Վրաստանում գույքահարկի փոփոխությունները միջին խավի համար թեթևացում են, իսկ մյուսների համար՝ անորոշություն

Թբիլիսին
Լուսանկարը՝ OC Media-ի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գույքահարկ վճարելու պարտավորության տարեկան եկամտի շեմը 40 հազար լարիից (15 հազար դոլար) բարձրացրել է մինչև 100 հազար լարի (38 հազար դոլար)՝ հայտարարելով, որ փոփոխության շնորհիվ 81 հազար ընտանիք այլևս գույքահարկ չի վճարի։
Փոփոխությունների մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Իրակլի Կիրկիցխալիան։
Կիրկիցխալիայի խոսքով՝ խորհրդարանը փոփոխությունները կքննարկի արագացված կարգով, որպեսզի տարեկան մինչև 100 հազար լարի (38 հազար դոլար) եկամուտ ունեցողներն այս տարի այլևս հարկը չվճարեն։
Նույն օրը Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ փոփոխությունները կվերաբերեն 2025-ի եկամուտներին և հարկվող գույքին, այլ ոչ թե 2026-ի։
Քաղաքացիները յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն գույքահարկի հայտարարագիր, որտեղ նշվում է նախորդ տարվա ընդհանուր եկամուտը։ Մինչ այժմ այս պահանջը վերաբերում էր 40 հազար լարիից (15 հազար դոլար) ավելի եկամուտ ունեցող և հարկվող գույք ունեցող անձանց։
Եկամուտների ծառայության ղեկավար Մամուկա Բարաթաշվիլին խորհրդարանում ասել է, որ շեմի բարձրացման արդյունքում 81 հազար ընտանիք կազատվի գույքահարկից՝ ընդհանուր առմամբ խնայելով 22 միլիոն լարի (8,5 միլիոն դոլար)։ Նրա խոսքով՝ օրինագիծն արագացված կարգով է քննարկվում, որպեսզի համապատասխան ընտանիքները փոփոխությունից օգտվեն արդեն այս տարի։
Կառավարությունը որոշումը հիմնավորել է ՀՆԱ-ի, կենսամակարդակի և աշխատավարձերի աճով, ինչպես նաև ընդհանուր տնտեսական միջավայրի փոփոխություններով։ Սակայն չնայած ՀՆԱ-ի վերջին ցուցանիշներին՝ ոչ բոլորն են համոզված, որ երկիրն առաջընթաց է գրանցում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2026-ի երկրորդ եռամսյակում Վրաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական արտահայտությամբ աճել է 6,9 տոկոսով։
Տնտեսագետ և «Ազատ գործարարների ասոցիացիայի» հիմնադիր Պաատա Բարախտարին OC Media-ի հետ զրույցում ասում է, որ գույքահարկի շեմի բարձրացումն անխուսափելի էր դարձել, քանի որ գործող շեմն այլևս հնարավոր չէր հիմնավորել։
Նա նշում է, որ 2005-ին սահմանված 40 հազար լարիի շեմն այլևս չի համապատասխանում այսօրվա տնտեսական իրականությանը։ Այդ ժամանակից ի վեր փոխարժեքն ու գները զգալիորեն փոխվել են, իսկ միայն գնաճի հետևանքով գներն աճել են 2,5 անգամ։
«Այսօր ամսական 2000-ական լարի (770 դոլար) վաստակող ամուսնական զույգն արդեն գույքահարկի տակ է ընկնում, թեև այդ եկամուտը դժվար է բարձր համարել։ Հետևաբար շեմը պետք է բարձրացնել կամ հարկն ընդհանրապես վերացնել»,- OC Media-ին ասել է Բարախտարին։
Բարախտարին նաև հարց է բարձրացրել, թե ինչու է կառավարությունը վերանայում գույքահարկի շեմը, բայց անփոփոխ է թողնում այլ հնացած շեմերը, այդ թվում՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի սահմանաչափերը։
«Տնտեսական պայմանները փոխվել են բոլոր հարկատեսակների համար։ Ինչո՞ւ այդ շեմերը նույնպես չեն վերանայվում»,- հարցնում է նա՝ քննադատելով կառավարությանը։
