Գլխավոր Լրահոս

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր Գիորգի Բարամիձեն, որն ասել է՝ վրացիները սպանել են աբխազ ռազմագերիներին

Գիորգի (Գիա) Բարամիձեն

Գիորգի (Գիա) Բարամիձեն

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի նախկին պաշտոնյա, ներկայում ընդդիմադիր գործիչ Գիորգի (Գիա) Բարամիձեն սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է իր տանը։ Օգոստոսից նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում ենթադրյալ դիվերսիայի և պետական դավաճանության մեղադրանքով․ նա հայտարարել էր, որ 1992-1993-ի պատերազմի ժամանակ վրացիները մահապատժի են ենթարկել աբխազ ռազմագերիներին։

«Այս պարոնները հենց նոր եկան և ասացին, որ ինձ ձերբակալում են Վրաստանի դեմ պետական դավաճանության համար»,- ասել է Բարամիձեն ընտանիքի անդամներից մեկի հրապարակած ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

OC Media-ն դիմել է հետաքննությունն իրականացնող Գլխավոր դատախազությանը, սակայն գերատեսչությունն առայժմ չի մեկնաբանել։

Բարամիձեն առաջին հանրայնորեն հայտնի անձն է, որի նկատմամբ կիրառվում է պետական դավաճանության մասին դրույթը, որը 2025-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Քրեական օրենսգրքում վերականգնեց։ Դրույթն առանձին պատիժ չի սահմանում, այլ թվարկում է այն հանցագործությունները, որոնք կարող են նաև պետական դավաճանություն համարվել։

Հուլիսի 18-ին հրապարակված հարցազրույցի հատվածում Բարամիձեն, որը «Միացյալ ազգային շարժման» իշխանության տարիներին մի շարք պաշտոններ է զբաղեցրել, խոսում է պատերազմի ժամանակ գերիների փոխանակման մասին։ Նա պնդում է, որ պատերազմի ինչ-որ փուլում աբխազները դադարեցին վրացի ռազմագերիներին փոխանակել, քանի որ վրացի մարտիկները աբխազ մարտիկներին գերի վերցնելու փոխարեն սպանում էին։

«Ինչո՞ւ էր դա պետք»,- Բարամիձեին հարցնում է Խվիչիան։

«Իհարկե, պետք չէր, բայց երբ ինչ-որ մեկը սպանում է քո զարմիկին, եղբորը, ընկերոջը, շատ դժվար է զսպել զգացմունքները»,- ասել էր նա։

Հարցին՝ արդյոք աբխազական կողմն էլ էր սպանում պատերազմի ժամանակ գերեվարվածներին, Բարամիձեն պատասխանել է՝ ոչ։

«Այնտեղ կարգապահություն կար։ Որովհետև այնտեղ ռուսական կարգապահություն կար, և նրանք գերի էին վերցնում»,- ասել է նա։

Մինչ մեղադրանք առաջադրելը Բարամիձեն Facebook-ում տեսաուղերձ էր հրապարակել՝ ասելով, որ իր խոսքերը «լրատվամիջոցները խեղաթյուրել են», «հասարակությունը ճիշտ չի հասկացել» և սխալ է մեկնաբանել։

«Շատերն անգամ չեն տեսել այս հարցազրույցը և սկսել են քննարկել տարածված հատվածը՝ առանց այն վերլուծելու»,- ասել է նա՝ շեշտելով, որ նկատի չի ունեցել, թե վրացական պետությունը կամ վրացական բանակն էին մահապատժի ենթարկում ռազմագերիներին։

««Նրանց սպանում էին» չի նշանակում, որ մեր պետությունն ու վրացական բանակն էին սպանում [ռազմագերիներին]։ Մենք թշնամու դեմ կենաց-մահու պայքար էինք մղում և պարզապես գերի չէինք վերցնում։ Սա սովորական պատմություն է՝ երբ մարդու հորը, որդուն կամ զարմիկին սպանում են, զարմանալի չէ, որ նա թշնամուն չի խնայի»։

Բարամիձեն քննադատել է մեղադրանքները՝ Գլխավոր դատախազությանը հայտարարելով, որ հետապնդումից «չի վախենում»։

«Ես միշտ ճշմարտացի եմ եղել հայրենիքի, Աստծո և իմ խղճի առաջ, և ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ճշմարտությունը»,- ասել է նա։

Բարամիձեն «Միացյալ ազգային շարժման» իշխանության տարիներին զբաղեցրել է պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները։ Նա նաև եղել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար և փոխվարչապետ։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում