Փոխվարչապետն ու ԵՏՀ պաշտոնյան քննարկել են ԵԱՏՄ-ում առկա տեխնիկական խոչընդոտները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման նախարար Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման հետ կապված հարցեր, հայտնում են կառավարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորել են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։











