Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, լրագրողների ուղիղ հարցին պատասխանելով, հրաժարվել է Ռուսաստանին Վրաստանի թշնամի անվանել՝ միաժամանակ կրկին մեղադրելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը 2008-ի օգոստոսյան պատերազմը սկսելու համար։
Օգոստոսի 11-ին Կոբախիձեին հարցրել են Հարավային Օսիայից հնչած արձագանքի մասին, քանի որ նա պատերազմի տարելիցին պատասխանատվությունը դրել էր նախկին կառավարության վրա։
Լրագրողը հարցրել է, թե ինչ պատասխանատվություն է զգում Կոբախիձեն Ցխինվալիից հնչած այն հայտարարությունների առնչությամբ, ըստ որոնց՝ Սաակաշվիլիին մեղադրելով՝ Վրաստանը փաստացի նրան ճանաչել է որպես ագրեսիայի պատասխանատու և, հետևաբար, ինքն էլ պետք է ստանձնի պատերազմը սկսելու պատասխանատվությունը։
Կոբախիձեն մերժել է հարցի այդ ձևակերպումը՝ ասելով․
«Նախ՝ Հարավային Օսիայի Հանրապետություն գոյություն չունի, Աբխազիայի Հանրապետություն գոյություն չունի, նման կազմավորումներ չկան, և, հետևաբար, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ հայտարարություններ են անում օկուպացված տարածքների դե ֆակտո կազմավորումների ներկայացուցիչները»։
Այնուհետև նա կրկին պնդել է, որ պատերազմը սկսելու պատասխանատվությունը կրում է նախկին կառավարությունը՝ հղում անելով հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի բանաձևին։
«Այնտեղ հստակ գրված էր, որ հակամարտությունը վերաճել է լայնածավալ ռազմական գործողությունների այն բանից հետո, երբ ձեր կուսակցությունն առանց նախազգուշացման ռմբակոծել է Ցխինվալին»,- ասել է Կոբախիձեն՝ նկատի ունենալով Սաակաշվիլիի՝ նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» (UNM) կուսակցությունը։
Տե՛ս նաև՝ Կոբախիձեն կրկին Սաակաշվիլիին է մեղադրել 2008-ի օգոստոսյան պատերազմը սկսելու համար
«Վրացական երազանքը» բազմիցս հղում է արել Եվրոպայի խորհրդի 2008-ի վիճահարույց զեկույցին՝ պնդելով, որ պատերազմը հրահրելու պատասխանատվությունը կրում է նախկին կառավարությունը։ Զեկույցում նշվում էր, որ Վրաստանի կողմից Ցխինվալիի՝ առանց նախազգուշացման հրետակոծումը դեր է ունեցել հակամարտության՝ բաց և լայնածավալ պատերազմի վերաճելու գործում։
Այնուհետև Կոբախիձեին ուղիղ հարցրել են, թե ում է նա համարում Վրաստանի թշնամին և ով է սկսել պատերազմը։
«Միակ պետությունը և միակ կողմը, որն օկուպացրել է Վրաստանի տարածքները, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն է, և դա փաստ է։ Ռուսաստանի Դաշնությունն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչը հանցագործություն էր վրացական պետության և մեր ժողովրդի դեմ։ Սա աղաղակող հանցագործություն է»,- ասել է նա։
Երբ լրագրողը ճշտել է՝ արդյոք այդ դեպքում Ռուսաստանը Վրաստանի թշնամին է, Կոբախիձեն հարցն անվանել է «ամոթալի»։
Նա լրագրողներին մեղադրել է նրանում, որ փորձում են իրենից Ռուսաստանին թշնամի անվանող հայտարարություն կորզել՝ վերնագիր ստանալու նպատակով՝ պնդելով, որ նման ձևակերպումը քաղաքական հետևանքներ կունենա։
«Սա կոնկրետ քաղաքական հայտարարություն է, որին հետո պետք է քայլեր հաջորդեն՝ մոտավորապես այնպիսի, կամ հենց այնպիսի քայլեր, որոնք ձեր կուսակցությունը ձեռնարկեց 2008-ին և մինչև 2008-ը»,- ասել է Կոբախիձեն։
Օգոստոսի 11-ին Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումներն անշրջելի են։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ տեսնում է «զգուշավոր միտումներ» դեպի այն, որ Վրաստանը ճանաչի և ընդունի, իրենց ձևակերպմամբ, «2008-ին կատարված հանցագործությունների համար ամբողջական իրավական պատասխանատվությունը»։
Գերատեսչությունը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը ներկայացրել է որպես «վրացական ագրեսորին խաղաղության պարտադրելու» գործողությանը հաջորդած քայլ։
Ցխինվալին նաև կրկին հայտարարել է, որ Հարավային Օսիան անկախ պետություն է, և Վրաստանին կոչ է արել ստանձնել 2008-ի իրադարձությունների պատասխանատվությունը։
Այս հայտարարությունները հնչել են Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունների որոշակի ջերմացման նշանների ֆոնին։
Օգոստոսի 10-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել Թբիլիսիի հետ, իր բնորոշմամբ, «պրագմատիկ կապերը»։
Ռուսաստանի պետական TASS գործակալությանը տված հարցազրույցում Գալուզինն ասել է, որ ընդհանուր պատմության, աշխարհագրության և մշակութային կապերի շնորհիվ Ռուսաստանն ու Վրաստանը «բնական գործընկերներ» են։
«Ակնհայտ է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատումն է, այլ մեր երկրի հետ համագործակցությունը»,- ասել է Գալուզինը։
Միաժամանակ նա ընդունել է, որ ներկայում Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկկողմ քաղաքական շփումներ չկան։ Դրա համար Գալուզինը մեղադրել է Վրաստանին՝ պնդելով, որ Թբիլիսին չի ցանկանում երկխոսության գնալ։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու նպատակով Վրաստանի վրա Արևմուտքի գործադրած ճնշումը ձախողվել է։
«Հաշվի առնելով պատմական ճակատագրերի և աշխարհագրության սերտ միահյուսվածությունը՝ Ռուսաստանն ու Վրաստանը միմյանց համար բնական գործընկերներ են»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ, չնայած քաղաքական տարաձայնություններին, երկու երկրները ձգտում են կառուցել «փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ»։
Ռուս պաշտոնյայի հայտարարությունների մասին հարցին Կոբախիձեն պատասխանել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և չի վերականգնի դրանք, քանի դեռ Մոսկվան շարունակում է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
«Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ակնհայտ պատճառներով։ Քանի դեռ այսպես կոչված ճանաչումը կայացած փաստ է, Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները, բնականաբար, չեն վերականգնվի»,- ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է։
«Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Սա մեր քաղաքական դիրքորոշումն է, և հույս ունենք, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում այս ամենը հնարավոր կլինի»,- ասել է նա։
Կոբախիձեի հայտարարություններին արձագանքել է նաև Ցխինվալին։ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչմանը՝ նշելով, որ Վրաստանը պետք է հաշվի առնի Մոսկվայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ այդ որոշումներն անշրջելի են։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












