Վրաստանում մեկ ժամում հավաքել են կալանավորված բժշկի գրավի գումարը

Մայա Կոխտաշվիլին
Կադրը՝ տեսանյութից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Արևելյան Վրաստանի Ախմետա քաղաքում աշխատող բժիշկ Մայա Կոխտաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրան մեղադրում են երրորդ անձի համար հոգեմետ դեղի դեղատոմս ապօրինի դուրս գրելու մեջ։ Գործը լայն արձագանք է ստացել վրացական սոցիալական ցանցերում, իսկ նրա աջակիցները մեկ ժամից էլ քիչ ժամանակում հավաքել են 50 հազար լարի (20 հազար դոլար) գրավի գումարը։ Նրանք պնդում են, որ բժիշկը սադրանքի զոհ է դարձել։ Կոխտաշվիլիի գործը նաև դարձել է Վրաստանում հոգեմետ դեղերի նշանակումը կարգավորող նոր, վիճահարույց կանոնների օրինակ։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Կոխտաշվիլիի ձերբակալության մասին հայտարարեց սեպտեմբերի 11-ին՝ նշելով, որ Կախեթիի Ախմետա քաղաքում կլինիկայում աշխատող բժիշկը «քաղաքացու համար ապօրինի պատրաստել և տրամադրել է կեղծ դեղատոմս»։ Թեև այն հոդվածը, որով նրան մեղադրանք է առաջադրվել, նախատեսում է երեքից վեց տարվա ազատազրկում կամ տուգանք, գերատեսչության հայտարարությունում նշված էր միայն ազատազրկման հնարավորությունը։
Քննչական ծառայության հրապարակած կարճ, գաղտնի նկարահանված տեսանյութում Կոխտաշվիլին իր աշխատասենյակում զրուցում է մի տղամարդու հետ։ Ավելի ուշ պարզվեց, որ նա սովորական այցելու չէր, այլ Քննչական ծառայության աշխատակից, որին գործի քննադատները հետագայում հաճախ անվանում էին «սադրիչ գործակալ»։ Դատախազը տղամարդուն ներկայացրել է որպես գործով օպերատիվ միջոցառմանը մասնակցած անձ։
Դատարանում տված ցուցմունքում և հետագա մեկնաբանություններում Կոխտաշվիլին ասել է, որ տղամարդը պատմել է՝ Ախմետայից հեռու գտնվող բնակավայրից է եկել և ունի ծանր հիվանդ տատիկ, որը տառապում է եռվորյակ նյարդի նևրալգիայով։ Նրա խոսքով՝ կինը գամված էր անկողնուն, չէր կարողանում շարժվել և գաբապենտինի կարիք ուներ։ Նախկինում ընկերը նրան տվել էր դեղի մեկ պարկուճ, և դա միակ դեղամիջոցն էր, որը թեթևացրել էր ցավը։
Չնայած Կոխտաշվիլին գիտեր, որ օրենքն արգելում է երրորդ անձին դեղատոմս տրամադրել առանց հենց հիվանդի մասնակցության՝ անձամբ կամ լիազորագրով, միևնույն է, մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի անգամ դուրս է գրել դեղը։ Դատարանում բժիշկը բացատրել է, որ իրեն հուզել էր, թե ինչպես էր տղամարդը նկարագրում տատիկի վիճակը։
«Գիտեի, որ օրենք եմ խախտում, բայց մի պահ դա մտքիցս թռավ։ Փոխարենը կենտրոնացա այն բանի վրա, թե որքան է տառապում հիվանդը։ Նեյրոպաթիկ ցավը սարսափելի է [...] իսկ տարեց մարդկանց համար կարող է աղետալի լինել»,- ազատ արձակվելուց հետո Mtis Ambebi-ին ասել է նա՝ հավելելով․
«Իմ սխալն այն էր, որ բավականաչափ չստուգեցի ամեն ինչ, երևի չափազանց վստահեցի իմ միամտությանը։ Չկարողացա անցնել բժշկական էթիկայիս սահմաններից ու մտածել՝ իսկ եթե այս մարդը ստում է։ Նա այնքան վստահելի էր թվում»։
Մի պատմություն, որն այլ պայմաններում կարող էր առանձնապես ուշադրություն չգրավել, արագ տարածվեց սոցիալական ցանցերում՝ նախ Ախմետայում, ապա ամբողջ Կախեթիում, իսկ հետո արդեն ողջ երկրում։ Բազմաթիվ հիվանդներ աջակցություն հայտնեցին Կոխտաշվիլիին՝ հիշելով, թե ինչպես է նա օգնել իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին։
«Ի՞նչ երկրում ենք ապրում։ Մարդասպաններն ազատ շրջում են, իսկ ձերբակալում են մի բժշկի [...], որն իրեն նվիրել է մարդկանց անշահախնդիր ծառայելուն՝ պարզապես բարիք գործելու համար։ Այս մասին բոլորը պետք է խոսեն»,- Kakheti News-ի հոդվածի տակ գրել է Facebook-ի օգտատերերից մեկը։
Սեպտեմբերի 12-ի նիստում Թելավիի շրջանային դատարանը Կոխտաշվիլիին ազատ արձակեց 50 հազար լարի (20 հազար դոլար) գրավի դիմաց՝ չնայած նրան նախնական կալանքի տակ պահելու դատախազության միջնորդությանը։
Կոխտաշվիլիի ընտանիքի անդամներն ու աջակիցները գրավի զգալի գումարը հավաքելու համար դրամահավաք սկսեցին, որն ավարտվեց մեկ ժամից էլ քիչ ժամանակում՝ ամբողջ գումարը հավաքելուց հետո։
«Հապճեպ ընդունված կարգավորումներ»
Գործով դատախազ Մանանա Թանդաշվիլին չի համաձայնել Կոխտաշվիլիի աջակիցների գնահատականներին՝ բացառելով, որ գործը կարող էր «սադրանք» լինել։
Իշխանամետ TV Imedi-ն մեջբերել է նրա խոսքերը, ըստ որոնց՝ հետաքննությունը շարունակվում է, և հնարավոր է բացահայտվեն «մեղադրյալի կատարած այլ հանցավոր դրվագներ», ինչպես նաև խստացվի մեղադրանքը և ընդլայնվի մեղադրյալների շրջանակը։
Նա նաև նշել է, որ Կոխտաշվիլին նմանատիպ գործով արդեն մեղավոր էր ճանաչվել Թելավիի դատարանի կողմից 2023-ին։ Mtis Ambebi-ի տվյալներով՝ նախորդ դեպքը տեղի էր ունեցել 2017-ին, իսկ 2023-ին ավարտվել էր դատավարական համաձայնագրով։ Լրատվամիջոցին տված հարցազրույցում Կոխտաշվիլին ասել է, որ այն ժամանակ էլ նման իրավիճակ էր ստեղծվել, և ինքը, առաջնորդվելով «բժշկական էթիկայով», «հիվանդի կողմն էր բռնել»։
«Չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ էլ այդպես արեցի, ու չեմ կարող բացատրել՝ ինչու։ Գուցե բնավորությունիցս է․ ես շատ խորն եմ ցավում հիվանդների համար»,- ասել է նա։
Կոխտաշվիլիին աջակցած շատ մարդիկ մատնանշել են հոգեմետ դեղերի նշանակման կանոնները, որոնք զգալիորեն խստացվել են ապրիլի 1-ից։
Նոր օրենսդրությամբ բժիշկները չափահաս հիվանդներին նման դեղամիջոցներ կարող են նշանակել յուրաքանչյուր 14 օրը մեկ։ Միանգամից կարելի է դուրս գրել առավելագույնը 14 օրվա համար նախատեսված քանակ, իսկ նշանակվող հոգեմետ դեղի օրական չափաբաժինը չի կարող գերազանցել դեղի ցուցումներում սահմանված առավելագույն չափը։
Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է ոլորտն ավելի արդյունավետ վերահսկելու անհրաժեշտությամբ, մինչդեռ քննադատները մատնանշում են այն խնդիրները, որոնք այս մոտեցումը կարող է ստեղծել շտապ դեղորայքի կարիք ունեցող հիվանդների համար։
«Հապճեպ ընդունված և ոչ պատշաճ գնահատված կարգավորումները կարող են ի վերջո ավելի մեծ վնաս հասցնել հիվանդներին և բարդ իրավիճակում դնել բուժաշխատողներին»,- Facebook-ում Կոխտաշվիլիի գործը մեկնաբանելիս գրել է Ամիրան Գամկրելիձեն, որը 2013-2022-ին ղեկավարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Նա ևս աջակցություն է հայտնել Կոխտաշվիլիին՝ նշելով, որ «Ախմետայում չի գտել նույնիսկ մեկ մարդու, որը բացասական կարծիք ունենար տիկին Մայայի բնավորության կամ մասնագիտական որակների մասին»։
«Բժիշկները չպետք է վախենան, որ հիվանդի ցավն ու տառապանքը թեթևացնելու համար մասնագիտական քայլ ձեռնարկելը կարող է իրավական կամ այլ պատժամիջոցների հանգեցնել»,- հավելել է Գամկրելիձեն։
Վրացական բժշկական Medscriptum պարբերականը նույնպես քննադատել է նոր օրենսդրությունը՝ նշելով, որ «այստեղ կախվածության մասին խոսք չկա․ խոսքը կոնկրետ հիվանդությունների դեպքում բժշկական տեսանկյունից ցուցված և անհրաժեշտ դեղատոմսի մասին է»։
«Մարդիկ տարիներ շարունակ ընդունել են այս դեղերը, իսկ հիմա հանկարծ ամեն ինչ փոխվել է։ Միևնույն ժամանակ նրանք, ում այդ դեղերը պետք են ոչ պատշաճ նպատակներով՝ այլ նյութերի հետ համակցելու կամ մեծ չափաբաժիններով օգտագործելու համար, կարող են դրանք հեշտությամբ ձեռք բերել անօրինական ճանապարհով»,- գրել է պարբերականը։











