախատեսվում է ձեռք բերել և շահագործել երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակ։

Պետական կառավարման և հակակոռուպցիոն ոլորտում խոստացվում է պետական ու համայնքային ծառայությունների թվայնացում և ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շարունակականություն։ Այն ներառելու է ապօրինի սեփականաշնորհված անտառների, լողափերի, զբոսայգիների և հանրային տարածքների վերադարձ պետությանն ու համայնքներին, ինչպես նաև շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ապօրինի գույքի վերադարձ հանրությանը։

Ներկայում խորհրդարանում ընթանում են կառավարության հնգամյա ծրագրի քննարկումները։ Այդ ծրագիրը դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից։

Կարդացեք նաև՝ Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում