Գլխավոր Լրահոս

Կոբախիձեն «խորքային պետությանը» մեղադրում է ռուս զբոսաշրջիկներին վախեցնելու և Վրաստանի տնտեսությանը վնասելու ծրագրի մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես կոչված «խորքային պետությանը» մեղադրել է Վրաստանի տնտեսությանը վնասելու փորձի մեջ՝ երկրից ռուս զբոսաշրջիկներին հեռու պահելու և Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելու միջոցով։

«Խորքային պետությունը», ինչպես նաև «գլոբալ պատերազմի կուսակցությունը», անորոշ ձևակերպումներ են, որոնք պարբերաբար տեղ են գտնում իշխող «Վրացական երազանքի» դավադրության տեսություններում և վերաբերում են ստվերային ուժերի, որոնք, ըստ կուսակցության, փորձում են տապալել Վրաստանի կառավարությունն ու երկիրը պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ։

Օգոստոսի 12-ի ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն հայտարարել է, որ ենթադրյալ ծրագիրը նպատակ ունի թուլացնել Վրաստանը և ի վերջո երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։

Նա այս ենթադրյալ ծրագիրը կապել է նախկին փորձերի հետ, որոնց նպատակը, իր խոսքով, Վրաստանին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելն էր։

«Եթե 2022-ին՝ Ուկրաինայում պատերազմի սկզբում, «խորքային պետության» հրահանգով տեղական արմատական գործակալական ցանցը կառավարությանը կոչ էր անում երկրորդ ճակատ բացել և կամավորներ ուղարկել Ուկրաինա, իսկ միաժամանակ օտարերկրյա գործակալներն առաջարկում էին ռազմական ուժով «զբոսնել» Վրաստանի Սուխումում և Ցխինվալիում, ապա «խորքային պետության» նոր ծրագրի համաձայն՝ նրանց տեղական գործակալական ցանցը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռուս զբոսաշրջիկներն այլևս Վրաստան չգան»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ դա ի վերջո կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կդադարեցնի տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ։

«Այս ամենի նպատակը, ինչպես երկրորդ ճակատ բացելու և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին միանալու դեպքում, Վրաստանի տնտեսությունը փլուզելն է, ժողովուրդների միջև թշնամանք հրահրելը և գործընթացները ռազմական հակամարտության հասցնելը»,- ասել է նա։

Կոբախիձեն նաև անուններ չնշելով՝ օտարերկրյա գործընկերներին և երկրի ներսում գործող խմբերին մեղադրել է 2022-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու դրդելու փորձերի մեջ։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Վրաստանին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու և Ուկրաինա կռվելու կամավորներ ուղարկելու դրդելու փորձերը ձախողվեցին, ենթադրյալ արշավը տեղափոխվեց այլ հարցերի դաշտ, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Վրաստանի հարաբերությունների և այն արշավների, որոնք նա անվանել է «ռուսատյաց»։

Որպես օրինակ Կոբախիձեն հիշատակել է 2023-ին Բաթումում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող Astoria Grande զբոսանավի ժամանման դեմ բողոքի ցույցերը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի բողոքի ակցիան՝ Կվարելի Լեյք հանգստավայրում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ հարսանիքի դեմ։

Հարսանիքին ներկա էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դուստր Եկատերինա Լավրովան և նրա ամուսինը՝ Ալեքսանդր Վինոկուրովը։

«Այս արշավն ուղղակիորեն ուղղված էր զբոսաշրջիկների դեմ։ Ռուս զբոսաշրջիկներին ներկայացնում էին որպես սպառնալիք»,- ասել է Կոբախիձեն՝ պնդելով, որ նման վերաբերմունքը խորթ է վրացական մշակույթին։

Նա նաև ընդգծել է վրաց և ռուս հասարակությունների միջև կապերը պահպանելու կարևորությունը՝ չնայած քաղաքական տարաձայնություններին։

«Հատկապես կարևոր է զգուշավոր լինել, որպեսզի ժողովուրդների միջև առկա կապերը չվնասվեն»,- ասել է նա՝ մատնանշելով վրաց-ռուսական խառը ընտանիքների, ինչպես նաև երկու երկրներում վրացական և ռուսական սփյուռքների առկայությունը։

«Ինչպիսին էլ լինի «խորքային պետության» ծրագիրը, մենք չպիտի թույլ տանք, որ քաղաքական տարաձայնությունները, անցյալում թույլ տրված քաղաքական սխալները կամ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» ծրագիրը ժողովուրդների միջև թշնամանքի հիմք դառնան»,- ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Կոբախիձեն անդրադարձել է նաև 1783-ի Գեորգիևսկի պայմանագրին, որը Հերակլ II թագավորի օրոք կնքվել էր Քարթլի-Կախեթի թագավորության և Ռուսական կայսրության միջև։

Նրա պնդմամբ՝ չնայած հետագայում Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնակցմանը՝ պայմանագիրն այն ժամանակ կարևոր դեր է խաղացել Վրաստանը գոյաբանական սպառնալիքներից պաշտպանելու հարցում։

«Գեորգիևսկի պայմանագրից մինչև Վրաստանի բռնակցումը գրեթե 20 տարի է անցել, հետևաբար [պայմանագիրը] գործել է։ Այդ տարիներին՝ երկու տասնամյակ, մեր երկիրն, ըստ էության, գոյատևել է»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն պայմանագիրն անվանել է Հերակլ II-ի «իմաստուն և այլընտրանք չունեցող» որոշում՝ պնդելով, որ այն օգնել է Վրաստանին նրա կյանքի օրոք գոյատևել գոյաբանական սպառնալիքի պայմաններում։

1795-ին՝ Գեորգիևսկի պայմանագրի կնքումից 13 տարի անց, Ղաջարական Իրանը ներխուժել է Վրաստան։ Ռուսաստանը Վրաստանին օգնության չի հասել ներխուժման ժամանակ։

Կոբախիձեն նախկինում նմանատիպ հայտարարություններ է արել նաև 2008-ի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ։

Վրաստանի կառավարությունը բազմիցս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը մեղադրել է 2008-ի պատերազմը հրահրելու մեջ, մինչդեռ քննադատներն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են հակամարտության համար Ռուսաստանի պատասխանատվությունը նվազեցնելու մեջ։

Տե՛ս նաև՝ Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանին Վրաստանի «թշնամի» անվանել՝ կրկին մեղադրելով Սաակաշվիլիին 2008-ի պատերազմը սկսելու համար

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում