Վրաստանի պետական անվտանգության նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին
Լուսանկարը՝ Պետական անվտանգության ծառայությունից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին մեղավոր է ճանաչվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափի կաշաքռ ստանալու գործով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման։ Լիլուաշվիլին հերքում է մեղադրանքները։
Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռը հրապարակել է սեպտեմբերի 16-ին՝ ավարտելով աղմկահարույց գործը, որը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ քրեական հետապնդումների շարքի մի մասն է։ Նրանցից մի քանիսը ձերբակալվել են մեկը մյուսի հետևից։
Գլխավոր դատախազությունը մի քանի դրվագ է ներկայացրել 2025-ի դեկտեմբերին ձերբակալված Լիլուաշվիլիին մեղադրանք առաջադրելիս։ Առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում էր 11-15 տարվա ազատազրկում։
Քննության տվյալներով՝ առաջին դրվագով Լիլուաշվիլին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից 1 միլիոն դոլար կաշառք է ստացել այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի միջոցով՝ հողմային էլեկտրակայանների կառուցման համագործակցության հուշագրի ստորագրմանը նպաստելու համար։
Միկաուտաձեին 2025-ի հունիսին ձերբակալեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքներով, իսկ ավելի ուշ դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։
Դատախազության տվյալներով՝ երկրորդ դրվագը տեղի է ունեցել 2022-ի փետրվարին, երբ Լիլուաշվիլին, կրկին Միկաուտաձեի միջոցով, ընկերություններից մեկի ներկայացուցչից պահանջել և ստացել է 1,5 միլիոն լարի (560 հազար դոլար)՝ գազաֆիկացման մրցույթներում աջակցելու դիմաց։
Երրորդ դրվագը վերաբերում է Վրաստանում գործող խարդախ «զանգերի կենտրոններին»։ Դատախազությունը պնդում է, որ Լիլուաշվիլին դրանց գործունեությանը ներգրավված է եղել իր զարմիկ Անդրիա Լիլուաշվիլիի հետ, որն այժմ բանտում է։ Ըստ մեղադրանքի՝ Ծառայության նախկին ղեկավարն այս դրվագով ստացել է մոտ 1,3 միլիոն դոլար։
Անդրիա Լիլուաշվիլին հուլիսին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։
Չորրորդ դրվագով Գլխավոր դատախազությունը խոսում է Լիլուաշվիլիի և Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման քաղաքային գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեի ենթադրյալ հանցավոր կապի մասին։ Դատախազության պնդմամբ՝ Լիլուաշվիլին կաշառքներ ստանալու գործընթացում հովանավորել է Գվանցելաձեին՝ դրա դիմաց կաշառք ստանալով։
Գվանցելաձեին Լիլուաշվիլիի ձերբակալության հետ միաժամանակ՝ 2025-ի վերջին, հեռակա կարգով մեղադրանք առաջադրեցին, քանի որ նա այդ ժամանակ արդեն երկրից դուրս էր։
Լիլուաշվիլիի պաշտպանական կողմը պնդում է, որ գործով ապացույցներ չկան։ Նրա փաստաբան Լանա Ցերցվաձեն դատավճռից մեկ օր առաջ հայտարարել է, որ «մեղադրող կողմը Գրիգոլ Լիլուաշվիլիին մեղադրում է չորս դրվագով, սակայն չի կարողացել ներկայացնել նույնիսկ չորս ապացույց, որոնք կհաստատեին, որ նա իսկապես կատարել է հանցագործությունը»։
Ցերցվաձեի խոսքով՝ գործով միակ ապացույցը կալանքի տակ գտնվող Միկաուտաձեի «կեղծ ցուցմունքն» է, որը «ամբողջությամբ հերքվել է պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներով»։
Լիլուաշվիլին Պետական անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2019-ից մինչև 2025-ի ապրիլը, երբ կառավարությունը հայտարարեց, որ նա նշանակվելու է Տարածաշրջանային զարգացման նախարար։ Սակայն երկու օր անց Կոբախիձեն ասաց, որ մի շարք հարցերի, այդ թվում՝ փոխնախարարների գործառույթների շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, ինչի հետևանքով Լիլուաշվիլիի թեկնածությունը հանվեց։
Լիլուաշվիլիից և Միկաուտաձեից բացի՝ 2025-ի ընթացքում կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալված «Վրացական երազանքի» իշխանության տարիներին պաշտոնավարած մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն դատապարտվել են։
Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2026-ի հունվարին դատավարական համաձայնագրի շրջանակում դատապարտվել է ավելի մեղմ՝ հինգ տարվա ազատազրկման, իսկ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ապրիլին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
Քրեական հետապնդումներին արձագանքելով՝ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդել են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում են լինելու՝ անկախ նրանից՝ գործը վերաբերում է ներկայիս, թե նախկին դաշնակցի։
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ չեն հավատում, թե գործընթացն իրականում կոռուպցիայի դեմ պայքարի մասին է՝ ակնարկելով հնարավոր ներքին իշխանական պայքարը։











