Գլխավոր Լրահոս

Վրաստանը կհետևի իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ կհետևի իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ պատժամիջոցների տակ հայտնված որոշ ավիաընկերությունների չվերթներ դեռ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի չվացուցակում են։

Իրանի ավիացիոն ոլորտը թիրախավորող Թրամփի վարչակազմի վերջին պատժամիջոցներով սահմանափակումներ են կիրառվել իրանական 27 ավիաընկերությունների և ևս ինը ծառայություն մատուցող ընկերությունների նկատմամբ՝ «զենք, անձնակազմ և ապօրինի բեռներ տեղափոխելու գործում Իրանի ավիացիոն ոլորտին աջակցելու համար»։

Արձագանքելով այս որոշմանը՝ Վրաստանի ավիացիոն մարմինը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ Թբիլիսին ակտիվորեն հետևում է միջազգային գործընկերների սահմանած պատժամիջոցներին և ապահովում դրանց պահպանումը՝ հավելելով, որ «դա վերաբերում է նաև ավիացիոն ոլորտին»։

«Վրաստանը կշարունակի խստորեն ապահովել միջազգային պահանջների պահպանումը և առաջնորդվել այս մեխանիզմներով»,- հավելել է գործակալությունը։

Հայտարարությունում հաստատվում է, որ ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցների ցանկում ընդգրկված են նաև իրանական այն ավիաընկերությունները, որոնք «այսօրվա դրությամբ օդային հաղորդակցություն են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև»։

«Համապատասխանաբար, ինչպես մյուս դեպքերում, այս անգամ ևս վրացական կողմը կգործի միջազգային պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան»,- ասվում է հայտարարությունում։

Գործակալությունը նաև նշել է, որ տարիներ շարունակ ԱՄՆ պետական գերատեսչությունների սահմանած պատժամիջոցների ցանկերն օգտագործում է որպես լրացուցիչ վերահսկող գործիք՝ Վրաստանի ներքին ավիացիոն շուկայի և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար․ 

Հայտարարությունում չի նշվում, թե երբ է որոշումն ուժի մեջ մտնելու։ Սակայն հրապարակման պահին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի չվացուցակում դեռ նշված էին դեպի Թեհրան երեք չվերթ։ Չվերթները նախատեսվում էր իրականացնել Fly Kish Airlines, Varesh Airlines և Sepehran Airlines ավիաընկերությունների միջոցով, որոնք երեքն էլ ընդգրկվել են պատժամիջոցների վերջին ցանկում։

OC Media-ն դիմել էր գործակալությանը՝ պարզելու, թե արդյոք որոշվել է, երբ են այս ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելու, սակայն գործակալության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել։

Ավելի վաղ՝ օգոստոսին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց այն կառույցների նկատմամբ, որոնք նկարագրել էր որպես «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և ապօրինի ֆինանսական գործունեությունը ֆինանսավորող կրիպտոբորսաներ»։ Պատժամիջոցների տակ հայտնվածների թվում էր նաև Shelbit կրիպտոընկերությունը, որը Վրաստանում հիմնել է Իրանի քաղաքացի։

Տե՛ս նաև՝ ԱՄՆ-ն Իրանի հետ կապերի համար պատժամիջոցներ է սահմանել Թբիլիսիում հիմնադրված ընկերության նկատմամբ

Ի պատասխան՝ Վրաստանի Ազգային բանկն այն ժամանակ հայտարարեց, որ Shelbit-ը չի կարգավորվում իր կողմից և բանկին գրանցման դիմում չի ներկայացրել։

Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցներին Վրաստանի հետևելու հարցը վերջին շրջանում հակասությունների առարկա է դարձել։ Վրաստանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել երկրում իրանական կառույցների ներկայության և պատժամիջոցները շրջանցելու համար Վրաստանն օգտագործելու ենթադրյալ փորձերի մասին քննարկումներին։

Մարտին Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն սկսեց և մի քանի անձանց հարցաքննության կանչեց երկրում Իրանի ենթադրաբար աճող ազդեցության և գործունեության վերաբերյալ նրանց հայտարարությունների պատճառով։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում