Դատավորը հրաժարվեց քննել, կաթողիկոսի գործն ուղարկեց Երևանի դատարան

Դատավոր Սերժ Ռուշանյանը Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ (խմբ․ ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու և լուծելու տվյալ գործը)։
«Եթե վեճ բարձրացվի՝ չեմ պատրաստվում անաշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակուրդ վերցնել, չեմ պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում կորոշվի, որ այս գործն ինձ է վերադառնում, կհանդիպենք հաջորդ դատական նիստին»,- ասաց դատավոր Ռուշանյանը։
Դատավորն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ, թե որտեղ պետք է քննվի գործը:
Ըստ դատարանի գնահատման՝ ընդդատության հարցի սխալ լուծումը կարող է հետագայում հանգեցնել վերաքննության կամ վճռաբեկության կարգով դատական ակտի բեկանման և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ռիսկերի։
Դատարանը նշեց, որ մյուս մեղադրյալների համեմատությամբ Կաթողիկոսի մեղադրանքում տեղ գտած այս բացթողումը հարցեր է առաջացնում։ Մեղադրանքի կողմը պետք է պարզաբանի՝ արդյոք դա տեխնիկական վրիպակ է, թե չպարզված հանգամանք։
Այս իրավական հիմնավորումների արդյունքում դատարանը որոշում կայացրեց գործը տարածքային ընդդատության կանոններով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:
Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։
Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին։
Տեղադրություն











