Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնից հեռացել է՝ այդ մասին հայտարարելով սոցիալական ցանցերում։ Նա պաշտոնավարել է հինգ ամսից էլ պակաս։ Գելաձեն 2025-ի օգոստոսից ի վեր Անվտանգության ծառայության արդեն երրորդ ղեկավարն է, որը հրաժարական է տալիս։ Նրա տեղը կզբաղեցնի տեղակալ Թամազ Բորաշվիլին։
Գելաձեն ասել է, որ կշարունակի աշխատել մեկ այլ պետական կառույցում, սակայն չի հստակեցրել, թե որտեղ, և հրաժարականի պատճառ էլ չի նշել։
«Պետական անվտանգության ծառայության ղեկավար լինելը մեծ պատասխանատվություն էր և հնարավորություն՝ ծառայելու մեր երկրին»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին ու իշխող կուսակցության ղեկավարներին, այդ թվում՝ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Գելաձեի հայտարարությունից կարճ ժամանակ անց Կոբախիձեն որպես նրան փոխարինող ներկայացրեց ծառայության նախկին փոխղեկավար Բորաշվիլիին։
Գելաձեն այդ պաշտոնին էր նշանակվել 2026-ի ապրիլի 22-ին։ Մինչ այդ՝ 2025-2026-ին, նա զբաղեցրել է ներքին գործերի նախարարի, իսկ 2023-2024-ին՝ կրթության փոխնախարարի պաշտոնը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Գելաձեն փոխարինել էր Մամուկա Մդինարաձեին, որը ծառայությունը ղեկավարել է 2025-ի սեպտեմբերից մինչև 2026-ի ապրիլի հրաժարականը։ Մդինարաձեն, որը ժամանակին իշխող «Վրացական երազանք» կուսակցության առանցքային դեմքերից էր, այս պաշտոնին էր անցել իշխող դաշինքի խորհրդարանական առաջնորդ լինելուց հետո։
Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից
Ծառայությունից հեռանալուց հետո, սակայն, Մդինարաձեն նշանակվեց նորաստեղծ և, ըստ ամենայնի, ավելի ցածր ազդեցություն ունեցող պետական նախարարի պաշտոնում։ Քննադատները դա լայնորեն ընկալեցին որպես պաշտոնի իջեցում։ Օգոստոսի վերջին Մդինարաձեն հայտարարեց քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալու մասին։
ՊԱԾ-ում Մդինարաձեի նախորդը՝ Անրի Օխանաշվիլին, նույնպես պաշտոնավարեց հինգ ամսից էլ պակաս և հրաժարական տվեց 2025-ի օգոստոսին։
Վերջին շրջանում իշխող «Վրացական երազանքում» մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել։ ՊԱԾ-ի հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների և քրեական հետապնդումների ֆոնին։ Նրանց թվում են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՊԱԾ-ի նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Երկուսն էլ ներկայում կալանքի տակ են՝ կոռուպցիոն մեղադրանքներով։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել
Հանգստյան օրերին ևս մի քանի պաշտոնյա հրաժարական տվեց։ Սեպտեմբերի 12-ին պաշտոններից հեռացան Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Լևան Խարաբաձեն և Եկամուտների ծառայության ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեն։
Երկուսն էլ այդ պաշտոններին նշանակվել էին 2026-ին, իսկ նրանց հեռանալու պատճառները դեռ հայտնի չեն։ Սակայն ենթադրություններ են շրջանառվում, որ այս հրաժարականները կարող են Մդինարաձեի հետ կապվող պաշտոնյաների ավելի լայն հեռացումների սկիզբը լինել։ Մինչ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ղեկավարելը Խարաբաձեն ՊԱԾ-ում Մդինարաձեի տեղակալն էր։
Մդինարաձեն քաղաքականությունից հեռացավ, երբ Ղարիբաշվիլին բանտից մի քանի նամակ հրապարակեց՝ պնդելով, որ Մդինարաձեն փորձել է իրեն ստիպել խոստովանել կոռուպցիոն հանցագործություն, որը ինքը չի կատարել։