Ընդդիմության նախկին պատգամավոր և տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն կարծում է, որ ֆիզիկական անձանց համար գույքահարկի շեմի բարձրացումը դրական որոշում է, սակայն այն չի կարելի «իրական բարեփոխում» համարել։ Գոցիրիձեն ևս համաձայն է, որ 2005-ին սահմանված նախկին շեմը հնացած էր։
«Այդ ժամանակից ի վեր սպառողական գներն աճել են, բարձրացել է նաև միջին աշխատավարձը, իսկ անշարժ գույքի շուկայական արժեքը լարիով աճել է 15-20 անգամ։ Արդյունքում հին շեմով գույքահարկը սկսել էր վերաբերել գրեթե ամբողջ բնակչությանը, և դա խնդիր էր»,- ասել է նա։
Գոցիրիձեի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունն արմատապես չի լուծում խնդիրը։ Նա նշել է, որ եթե գործող հարկային դրույքաչափերը չփոխվեն, 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող ընտանիքները կարող են «աղետալի» հարկային բեռի բախվել։
Գործող հարկային օրենսգրքով՝ 40 հազարից մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքների գույքահարկը կազմում է հարկվող գույքի շուկայական արժեքի 0,05 տոկոսից մինչև առավելագույնը 0,2 տոկոս։ 100 հազար լարի և ավելի եկամուտ ունեցող ընտանիքների համար դրույքաչափը կազմում է առնվազն 0,8 տոկոս և առավելագույնը՝ գույքի արժեքի 1 տոկոսը։
«Հիմնական հարցը միայն այն չէ, թե ովքեր կազատվեն հարկից, այլ նաև՝ որքան պետք է վճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցողները»,- ասել է նա։
Գոցիրիձեն քննադատում է նաև իրավաբանական անձանց՝ հողի չափի հիման վրա հարկելու առաջարկվող «էստոնական մոդելը»՝ պնդելով, որ բիզնեսի համար գույքահարկի դրույքաչափն արդեն բարձր է, իսկ հարկումը պետք է հիմնված լինի գույքի արժեքի վրա։
«Հողի չափի հիման վրա հարկումը տնտեսապես հիմնավորված չէ։ Մեծ տարածք զբաղեցնող ընկերությունը պարտադիր չէ, որ ավելի շատ հարկ վճարի, քան հարյուրավոր միլիոնների ակտիվներ ունեցող բարձր տեխնոլոգիական ընկերությունը, որը փոքր տարածքում է գործում»,- ասել է նա։
Նա առաջարկել է անշարժ գույքի արժեքի վրա հիմնված պրոգրեսիվ համակարգ, որի դեպքում հիմնական բնակության համար օգտագործվող և ցածր արժեք ունեցող գույքը կամ կազատվեր հարկից, կամ կհարկվեր նվազագույն դրույքաչափով, իսկ ավելի թանկ գույքի հարկը աստիճանաբար կբարձրանար։ Գոցիրիձեն նաև առաջարկում է ստեղծել գույքի միասնական պետական գնահատման համակարգ, որը պարբերաբար կվերանայվի՝ անհատական հայտարարագրերի վրա հենվելու փոխարեն։
«Դասական մոտեցմամբ հարկը հաշվարկվում է գույքի արժեքի, ոչ թե եկամտի հիման վրա։ Այսօր մեր խնդիրը գնահատման համակարգն ու դրույքաչափերն են։ Եթե Վակեում 500 հազար դոլար արժողությամբ տունը հարկենք 1 տոկոսով, սեփականատերը տարեկան պետք է վճարի 5800 դոլար, ինչը աբսուրդ է։ Դրույքաչափը պետք է մատչելի լինի, որպեսզի հարկային մշակույթը քաղաքակիրթ ձև ստանա»,- պնդել է նա։
Ըստ Գոցիրիձեի՝ ֆիզիկական անձանցից գույքահարկի մուտքերը պետական բյուջեի համար վճռորոշ նշանակություն չունեն, ուստի կառավարությունը հնարավորություն ունի ավելի տնտեսապես հիմնավորված համակարգ ընդունելու։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025-ի հունվար-նոյեմբերին ֆիզիկական անձինք ընդհանուր առմամբ 114 միլիոն լարի (44 միլիոն դոլար) գույքահարկ են վճարել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 27 միլիոն լարիով (10 միլիոն դոլար) ավելի է։ Այդ գումարից մոտ 32 միլիոն դոլարը կազմել է ֆիզիկական անձանց վճարած գույքահարկը։
Կազմակերպություն
Տեղադրություն











