Գլխավոր Լրահոս

Վրաստանի և Enka Renewables-ի՝ ՀԷԿ-ի շուրջ 350 միլիոն դոլարի վեճը տեղափոխվել է ԱՄՆ դատարան

Նամախվանի ՀԷԿ-ը

Նամախվանի ՀԷԿ-ը

Լուսանկարը՝ Civil Georgia-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թուրքական շինարարական հսկա Enka Renewables-ի հետ Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման շուրջ Վրաստանի կառավարության երկարատև վեճը շարունակվում է․ ԱՄՆ դատարանը Թբիլիսիին պարտավորեցրել է ընկերությանը վճարել ավելի քան 350 միլիոն դոլար՝ գումարած տոկոսները։ Սա տեղի է ունենում ֆրանսիական դատարանի կասեցրած վճարումից ամիսներ անց․ Վրաստանը պնդում էր, որ անհապաղ վճարումը վնաս կհասցնի երկրի տնտեսությանը։

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ գործընթացը դեռ վերջնական չէ, և բողոքարկումը շարունակվում է։

Վեճը սկիզբ է առել տարիներ առաջ Վրաստանի կառավարության և Enka-ի միջև կնքված համաձայնագրից, որով նախատեսվում էր Ռիոնիի հովտում կառուցել Նամախվանի ՀԷԿ-ը։ Նախագիծը հասարակական կոշտ դիմադրության և երկարատև բողոքի ցույցերի պատճառ դարձավ, իսկ 2021-ի սեպտեմբերին Enka-ն հրաժարվեց դրանից՝ հայտարարելով կառավարության հետ համաձայնագիրը դադարեցնելու մասին։

2024-ին Միջազգային արբիտրաժային դատարանը Վրաստանին պարտավորեցրեց փոխհատուցում վճարել Enka Renewables-ին։ 2026-ի փետրվարին Փարիզի վերաքննիչ դատարանը կասեցրեց որոշման կատարումը, ինչից հետո Enka Renewables-ը դիմեց ԱՄՆ դատարան։

2026-ի սեպտեմբերի 11-ին կայացված որոշումը հնարավորություն է տալիս սկսել միջազգային արբիտրաժային վճռի կատարումը, որից Վրաստանը ամիսներ շարունակ փորձում էր խուսափել։ Enka-ն դիմել էր Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դաշնային դատարան՝ խնդրելով ճանաչել և կիրառել 2024-ի դեկտեմբերին Փարիզի արբիտրաժային տրիբունալի կայացրած որոշումը, որով Վրաստանը պարտավորվել էր ընկերությանը վճարել 383,2 միլիոն դոլար։

«Հիմնական գործընթացը շարունակվում է Փարիզի արբիտրաժում։ Մենք բողոքարկել ենք, հիմնական ընթացակարգերն այնտեղ են, և խնդրել ենք չեղարկել այս որոշումը։ Պատասխանն ակնկալում ենք ոչ շուտ, քան այս տարվա վերջը»,- սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է արդարադատության նախարար Բեկա Ձամաշվիլին՝ հեռուստաեթերում մեկնաբանելով ԱՄՆ դատարանի որոշումը։

Տնտեսագետ և Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն Ձամաշվիլիի հայտարարություններն ապակողմնորոշող է անվանել և պնդել, որ Փարիզի արբիտրաժի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Գոցիրիձեն հավելել է, որ կառավարությունը միայն խնդրել է հետաձգել վճռի կատարումը, քանի որ Վրաստանի բյուջեում Enka Renewables-ին վճարելու համար անհրաժեշտ գումար չկար։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն «խորքային պետությանը» և «գլոբալ պատերազմի կուսակցությանը»՝ տերմիններ, որոնք իշխող կուսակցությունն օգտագործում է Արևմուտքը վերահսկող ստվերային ուժերի մասին խոսելիս, մեղադրել է Նամախվանի ՀԷԿ-ի նախագծին խոչընդոտելու մեջ։

«Այս ամենը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ։ Ուղղակի դիվերսիա էր իրականացվում, առանց որևէ հիմքի բողոքի ցույցեր էին կազմակերպվում, ինչին հետո հաջորդեց ՀԷԿ-ը չկառուցելու որոշումը»,- ասել է նա։

«Հիշեցնեմ համատեքստը․ այն ժամանակ օտարերկրյա գործակալները շատ ավելի ուժեղ էին, իսկ պետությունը՝ շատ ավելի թույլ։ Ի վերջո, դա հանգեցրեց այս ամենին»,- շարունակել է նա՝ հավելելով, որ երկրում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքների ընդունումից հետո «գործակալներն» այսօր շատ ավելի թույլ են։

Տե՛ս նաև՝ Կոբախիձեն «խորքային պետությանը» մեղադրում է ռուս զբոսաշրջիկներին վախեցնելու և Վրաստանի տնտեսությանը վնասելու ծրագրի մեջ

Երկարատև իրավական վեճ Enka Renewables-ի հետ

Enka-ն դիմեց ԱՄՆ դատարաններ, քանի որ ԱՄՆ-ը 1958-ի Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից է։ Այն միջազգային վեճերի կողմերին հնարավորություն է տալիս վճիռների կատարումը պահանջել նաև ամերիկյան իրավազորության շրջանակում։ Վճռի կատարումը կասեցված էր Ֆրանսիայում ընթացող համապատասխան դատական գործընթացների պատճառով, սակայն վերջին որոշումը թույլ է տալիս շարունակել գործընթացը։

Գործը վերաբերում է Թբիլիսիի և Enka Renewables-ի միջև կնքված պայմանագրին՝ արևմտյան Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ը կառուցելու և շահագործելու մասին։ Enka-ի մայր ընկերության՝ Enka Insaat-ի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ENKA Renewables-ը հաշվեկշռից դուրս էր գրել գույքի, ՀԷԿ-ի և դրա սարքավորումների մեջ կապիտալացված 40,4 միլիոն դոլարը։ Անմիջապես պարզ չէր՝ արդյոք Վրաստանի կառավարությունը գնել է դուրս գրված ակտիվները, թե ոչ, թեև պայմանագիրը ներդրողին թույլ էր տալիս կառավարությունից պահանջել դրանց գնումը։

Այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն այժմ բանտում է, 2021-ի հունիսին հայտարարել էր, որ նախագիծը ներկայիս տեսքով չի իրականացվի։ Արբիտրաժային տրիբունալի գնահատմամբ՝ այդ որոշումը խախտել էր ներդրումային համաձայնագիրը, որը Enka-ին իրավունք էր տալիս պայմանագրի խախտման դեպքում կառավարության գործողությունները վիճարկել արբիտրաժում։

Վրաստանն ու Enka-ն տարաձայնություններ ունեին նաև ծրագրից դուրս գալու ընթացքում փոխանցված ակտիվների արժեքի շուրջ։ Գործը քննող դատավորը եզրակացրել էր, որ Enka-ն ակտիվները փոխանցել է շուկայական արդար արժեքով, մինչդեռ Վրաստանը վիճարկել էր այդ գնահատականը և հրաժարվել վճարել՝ միաժամանակ հերքելով, որ խախտել է պայմանագրային պարտավորությունները։

Գործը 2022-ի մայիսից քննվում էր Փարիզի Միջազգային արբիտրաժային դատարանում։ Գրեթե երկու տարի անց տրիբունալը որոշեց, որ Վրաստանը էականորեն խախտել է համաձայնագիրը, և պարտավորեցրեց նրան Enka-ին վճարել ակտիվների ամբողջ արժեքը՝ մոտ 350 միլիոն դոլար, ինչպես նաև տոկոսներ։

2025-ի հունվարին Վրաստանը Փարիզի վերաքննիչ դատարանից խնդրեց չեղարկել վճիռը, իսկ Enka-ն միաժամանակ սկսեց դրա կատարման գործընթացը ԱՄՆ-ում, որի շրջանակում էլ այժմ կայացվել է վերջին որոշումը։

OC Media-ի հետ զրույցում Գոցիրիձեն քննադատել է կառավարության վարած գործընթացը՝ վճարման ենթակա գումարն անվանելով «աստղաբաշխական»։ Նա նշել է, որ InterRAO-ին առանձին գործով վճարման ենթակա 138 միլիոն դոլարի հետ միասին այդ գումարները բավարար կլինեին ամբողջությամբ կառուցելու Անակլիայի նավահանգիստը՝ Սև ծովի վրացական ափին խորջրյա նավահանգստի երկար ժամանակ ձգձգվող նախագիծը։

Գոցիրիձեն ամբողջ պատասխանատվությունը դրել է կառավարության վրա՝ պնդելով, որ թեև ՀԷԿ-ի նախագիծն ինքնին կարող էր թերություններ ունենալ, գործընկերների հետ պայմանները վերանայելու փոխարեն հարցը պատշաճ կերպով լուծելը պետության պարտականությունն էր։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում